ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «ոլորտի եւ մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «ոլորտի, մթնոլորտային օդի պահպանության ու ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների» բառերով:
Հոդված 2.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 87.7-րդ եւ
87.8-րդ հոդվածներով.
«Հոդված 87.7. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը
1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:
2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 87.8. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը
1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.6-րդ եւ 201.7-րդ հոդվածներով.
«Հոդված 201.6. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը
1. Չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները նախազգուշացումից մեկ ամիս հետո չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 201.7. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից
«Կլիմայի մասին» օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման
1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.7-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2026
Երեւան
ՀՕ-19-Ն