Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ» ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.09.2003
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ եւ 52-րդ հոդվածներով՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրելու եւ Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։

2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները.

- «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու համամասնությունների եւ փոխհատուցելու հնարավորությունների ուսումնասիրությունը։ Այդ նպատակով խնայողական ավանդները վերականգնելու շուրջ սկզբունքներ, մեխանիզմներ եւ մեթոդիկա մշակելը.

- ըստ ժամանակագրության՝ առկա ավանդային հաշիվների կառուցվածքի (ըստ ավանդի տեսակի) եւ ծավալների ուսումնասիրությունը.

- խնայողական ավանդների փոխհատուցման առաջնայնությունների, հաջորդականության եւ ժամկետների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

- իր գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ Ազգային ժողով ներկայացնելը։

3. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն (բացառությամբ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների)։

4. ԱԺ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը։

5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների։

6. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից։

7. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ։

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալներ։

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։

11. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։

12. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004 թվականի մարտի 31-ը։ Մինչ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։
 

011.0015.10.09.03