ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել
«, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանագրերի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագրերի վրա,» բառերով.
2) «օրինակելի պայմանագրերի պայմաններին» բառերը փոխարինել
«՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին» բառերով.
3) «պայմանագրերում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված պայմանագրերի)» բառերով.
4) «օրինակելի պայմանագրերի պայմանների» բառերը փոխարինել
«՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերի» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.12.2025
Երեւան
ՀՕ-413-Ն