«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց կամ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է պաշտոնի նշանակված դատավորի վերաբերյալ բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները: Սույն կարգավորումը տարածվում է նաեւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու դեպքերի վրա:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2026
Երեւան
ՀՕ-63-Ն