ՕՐԵՆՔԸ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտությունը իրականացնում է պետությունը՝ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս օգտվում են պացիենտների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձանց իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման, ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
7. Պետությունն առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, այդ թվում՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների հիման վրա թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.12.2025
Երեւան
ՀՕ-465-Ն