ՕՐԵՆՔԸ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 4. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված լինելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման պահից նրանց ուղղորդման, նրանց վերաբերյալ տեղեկատվության կուտակման եւ փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման, աջակցության եւ պաշտպանության ապահովման, մտորման ժամկետի ընձեռնման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի նպատակը
1. Սույն օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:
Հոդված 3. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին օրենսդրությունը
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաեւ շահագործման նպատակով երեխային կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը.
2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ՝ ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման.
3) հավանական զոհ՝ նախանույնացման փուլում գտնվող անձ, որի վերաբերյալ դեռ չի կայացվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին որոշում, եւ դեռեւս պարզ չէ տվյալ անձի զոհ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը.
4) զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ.
5) հատուկ կատեգորիայի զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ.
6) երեխա՝ 18 տարին չլրացած անձ, ինչպես նաեւ անձ, որի տարիքը անհայտ է, բայց կան ողջամիտ կասկածներ, որ չի լրացել նրա 18 տարին.
7) ուղղորդում՝ սույն օրենքով նախատեսված նպատակներով անձի եւ համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի, հասարակական կամ այլ կազմակերպության միջեւ կապի ստեղծումը եւ (կամ) այդ անձի շահերին առնչվող խնդիրների լուծումը համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին, հասարակական կամ այլ կազմակերպություն փոխանցելը.
8) ինքնանույնացված զոհ՝ անձ, որն իր նկատմամբ կատարված գործողությունները գնահատելով՝ համարում է, որ ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման.
9) նույնացման ներկայացում՝ հավանական զոհի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով ներկայացնելը:
Հոդված 5. Օրենքի գործողության շրջանակը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված այն անձանց նկատմամբ, որոնք՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ եւ հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
2) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են (այսուհետ՝ օտարերկրացի) եւ հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ եւ հայտնաբերման պահին գտնվում են օտարերկրյա պետությունում:
Հոդված 6. Օրենքի սկզբունքները
1. Սույն օրենքով սահմանված դրույթները հիմնված են մարդասիրության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրինականության, անկողմնակալության եւ անաչառության սկզբունքների վրա:
2. Սույն օրենքով սահմանված դրույթները իրագործվում են բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների եւ մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրա շահերից՝ բացառելով մարդու կյանքը եւ արժանապատվությունը որեւէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը:
Հոդված 7. Հրապարակումների սահմանափակումը
1. Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը, բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 8. Պատասխանատվությունից ազատելը
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն օրենքով սահմանված հիմքերով ազատվում է այն իրավախախտումների համար քրեական եւ վարչական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը
1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է:
2. Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը:
3. Խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաեւ շահագրգիռ՝ պետական մարմինների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
4. Խորհրդի աշխատակարգը եւ կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հոդված 10. Գործընկեր հասարակական կազմակերպությունը
1. Գործընկեր հասարակական կազմակերպությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է խորհրդի ստորագրած համապատասխան փոխըմբռնման հուշագրով:
2. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի կարգավիճակ: Գործընկեր հասարակական կազմակերպությունը ստանձնում է իրավասու մարմնի համար սույն օրենքով սահմանված իրավունքներ եւ պարտավորություններ:
3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են գործընկեր հասարակական կազմակերպություններին սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար:
4. Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 11. Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը
1. Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը (այսուհետ՝ նույնացման հանձնաժողով) մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է: Սույն օրենքով նախատեսված համապատասխան աջակցության եւ պաշտպանության տրամադրման նպատակով մարդը կարող է ճանաչվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ բացառապես նույնացման հանձնաժողովի կողմից, անդամների բաց քվեարկությամբ, մեծամասնական սկզբունքով: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, ապա նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
2. Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նույնացման հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Հանձնաժողովն ունենում է պահեստային անդամներ, որոնք անհրաժեշտության դեպքում նիստերի ընթացքում փոխարինում են բացակա հիմնական անդամներին: Նույնացման հանձնաժողովի հիմնական եւ պահեստային կազմերը խորհրդի ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
4. Նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 12. Նախանույնացում իրականացնելու եւ հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները
1. Նախանույնացում իրականացնելու եւ հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ իրավասու մարմիններ):
2. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով եւ այլն:
3. Սույն օրենքով սահմանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իրավասու մարմիններն ակտիվորեն փոխհամագործակցում եւ օգտագործում են միմյանց հնարավորությունները:
4. Սույն օրենքով սահմանված դրույթների կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորված են հանդես գալու եւ միմյանց միջեւ, ինչպես նաեւ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունն իրականացնելու համապատասխան մասնագիտացված կամ պատասխանատու ստորաբաժանումների միջոցով:
5. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս oժանդակում են իրավասու մարմնին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնին տրամադրում անձի կամ նրա հետ կապված հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման ներքո առկա անհրաժեշտ տեղեկությունները:
6. Իրավասու մարմինները, մարդու իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին համահունչ, օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց հայտնի դարձած անձնական եւ այլ տեղեկությունների գաղտնիությունը:
ԳԼՈՒԽ 3
Հոդված 13. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը եւ տեղեկությունների փոխանցումը
1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, խրախուսվում են սեղմ ժամկետում իրավասու որեւէ մարմնի տեղյակ պահել իրենց հայտնի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող հանցագործության դեպքերի մասին:
2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները յուրաքանչյուր այն կասկածի դեպքում, որ իրենց գործառույթներից բխող շփման տիրույթում հայտնված անձը հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, անձի վերաբերյալ տեղեկությունը սեղմ ժամկետում փոխանցում են կամ անձի գրավոր համաձայնության առկայության պարագայում նրան ուղղորդում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն են ուղղորդվում նաեւ նույնացման հանձնաժողովին անմիջականորեն դիմած ինքնանույնացված զոհերը:
3. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հոդված 14. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ամբողջական գործընթաց է, որը բաղկացած է նախանույնացման՝ անձի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող փաստերի կուտակման փուլից եւ նույնացման՝ անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու ընթացակարգից:
2. Անձը համարվում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն այն դեպքում, եթե նա այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ:
3. Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը եւ քրեադատավարական նորմերին համապատասխան նրան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են եւ որեւէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք համարվող տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:
Հոդված 15. Նախանույնացման փուլը
1. Նախանույնացման փուլը հավանական զոհերին նույնացման ներկայացնելու նախապատրաստական փուլ է, որի ընթացքում իրավասու մարմիններն անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող հնարավորինս ամբողջական եւ հիմնավոր տեղեկություններ են կուտակում:
2. Նախանույնացման ընթացքում իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ պարզելու հավանական զոհի ինքնությունը, քաղաքացիությունը, տարիքը, հոգեկան խանգարման առկայության հանգամանքը, ինչպես նաեւ ապահովելու հավանական զոհի եւ նրա նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ տեղեկությունների ամբողջականությունը՝ այդ նպատակով ակտիվ համագործակցելով ինչպես միմյանց, այնպես էլ այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ:
3. Կախված գործունեության յուրահատկություններից՝ իրավասու մարմիններն ինքնուրույն են որոշում նախանույնացման ընթացքում տեղեկությունների ստացման՝ օրենքով ձեւերն ու մեթոդները օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: Այդպիսի տեղեկությունները կարող են ստացվել հայտնաբերված անձի, այլ անձանց հետ հարցազրույցների (այդ թվում՝ տարբեր նպատակային հարցաշարերի օգտագործմամբ), անձի հայտնած հանգամանքները հավաստող կամ հերքող փաստաթղթերի եւ այլ ապացույցների ուսումնասիրման, պարզաբանման կամ այլ միջոցով:
4. Օտարերկրյա պետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախանույնացման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային, հասարակական եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ տվյալ պետության իրավապահ մարմինների օժանդակությամբ:
Հոդված 16. Տեղեկությունների փոխանցումը նախանույնացման փուլում
1. Իրավասու մարմինը հայտնաբերված անձին ընդունելիս անձի վերաբերյալ տեղեկությունները ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում բանավոր, այնուհետեւ գրավոր հայտնում է նույնացման հանձնաժողովի նախագահին:
2. Այն դեպքերում, երբ հավանական զոհը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ունի Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ օտարերկրացի է եւ հայտնաբերման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա այդ անձանց մասին տեղեկություններն ստացած իրավասու մարմինները դրանք անհապաղ հայտնում են նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հոդված 17. Նախանույնացման ժամկետները
1. Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչեւ նրան նույնացման ներկայացնելը եւ չի գերազանցում 10 օրը:
2. Բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցող բավարար տեղեկություններ, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը եւս 10 օրով:
3. Օտարերկրացի հավանական զոհին վերաբերող դեպքերում, երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված մարդկանց թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչեւ տվյալ անձին ընձեռնված մտորման ժամկետի ավարտը:
4. Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:
Հոդված 18. Նույնացման ընթացակարգը
1. Նախանույնացման համար սահմանված ժամկետներն ավարտվելուց անմիջապես հետո կամ նշված ժամկետներից շուտ անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հաստատող կամ հերքող անհրաժեշտ բավարար հիմքեր կուտակելուց հետո, իրավասու մարմինը նույնացման հանձնաժողովի նախագահին գրավոր իրազեկում է հավանական զոհին նույնացման ներկայացնելու անհրաժեշտության մասին եւ միջնորդում հրավիրել նույնացման նիստ:
2. Իրազեկումը ստանալու պահից երկու օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը հրավիրում է նույնացման նիստ՝ ապահովելով անդամների եւ նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնի ներկայացուցչի, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում խորհրդատուի կարգավիճակով՝ հոգեբանների, մանկավարժների եւ այլ մասնագետների մասնակցությունը:
3. Հանձնաժողովի՝ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի մասնակցությամբ իրենց նույնացման աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, օրինական ներկայացուցչի եւ համապատասխան մասնագետների մասնակցությունը պարտադիր է:
4. Հավանական զոհին նույնացման ներկայացնելը չի նշանակում ապահովել նրա ֆիզիկական մասնակցությունը նույնացման հանձնաժողովի նիստերին: Հավանական զոհը նույնացման հանձնաժողովի իրեն վերաբերող նիստին ֆիզիկապես կարող է մասնակցել կամ ներկա լինել միայն իր նախաձեռնությամբ կամ նույնացման հանձնաժողովի պահանջով:
5. Նիստի ժամանակ իրավասու մարմինը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հավանական զոհի վերաբերյալ նախանույնացման փուլում կուտակված տեղեկությունները, փաստերն ու ապացույցները եւ դրանց հիման վրա ձեւավորված՝ իրավասու մարմնի հիմնավոր, գրավոր կարծիքը՝ անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու կամ այն հերքելու մասին, որում շարադրվում է նաեւ առկա տեղեկությունների տրամաբանական այն շղթան, որը հանգեցրել է այդպիսի կարծիքի:
6. Ներկայացված նյութերն ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո, եթե որոշում կայացնելու համար դրանք գնահատվում են ոչ բավարար, նույնացման հանձնաժողովը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաեւ հարցազրույց հավանական զոհի հետ: Կարող են ներգրավվել նաեւ անձին հայտնաբերած պաշտոնյաները կամ այլ անձինք:
7. Նույնացման նիստի արդյունքում կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համարել արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման եւ ճանաչել նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ.
2) համարել ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման.
3) երկարաձգել նախանույնացման փուլը մինչեւ նախանույնացման համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը:
8. Անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելն արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ նրան տրվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ եւ իրավունք՝ ստանալու համապատասխանաբար զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար սույն օրենքով նախատեսված աջակցություն եւ պաշտպանություն:
9. Անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելը ոչ արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է այդ անձի նախանույնացումը եւ հավանական զոհի համար սույն օրենքով նախատեսված աջակցության եւ պաշտպանության տրամադրումը:
10. Նույնացման հանձնաժողովի որոշումները ստորագրում են նույնացման նիստին մասնակից հանձնաժողովի անդամները: Նույնացման նիստի որոշման մեկական օրինակ տրվում է նույնացման ներկայացված անձին եւ այդ նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին: Նույնացման նիստի մասնակիցների առարկությունների եւ առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրության մեջ:
11. Նույնացման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 19. Մտորման ժամկետը
1. Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք եւ հնարավորություն է ընձեռվում օտարերկրացի հավանական զոհին, զոհին եւ հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից, մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբազատվել մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրականացրած անձանց ազդեցությունից, վերականգնվել պատճառված ֆիզիկական վնասվածքների հետեւանքներից, ինչպես նաեւ կայացնել սթափ եւ կշռադատված որոշումներ:
2. Օտարերկրացի բոլոր հավանական զոհերը, զոհերն ու հատուկ կատեգորիայի զոհերն ունեն մտորման ժամկետի իրավունք: Այդ իրավունքն ընձեռվում է նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ:
3. Մտորման ժամկետը հաշվարկվում է օտարերկրացի հավանական զոհին իրավասու մարմնի ընդունելու պահից եւ սահմանվում 30 օր ժամկետով: Մտորման ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա կայացված նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչեւ 30 օրով:
4. Նշված ժամկետներից շուտ մտորման ժամկետը կարող է դադարեցվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ միայն այն դեպքում, երբ ի հայտ են գալիս ակնհայտ փաստեր, որ անձը չի կարող հանդիսանալ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, կամ հավանական զոհի նախաձեռնությամբ:
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացուն մտորման ժամկետի ընթացքում արտաքսելը կամ նրան Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով նշված ժամանակահատվածում բնակվելու համար պատասխանատվության ենթարկելը:
6. Մտորման ժամկետի համար նախատեսված դրույթները որեւէ կերպ հիմք չեն սահմանափակելու իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների բացահայտմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
ԳԼՈՒԽ 4
Հոդված 20. Աջակցությունը եւ պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր զոհ եւ հատուկ կատեգորիայի զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն եւ պաշտպանություն ստանալու իրավունք:
2. Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության եւ աջակցության ձեւերը, տեսակները, տեւողությունը, չափերը որեւէ կերպ չեն կարող փոխկապակցված կամ պայմանավորված լինել իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործողություններին նրանց մասնակցության հանգամանքով: Աջակցության եւ պաշտպանության տրամադրումը չի կարող հետապնդել տրամադրված ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որեւէ փոխհատուցում ստանալու ակնկալիք:
3. Աջակցության տրամադրումը ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
4. Նախանույնացման փուլում անձը չի համարվում զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, եւ նրա նկատմամբ չեն կիրառվում զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի համար նախատեսված աջակցության եւ պաշտպանության միջոցները, բացառությամբ մարդասիրական դրդումներով անհրաժեշտ, սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջոցների:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ապահովում է սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը՝ բացառելով նույն զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին նույն հիմքերով նույնաբովանդակ աջակցության տրամադրումը տարբեր իրավական ակտերի շրջանակներում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Հոդված 21. Աջակցությունը նախանույնացման փուլում
1. Այն անձը, որը նախանույնացման փուլում նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի գնահատմամբ կամ իր հայտարարությամբ ակնհայտորեն կարիք ունի անհետաձգելի աջակցության, իր ցանկությամբ կամ իր գրավոր համաձայնության պարագայում այդ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում ուղղորդվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու անհետաձգելի աջակցության տրամադրումը՝ այդ նպատակով օգտագործելով գործընկեր հասարակական կազմակերպությունների կամ այլ հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունները:
2. Անհրաժեշտությունից ելնելով՝ իրավասու մարմինը կարող է պահանջվող գործողությունների իրականացմանը պետական կառավարման այլ մարմնի միջոցով ներգրավել նաեւ օտարերկրյա պետություններում գործող համապատասխան հասարակական եւ (կամ) այլ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական միավորներին:
3. Նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ հավանական զոհը իրեն հասկանալի լեզվով իրազեկվում է իր իրավունքների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դրույթների մասին:
Հավանական զոհերի աջակցությունը կարող է ներառել նաեւ՝
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2) նախանույնացման փուլի տեւողությամբ ժամանակավոր կացարանի տրամադրում՝ նաեւ օրինական ներկայացուցչի եւ խնամքի տակ գտնվող երեխաների համար.
3) հիմնական կրթության ապահովում.
4) առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն.
5) առաջնային հոգեբանական օգնություն.
6) ընդհանուր բնույթի խորհրդատվություն.
7) խնամքի տրամադրում:
Հոդված 22. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությունը
1. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, որը համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների եւ կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական եւ բժշկական հաստատությունները), ուղղված զոհերի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:
2. Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը նպատակաուղղված է նրանց կյանքի բնականոն ընթացքից մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկվելու հետեւանքով առաջացած շեղումների վերացմանը, զոհերի՝ հասարակությանը լիարժեք սոցիալական վերաինտեգրմանը:
Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը կարող է ներառել՝
1) կացարանի տրամադրում.
2) բնաիրային օգնություն.
3) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
4) բժշկական օգնություն եւ սպասարկում.
5) հոգեբանական օգնություն.
6) խորհրդատվական օգնություն.
7) իրավաբանական օգնություն.
8) խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում.
9) թարգմանչական ծառայությունների մատուցում.
10) հիմնական կրթության ապահովում.
11) միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում.
12) աշխատանքի ապահովում.
13) անվտանգ վերադարձի կազմակերպում.
14) միանվագ դրամական փոխհատուցում:
3. Կացարանի տրամադրումը զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին, ինչպես նաեւ նրանց օրինական ներկայացուցչին ու խնամքի տակ գտնվող երեխաներին անհրաժեշտության եւ նրանց համաձայնության դեպքում բնակելի տարածքով ապահովումն է: Այդպիսի կացարան կարող են հանդիսանալ՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների ապաստարանները, խնամք եւ պաշտպանություն իրականացնող կամ օթեւան տրամադրելու հնարավորությամբ այլ հաստատությունները, պետության կողմից տրամադրվող բնակելի տարածքները:
4. Բնաիրային օգնությունը uննդի, հագուuտի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումն է ինչպես զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին, այնպես էլ նրանց խնամքի տակ գտնվող անձանց:
5. Անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը կամ վերականգնումը նպատակ է հետապնդում վերականգնել կամ դրանց ի սկզբանե բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի բացակայող կամ անվավեր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածով նախատեսված աջակցության այլ տեսակների տրամադրումն ապահովելու համար: Այդպիսի փաստաթուղթ կարող են հանդիսանալ անձնագիրը, ատեստատը, դիպլոմը, վարորդական իրավունքի վկայականը, աշխատանքային գրքույկը, ծննդյան վկայականը եւ անհրաժեշտ այլ փաստաթղթերը:
6. Բժշկական օգնությունը եւ սպասարկումն աջակցության այն տեսակն են, որոնց ապահովումն ուղղված է զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկվելու պատճառով ձեռք բերած վնասվածքների եւ հիվանդությունների հայտնաբերմանը եւ դրանց բուժմանը:
7. Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը եւ այլ ձեւեր, որոնց առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների եւ տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների օգտագործմամբ նպատակային ազդեցություն իրականացնել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի վրա նրանց հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու եւ սթրեսային վիճակներին դիմակայելու համար:
8. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկման հետեւանքով uտեղծված իրավիճակից դուրu գալու, uոցիալական խնդիրների լուծման ուղիներ եւ եղանակներ գտնելու միջոցներին, հասարակությանը սոցիալական վերաինտեգրմանն ուղղված խորհուրդների եւ առաջարկությունների, ինչպեu նաեւ համարժեք ծառայություններ uտանալու վերաբերյալ զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին եւ նրանց օրինական ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրումն է:
9. Իրավաբանական օգնությունն իրավաբանական խորհրդատվություն է, ինչպեu նաեւ անձի իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանության նպատակով փաuտաբանական oգնության կազմակերպում:
10. Խնամքի տրամադրումը (ներառյալ՝ համապատասխան հաստատությունում) նախատեսված է ինչպես հատուկ կատեգորիայի զոհերի, այնպես էլ ծեր կամ հաշմանդամ զոհերի համար: Խնամքը, ըստ կարիքի, կարող է տրամադրվել շուրջօրյա կամ միայն ցերեկային ժամերին, տնային պայմաններում, կացարանում, բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություններում կամ uոցիալ-վերականգնողական կենտրոններում կամ համապատասխան մասնագիտացված հատատությունում: Խնամքի տրամադրման շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ապահովվում են ընտանեկանին առավել մոտ uոցիալ-կենցաղային պայմաններով, ծեր, հաշմանդամ զոհերը՝ իրենց հարազատ uոցիալական միջավայրում մնալու հնարավորությամբ: Խնամքը տրամադրվում է դիետիկ uննդի, բժշկական, uանիտարահիգիենիկ uպաuարկման, հատուկ տրանuպորտային միջոցների, հաշմանդամների վերականգնողական տեխնիկական միջոցների, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի դիuպանuերիզացման եւ հոuպիտալացման եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով: Մահամերձ վիճակում գտնվող զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվում է հոuպիuային oգնություն` կյանքի վերջին ամիuների, oրերի ընթացքում ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները թեթեւացնելու նպատակով:
11. Թարգմանչական ծառայությունները մատուցվում են անհրաժեշտությունից ելնելով, տարբեր փաստաթղթերի գրավոր թարգմանության, ինչպես նաեւ զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի հետ կապված գործընթացների ժամանակ նրանց նախընտրելի լեզվով բանավոր թարգմանության ձեւով:
12. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերը մինչեւ աջակցության դադարեցումն ապահովվում են հիմնական կրթությամբ: Այդ կրթությունը, ըստ նպատակահարմարության, կարող է մատուցվել ինչպես մասնավոր դասընթացների, այնպես էլ հանրակրթական կամ հատուկ դպրոցներում աշակերտելու միջոցով:
13. Միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովումը նպատակաուղղված է զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին հնարավորություն ընձեռել վերականգնելու կամ ստանալու միջնակարգ կրթություն կամ արհեստագործական այնպիսի ունակություններ, որոնք թույլ կտան հետագայում գտնելու համապատասխան աշխատանք:
14. Աշխատանքի ապահովումը զոհերին եւ, ըստ նպատակահարմարության, հատուկ կատեգորիայի զոհերին առաջնահերթության կարգով, իրենց համար նարխընտրելի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքով ապահովելն է:
15. Անվտանգ վերադարձի կազմակերպումը, որպես աջակցության տեսակ, տրամադրվում է այն զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին, որոնք օտարերկրացի են եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, կամ որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ եւ գտնվում են օտարերկրյա պետությունում: Սույն օրենքի շրջանակներում վերադարձը կազմակերպվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի կամավոր, կշռադատված որոշման հիման վրա, միայն անվտանգության անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելուց հետո: Անվտանգ վերադարձի կազմակերպումը համակարգում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Օտարերկրացի զոհի եւ հատուկ կատեգորիայի զոհի անվտանգ վերադարձն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում իր ցանկությամբ այն պետություն, որի քաղաքացին է նա, կամ որտեղ նա ունի բնակության իրավունք: Հատուկ կատեգորիայի զոհերի վերադարձն իրականացվում է իր օրինական ներկայացուցչի, հոգեբանի կամ ոստիկանի ուղեկցությամբ: Վերադարձի հետ կապված ծախսերն իրականացվում են սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ֆինանսական միջոցների հաշվին: Անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
16. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում աջակցության դադարեցման մասին հանձնաժողովի որոշմամբ բոլոր զոհերին տրվում է միանվագ դրամական փոխհատուցում ստանալու հնարավորություն: Դրամական փոխհատուցման տրամադրումը ուղղված է մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը եւ որեւէ կերպ չի կարող փոխարինել կամ սահմանափակել զոհի՝ օրենքով սահմանված կարգով հանցավորից փոխհատուցում ստանալու իրավունքը:
17. Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհին, օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհին կամ օտարերկրացի հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով կարող են տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
Հոդված 23. Աջակցության դադարեցումը
1. Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը դադարեցվում է այդ աջակցության տրամադրումն իրականացնող իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա՝ նույնացման հանձնաժողովի կայացրած որոշմամբ հետեւյալ դեպքերում.
1) ավարտվել է աջակցության գործընթացը.
2) զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը կայացրել է ինքնուրույն եւ կշռադատված որոշում՝ հրաժարվելու աջակցության հնարավորությունից.
3) վերացել են աջակցության տրամադրման հիմքերը.
4) առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ աջակցությունը զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հասանելի դարձնելու համար:
2. Աջակցության գործընթացը համարվում է ավարտված, եթե սպառվել են զոհի համար սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված աջակցության միջոցառումները: Նշված հանգամանքից շուտ աջակցության գործընթացը կարող է համարվել ավարտված, եթե աջակցությունն իրականացնող իրավասու մարմինը համարում է, որ զոհը լիարժեք վերականգնվել է, եւ զոհի համար ստեղծվել են հասարակությանը սոցիալական վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ: Տվյալ դեպքում, անբավարար հիմքերի պարագայում, հանձնաժողովը կարող է իր որոշմամբ մերժել իրավասու մարմնի միջնորդությունը եւ երկարաձգել աջակցությունը մինչեւ անհրաժեշտ ամբողջական փաթեթի տրամադրումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում աջակցությունը կարող է դադարեցվել նաեւ իրավասու որեւէ մարմնի միջնորդության հիման վրա, եթե առկա են հիմնավոր ապացույցներ, որ նույնացման համար հիմք հանդիսացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձն իրականում չի ենթարկվել թրաֆիքինգի կամ շահագործման:
Հոդված 24. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի աջակցության եւ դրա դադարեցման առանձնահատկությունները
1. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերը եւ զոհերը սույն օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված կարգով ապահովվում են համապատասխան աջակցությամբ, ինչպես նաեւ նրա հատուկ վիճակից բխող յուրահատկությունների հետ կապված լրացուցիչ աջակցությամբ:
2. Իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հայտնաբերելու հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի օրինական ներկայացուցիչներին: Դրա անհնարինության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի ներգրավվածությունը չի բխում հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի շահերից, հատուկ կատեգորիայի հավանական զոհերը եւ զոհերը նախանույնացման մեկնարկից մինչեւ աջակցության դադարեցումը օրենքով սահմանված կարգով ապահովվում է օրինական այլ ներկայացուցչով:
3. Աջակցություն ստանալու նպատակով հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի ուղղորդումն իրականացվում է օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
4. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի աջակցության հասանելիությունը ապահովվում է մինչեւ նրանց չափահասության տարիքի հասնելը: Չափահասության տարիքին հասնելուն պես անձը այլեւս չի համարվում հատուկ կատեգորիայի զոհ՝ երեխա հանդիսանալու հիմքով, եւ նրա նկատմամբ աջակցության գործընթացն իրականացվում է զոհերի համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:
5. Հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության դադարեցումն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 25. Զոհերին փոխհատուցում եւ աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
1. Հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը երաշխավորում է պետությունը եւ իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, սույն օրենքով սահմանված եւ այլ իրավական ակտերի կարգավորման շրջանակներից դուրս, ինչպես նաեւ պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բարեգործական նվիրաբերումների եւ նվիրատվությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
3. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 26. Հաշվետվողականությունը
1. Նույնացման հանձնաժողովը եւ իրավասու մարմինները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչեւ հաջորդող ամսվա 15-ը, խորհուրդ են ներկայացնում միասնական հաշվետվություն՝ սույն օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների եւ կատարված ծախսերի վերաբերյալ:
2. Խորհուրդը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետությունների վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 27. Պաշտպանության ապահովումը
1. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին, նրանց օրինական ներկայացուցիչներին կարող է տրամադրվել լրացուցիչ անվտանգության ապահովում այն դեպքում, երբ առկա տեղեկություններն ու հանգամանքներն ուղղակիորեն ակնհայտ են դարձնում այդ պաշտպանության անհրաժեշտությունը:
2. Հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա: Պաշտպանության ներքո գտնվող անձանց հետ սույն օրենքով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
3. Պաշտպանության նկատառումներից ելնելով՝ իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում հատուկ կատեգորիայի զոհին կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհին անհապաղ անվտանգ միջավայր տեղափոխելու եւ նրա խնամակալության կամ հոգաբարձության հարցը լուծելու համար, եթե առկա են ողջամիտ կասկածներ, որ՝
1) հատուկ կատեգորիայի հավանական զոհերի կամ զոհերի օրինական ներկայացուցիչ հանդիսացող անձը որեւէ կերպ մասնակցել է նրա նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանը.
2) այդ ներկայացուցչի կողմից հնարավոր են հատուկ կատեգորիայի զոհի կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհի կյանքը կամ առողջությունը վտանգող գործողություններ.
3) ներկայացուցիչը կարող է բացասաբար ազդել աջակցության եւ վերականգնման գործընթացի վրա կամ խոչընդոտել դրան:
4. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին եւ նրանց օրինական ներկայացուցիչներին սույն օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Քրեական դատավարությանը մասնակցող հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 28. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված այն անձանց վրա, որոնք հայտնաբերվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել եւ որպես զոհ նույնացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգին» համապատասխան, սակայն այդ անձանց աջակցությունն իրականացնող մարմնի գնահատմամբ չի ավարտվել հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրման գործընթացը, եւ առկա է սույն օրենքով նախատեսված աջակցության եւ պաշտպանության տրամադրման անհրաժեշտությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում զոհի աջակցությունն իրականացնող մարմինը միջնորդում է նույնացման հանձնաժողովին՝ սույն օրենքով սահմանված կարգով նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու եւ անհրաժեշտ աջակցություն եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն տվյալ անձի նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը հավաստող փաստերի եւ նրան նախկինում տրամադրված աջակցության եւ պաշտպանության վերաբերյալ:
4. Նույնացման հանձնաժողովը, քննարկելով եւ գնահատելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդությամբ ներկայացված՝ անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու, ինչպես նաեւ աջակցության տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկների հիմնավորվածությունը, որոշում է կայացնում անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու եւ համապատասխան աջակցություն եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու կամ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին: Աջակցություն եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու մասին կայացված որոշման մեջ հստակ նշվում են աջակցության եւ (կամ) պաշտպանության այն տեսակները, որոնք անհրաժեշտ է տրամադրել տվյալ զոհին: Դրանք կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդությունները նույնացման հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2014
ՀՕ-212