Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.
«7.2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 2.  Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կարգով համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.03.2026
Երեւան
ՀՕ-66-Ն