ՕՐԵՆՔԸ
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրիպտոակտիվների մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասը «Օտարերկրյա թողարկողի» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «բացահայտել, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) չի բավարարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը.»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նշված խախտումը կամ հասցված վնասը էական լինելու դեպքում՝ նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների խորհրդին եւ Կենտրոնական բանկին:»:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 14-րդ մասում «Կենտրոնական բանկի Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասը «հրապարակման պահից:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենտրոնական բանկը կարող է թողարկողին պարտադրել հրավիրել աուդիտ իրականացնող անձի՝ պահուստային ակտիվների անկախ աուդիտ իրականացնելու նպատակով:»:
Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է նաեւ այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձեւի փոփոխմամբ: Անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայությունները, կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաեւ գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների եւ դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ:»:
Հոդված 9. Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ մասերով.
«2.1. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը գրավոր դիմել են Կենտրոնական բանկ (իսկ դիմելուց հետո չեն հանվել իրեն դիմած անձանց ցանկից)՝ ներկայացնելով հիմնավորումներ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին, ինչպես նաեւ նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրը (հաշվառման վայրի հասցեն): Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասի համաձայն ներկայացման ենթակա տեղեկությունների կազմի եւ բովանդակության նկատմամբ պահանջներ: Կենտրոնական բանկը վարում է սույն մասի համաձայն իրեն դիմած անձանց ցանկ (այսուհետ՝ Ցանկ):
2.2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձի կողմից իր հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջներ, ինչպես նաեւ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգ:
2.3. Կենտրոնական բանկը մինչեւ Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը եւ լիցենզավորումը իրականացնում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում): Վերահսկողության ընթացքում սույն մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների Ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում ոչ ամբողջական, ապակողմնորոշող, կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից եւ այդ մասին տեղեկացնում հարկային ոլորտում լիազոր մարմնին:
2.4. Այն անձինք, որոնք սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձեւով:»:
Հոդված 10. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության «մասով նախատեսված» բառերը փոխարինել «օրենքի 20-րդ հոդվածի համաձայն» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2025
Երեւան
ՀՕ-515-Ն