ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.2. Հարուցված քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջնորդությունը, եթե դրանք վերաբերում են՝
1) կասկածյալին.
2) մեղադրյալին.
3) այն ֆիզիկական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա եւ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջեւ առկա է անմիջական կապ, եւ նրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին.
4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որեւէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, եւ դրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Եթե հետաքննության կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով տեղեկություններ են հավաքվել դատավարության մասնակից չհանդիսացող անձի վերաբերյալ, ապա քննիչը նրան հայտնում է այդպիսի տեղեկություններ պարունակող գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքի մասին, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական գործ է հարուցվել:»:
Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Եթե հետաքննության կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով տեղեկություններ են հավաքվել դատավարության մասնակից չհանդիսացող անձի վերաբերյալ, ապա քննիչն այդ մասին հաղորդում է նրան եւ որոշում այդպիսի տեղեկություններ պարունակող գործի նյութերին նրա ծանոթանալու ժամանակը եւ տեղը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական գործ է հարուցվել:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ դատավարության մասնակից չհանդիսացող անձը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, ապա քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչեւ 2 օր ժամկետով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատավարության յուրաքանչյուր մասնակցի գործին ծանոթացնելու մասին» բառերը փոխարինել «Գործին ծանոթացող յուրաքանչյուր անձին գործի նյութերին ծանոթացնելու մասին» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ բաժնով.
«ԲԱԺԻՆ 9.2
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ
ԳԼՈՒԽ 45.3
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 375.19. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը եւ պայմանները
1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:
2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
1) մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով.
2) չեն ձեռնարկվել անհրաժեշտ եւ բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար.
3) մեղադրյալն անչափահաս է.
4) մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:
3. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
Հոդված 375.20. Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող նախաքննությունը
1. Սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության եւ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում քննիչը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Այդ որոշումը կարող է կայացվել մինչեւ նախաքննության ավարտը:
2. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:
3. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո անհապաղ քննիչն այդ որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաեւ դատավարության մասնակիցներին:
4. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որեւէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը եւ տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաեւ գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու եւ այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետեւանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան:
5. Եթե մինչեւ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի առաջադրվել, ապա մեղադրանք առաջադրելու՝ սույն օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետն սկսում է հոսել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով քրեական գործով վարույթին պաշտպան ներգրավելու պահից:
6. Մեղադրանքն առաջադրված է համարվում որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպանին տրամադրելու, ինչպես նաեւ նրան դրա էությունը բացատրելու պահից: Այդ գործողությունների կատարումը հաստատվում է համապատասխան արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը եւ պաշտպանը:
7. Մեղադրանք առաջադրելու պահից սկսած՝ մեղադրյալի՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներն իրականացվում են միայն պաշտպանի միջոցով: Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում:
8. Պաշտպանը կարող է ընդունել դեպքի հետ մեղադրյալի առնչությունը կամ նրա մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ եւ պատշաճ ձեւով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին:
Հոդված 375.21. Նախաքննության ընթացքում հեռակա վարույթի դադարեցումը
1. Եթե նախաքննության ընթացքում վերանում է սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, կամ առաջանում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններից որեւէ մեկը, ապա քննիչը որոշում է կայացնում քրեական գործով վարույթը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով շարունակելու մասին:
2. Քրեական գործով վարույթն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշում կայացնելու դեպքում քննիչը դրա պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին եւ դատավարության մասնակիցներին:
Հոդված 375.22. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը
1. Սույն օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված կարգով գործը դատարան ուղարկելիս դատախազը համապատասխան որոշման մեջ նշում է կատարում նախաքննությունը հեռակա կարգով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ հարուցում է միջնորդություն մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին, եթե չի վերացել սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, կամ չի առաջացել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններից որեւէ մեկը:
2. Մեղադրողի կողմից մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ դատաքննությունն սկսվելը:
Հոդված 375.23. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդության լուծումը
1. Մինչեւ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսելը դատարանը պարզում է, թե արդյոք խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը պաշտպանին հանձնված չլինելու դեպքում դատական նիստը հետաձգվում է երեք օրով՝ պաշտպանին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը:
2. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսվում է մեղադրողի կողմից սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի եւ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության մասին տվյալների ներկայացմամբ:
3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, բավարարում է մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը, եթե՝
1) առկա է հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքը.
2) բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները.
3) հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահին մեղադրյալն ունեցել է քրեական գործով վարույթին ներգրավված պաշտպան, կամ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո պաշտպանը քրեական գործով վարույթին ներգրավվել է սույն օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին:
5. Եթե ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքն ի հայտ է եկել դատաքննության ընթացքում, եւ միաժամանակ բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները, ապա դատարանը, լսելով կողմերի կարծիքները, սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրողի միջնորդությամբ կարող է մինչեւ դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Այս որոշումը կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում:
Հոդված 375.24. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության եւ դատավճիռ կայացնելու կարգը
1. Հեռակա կարգով դատական քննությունն իրականացվում, եւ դատավճիռը կայացվում է սույն օրենսգրքի 41-45-րդ գլուխներով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:
2. Հեռակա կարգով դատական քննության ընթացքում ամբաստանյալի կողմից սույն օրենսգրքով սահմանված իրավունքները կարող են իրականացվել միայն պաշտպանի միջոցով: Ամբաստանյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում:
3. Եթե մեղադրյալը նախաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել, ապա այն հրապարակվում է սույն օրենսգրքի 337-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե դատական քննության ընթացքում վերանում է հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքը, կամ առաջանում է հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որեւէ մեկը, ապա վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ամբաստանյալին տրամադրվում է ողջամիտ ժամկետ գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար:
Հոդված 375.25. Հեռակա կարգով դատական քննության արդյունքով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման առանձնահատկությունները
1. Հեռակա կարգով դատական քննության արդյունքով կայացված օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Հեռակա կարգով դատական քննության արդյունքով կայացված օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը ամբաստանյալի կողմից կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով, եթե նախկինում այն ամբաստանյալի կողմից նույն հիմքով բողոքարկված չի եղել:
3. Սույն օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բեկանելու դեպքում նոր քննության ժամանակ հեռակա կարգով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն կարող օգտագործվել:
Հոդված 375.26. Հեռակա կարգով դատական քննության արդյունքով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտն ի կատար ածելու առանձնահատկությունը
1. Սույն օրենսգրքի 375.25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ ընդունելու դեպքում պատժի կրումը կասեցվում է:»:
Հոդված 6. Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.
«4.2) առաջին ատյանի դատարանի՝ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին որոշումը.»:
Հոդված 7. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «տեղավորման» բառից հետո լրացնել «, հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 390-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենսգրքի 45.3-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությանը ամբաստանյալի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:»:
Հոդված 9. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքի բացակայության կամ հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում իրականացվել է հեռակա կարգով դատական քննություն:».
2) 4-րդ մասի «իսկ» բառը հանել, իսկ նույն մասը «հետապնդումը» բառից հետո լրացնել «, իսկ 12-րդ կետով նախատեսված դեպքում բեկանում է դատավճիռը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության» բառերով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.07.2021
Երեւան
ՀՕ-307-Ն