Armenian      
Պրոբացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2018

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «խորհրդատվական զեկույց» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «զեկույց» բառով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «փոխարինելու» բառից հետո լրացնել «վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերով, իսկ նույն մասի «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է դատարանի պահանջի հիման վրա, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում:».

3) 4-րդ մասի «մարմին» բառը փոխարինել «դատարան» բառով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: Այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.06.2018
ՀՕ-335-Ն