ՕՐԵՆՔԸ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ունենալ գործարար վարվելակերպի կանոններ: Գործարար վարվելակերպի կանոններով պետք է առնվազն կարգավորվեն`
1) ապահովագրական ընկերության եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը եւ մարկետինգային գործունեությունը.
2) հաճախորդների հետ կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները.
3) մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ցանկը եւ այդ տեղեկատվության տրամադրման ձեւը եւ կարգը, ինչպես նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման կարգը.
4) հաճախորդների կողմից ապահովագրական ընկերություններին իրենց ապահովագրության դասերի շրջանակներում նոր ապահովագրական ծառայությունների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու ու այդ առաջարկի քննարկման ընթացակարգը.
5) հաճախորդների անհատական տվյալների պահպանման եւ դրանց անվտանգ օգտագործման կարգը.
6) հաճախորդների հետ վարվելակերպի կարգը.
7) հաճախորդներին ապահովագրական հատուցում տրամադրելու կարգը.
8) հաճախորդների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր:
Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ապահովագրական ընկերությունների գործարար վարվելակերպի կանոնների կամ դրանց մի մասի բովանդակության նկատմամբ կարող են սահմանվել մանրամասն պահանջներ:
Գործարար վարվելակերպի կանոնների պահանջները խախտելու դեպքում պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ օրենքներով:
3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետեւել սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ:
Սույն մասի երկրորդ պարբերությունը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունների կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որեւէ իրավունք, սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առեւտրային արբիտրաժ:»:
Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Ֆիզիկական անձ հաճախորդն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (այսուհետ՝ մտածելու ժամանակ): Այդ դեպքում ապահովագրության պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ապահովագրության պայմանագիրը լուծելու մասին ապահովագրական ընկերությանը ծանուցելու օրվան հաջորդող օրվանից, եւ ապահովագրական ընկերությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին համամասնական կարգով վճարել պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները: Ապահովագրության պայմանագրի հետ կապված որեւէ այլ վճար հաճախորդից պահանջվել չի կարող, բացառությամբ ապահովագրության պայմանագրի հետ կապված կատարած փաստացի ծախսերի, որոնց սահմանափակումները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Ընդ որում, հաճախորդը ծանուցման հետ պարտավոր է ապահովագրական ընկերությանը վերադարձնել վկայագրի բնօրինակը, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված ապահովագրական ընկերության տրամադրած այլ փաստաթղթեր:
Մտածելու ժամանակը չի կիրառվում հետեւյալ դեպքերում.
1) ապահովագրության պայմանագրի ժամկետը չի գերազանցում մեկ ամիսը, եւ (կամ) պայմանագրով նախատեսված ապահովագրությունը գործում է մինչեւ մեկ ամիս ժամկետով.
2) պարտադիր ապահովագրության դեպքում.
3) ապահովագրության պայմանագրի կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդը դիմել է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով:
Մտածելու ժամանակի ընթացքում ապահովագրության պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունքից չօգտվելը չի բացառում ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը:
Ֆիզիկական անձ հաճախորդը իրավունք չունի պահանջելու ապահովագրական հատուցում մտածելու ժամանակի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար հետեւյալ պայմանների միաժամանակ առկայության դեպքում.
ա. մտածելու ժամանակի ընթացքում պատահարի մասին նա չի ծանուցել ապահովագրական ընկերությանը,
բ. եթե այդ պատահարը տեղի ունենալուց հետո ֆիզիկական անձ հաճախորդը մինչեւ մտածելու ժամանակի ավարտը ծանուցել է ապահովագրական ընկերությանը պայմանագիրը լուծելու մասին:»:
Հոդված 3. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Ընկերությունների կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության եւ տեղեկատվության հրապարակման կարգին վերաբերող այլ պահանջներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 81-րդ հոդվածի 3.2-րդ մասի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2015
ՀՕ-196