ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐԿԵՐԻ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու եւ Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները.
- Հայաստանի Հանրապետությանը օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետության ուսումնասիրությունը.
- իր գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ Ազգային ժողով ներկայացնելը:
3. Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ (նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ)՝ դրանց վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ։
4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն։
5. Ազգային ժողովի վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը։
6. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների։
7. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից։
8. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ։
9. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։
10. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ։
11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։
12. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։
13. Ազգային ժողովի կանոնակարգի 22-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովն ունի մեկ գործավար եւ երեք փորձագետ։
14. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004 թվականի հոկտեմբերի 1-ը։ Մինչ այդ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։
011.0014.10.09.03