Armenian      
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2025
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետում  «25-րդ  հոդվածով»  բառերը  փոխարինել «25-րդ եւ 43.1-ին հոդվածներով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

«Հոդված 43.1.  Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի առարկա հանդիսացող, ինչպես նաեւ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

1. Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում կնքված գործարքների, ինչպես նաեւ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օտարման գործարքների հիման վրա ձեռք բերված իրավունքների պետական գրանցման համար ներկայացվում է նաեւ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգից քաղվածք:

2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:

3. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը ենթակա չեն պետական գրանցման: Պայմանագրից ծագող ռիսկերը կրում են պայմանագրի կողմերը:

4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են դադարեցման անշարժ գույքի կառավարման կազմակերպությանը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառումից հանելու դեպքում՝ անշարժ գույքի կառավարման պայմանագրի պատվիրատուի իրավունքների դադարման պետական գրանցում կատարելու դիմումի հիման վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.12.2025
Երեւան
ՀՕ-388-Ն