Armenian   Russian    
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2026

Հոդված 1.  2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով, եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ եկել է եզրահանգման, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի եւ արդարացի քննությունը: Այդ մասին դատարանը կայացնում է որոշում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական ակտի կայացման օրվա մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.  Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը եւ ստորագրում դատավճռի եզրափակիչ մասը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ միջնորդություն՝ առկայության դեպքում.»:

Հոդված 5. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ եւ նշանակվում դատաքննության, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում որոշման մեջ նշվում է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ`

1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.

2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների եւ բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.2-րդ մասով.

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 370-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում եւ որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.

2) 2-րդ մասի «հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո՝ ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Նախքան սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելը վերաքննիչ դատարան ներկայացված եւ վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.04.2026
Երեւան
ՀՕ-131-Ն