Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2025


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ռիելթորական գործունեության իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգում է ռիելթորական գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ռիելթորական գործունեության վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

1) պետական եւ համայնքային գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա.

2) հանրության գերակա շահ ճանաչված գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա.

3) գույքի հավատարմագրային կառավարման գործարքների վրա.

4) այն գործունեության վրա, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված ռիելթորական գործունեությանը, սակայն իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակում.

5) այն գործունեության վրա, որը կարգավորվում է «Սնանկության մասին» օրենքով.

6) «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով եւ ներդրումային ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հարաբերությունների վրա.

7) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ռիելթորական գործունեություն՝ ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ռիելթորական ծառայությունների մատուցմանը.

2) ռիելթորական ծառայություններ՝ անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների օտարման, վարձակալության հետ կապված գործարքների կնքման համար իրականացվող միջնորդավորված ծառայություններ, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների եւ մրցույթների կազմակերպում, անշարժ գույքի կառավարում.

3) ռիելթորական կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է ռիելթորական գործունեություն եւ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում.

4) ռիելթոր՝ ֆիզիկական անձ, որն ունի ռիելթորի որակավորման գործող վկայական, հաշվառված է լիազոր մարմնում եւ սույն օրենքով սահմանված կարգով ռիելթորական կազմակերպության անունից, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում իր անունից մատուցում է ռիելթորական ծառայություններ.

5) անշարժ գույքի կառավարման ծառայություն՝ անշարժ գույքի կառավարչի միջոցով՝ պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում անշարժ գույքի հատուցելի շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում, գույքի կառավարումից ստացված եկամուտների փոխանցում սեփականատիրոջը, գույքի գովազդում անշարժ գույքի կառավարման շրջանակում, գույքի վերանորոգում եւ գույքի պահպանման իրականացում ի շահ գույքի սեփականատիրոջ, բացառությամբ կառուցապատման իրականացման.

6) անշարժ գույքի կառավարիչ՝ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում եւ սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կառավարման կազմակերպության անունից, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում իր անունից մատուցում է անշարժ գույքի կառավարման ծառայություններ.

7) անշարժ գույքի կառավարման կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է անշարժ գույքի կառավարման ծառայություններ եւ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում.

8) պատվիրատու՝ ֆիզիկական, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը պայմանագիր է կնքել ռիելթորական կազմակերպության կամ անշարժ գույքի կառավարման կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի հետ նրա կողմից ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման համար.

9) լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե.

10) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ պատվիրատուի եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կամ ռիելթորական կազմակերպության միջեւ վճարովի ծառայությունների մատուցման գրավոր կնքված պայմանագիր, որի առարկան անշարժ գույքի հետ կապված՝ սույն օրենքով սահմանված ռիելթորական ծառայությունների մատուցումն է.

11) ռիելթորի որակավորման վկայական (այսուհետ նաեւ՝ որակավորման վկայական)՝ լիազոր մարմնի տված էլեկտրոնային փաստաթուղթ, որը հավաստում է, որ ֆիզիկական անձը հաղթահարել է լիազոր մարմնի անցկացրած ռիելթորի որակավորման քննությունը.

12) որակավորման հանձնաժողով՝ լիազոր մարմնի կազմում գործող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռիելթորական գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննություններ անցկացնող, այդ թվում՝ որակավորման քննությունների հարցաշարեր, առաջադրվող հարցեր կազմող հանձնաժողով.

13) ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) անվանացանկեր՝ տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի ազգանվան, անվան, որակավորման վկայականի տարվա, ամսվա,  ամսաթվի եւ հերթական համարի, որակավորման վկայականի կասեցման կամ դադարեցման տարվա, ամսվա,  ամսաթվի եւ իրավական հիմքի, լիազոր մարմնում հաշվառման համարի վերաբերյալ, ինչպես նաեւ ռիելթորի եւ անշարժ գույքի կառավարչի համաձայնությամբ՝ վերջիններիս կոնտակտային տվյալները, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչների դեպքում՝ նաեւ վերջիններիս գործունեության վայրի եւ հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տվյալները.

14) ռիելթորական կազմակերպության եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպության անվանացանկեր՝   տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման գործունեություն իրականացնող կազմակերպության անվանման, գործունեության վայրի, կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, լիազոր մարմնում հաշվառման համարի վերաբերյալ, ինչպես նաեւ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների համաձայնությամբ՝ վերջիններիս կոնտակտային տվյալները.

15) միասնական տեղեկատվական համակարգ՝   լիազոր մարմնի ներդրած՝ առցանց գործող վճարովի տեղեկատվական համակարգ, որն ապահովում է անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ փոխգործելիություն, եւ որտեղ մուտքագրվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող, օտարման առարկա հանդիսացող, ինչպես նաեւ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման առարկա հանդիսացող անշարժ գույքերի վերաբերյալ տվյալներ եւ դրանց գործարքների եւ պատվիրատուի վերաբերյալ տեղեկատվություն.

16) էսքրոու հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուկ բանկային հաշիվ, որով իրականացվում են սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման դիմաց անշարժ գույքի կառավարչին վճարվող վճարների, անշարժ գույքի կառավարումից բխող բոլոր գործարքների հետ կապված վճարումների, այդ ծառայությունների մատուցման արդյունքով պատվիրատուին փոխանցման ենթակա եկամուտների, ռիելթորական կազմակերպություններին, ռիելթորներին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) փոխանցվող կանխավճարների, ծառայությունների վճարների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված՝ ռիելթորական կազմակերպության կողմից անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների եւ մրցույթների կանխավճարների փոխանցումները.

17) մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վերաբերյալ եզրակացություն տրամադրող հանձնաժողով, որի միջոցով լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության նկատմամբ.

18) իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու:

Հոդված 4. Ռիելթորական գործունեության սուբյեկտները

1. Սույն օրենքի իմաստով ռիելթորական գործունեության սուբյեկտ են համարվում սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված ռիելթորական կազմակերպությունները, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ռիելթորները եւ անշարժ գույքի կառավարիչները, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող:

Հոդված 5. Միասնական տեղեկատվական համակարգի կիրառումը

1. Միասնական տեղեկատվական համակարգի օգտատերերն են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ռիելթորները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող):

2. Միասնական տեղեկատվական համակարգ մուտք գործելու համար ռիելթորական կազմակերպության ղեկավարը, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպության ղեկավարը, անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) գրանցվում են ինքնուրույն: Գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պատվիրատուները միասնական տեղեկատվական համակարգ մուտք են գործում «Ես եմ» խիստ նույնականացման համակարգի միջոցով: Միասնական տեղեկատվական համակարգ խիստ նույնականացման համակարգի միջոցով մուտք գործելուց հետո արտացոլվում է օգտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի ցանկը:

3. Միասնական տեղեկատվական համակարգ անշարժ գույքի միավորի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունների մուտքագրման հիմք է պատվիրատուի հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի օտարման դեպքում՝ այդ գույքն օտարելու մտադրությունը:

4. Միասնական տեղեկատվական համակարգ պարտադիր մուտքագրման ենթակա են սույն օրենքով սահմանված ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերը, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը, այդ թվում՝ նշված պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի նույնականացման տվյալները (հասցեն, կադաստրային ծածկագիրը, մակերեսը), օտարման, վարձակալության կամ շահագործման գնի, ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողի, պատվիրատուի վերաբերյալ տեղեկությունները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն եւ ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ տվյալները՝ կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, գործողության ժամկետը, իսկ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի ինքնուրույն օտարման դեպքերում՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տվյալները: Սույն մասով սահմանված պարտադիր մուտքագրման ենթակա պայմանագրերը եւ տվյալները միասնական տեղեկատվական համակարգ սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չմուտքագրելը հանգեցնում է ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերի անվավերության: Նման պայմանագրերն առ ոչինչ են:

5. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքն ինքնուրույն օտարելու նպատակով վճարովի հիմունքներով միասնական տեղեկատվական համակարգ են մուտքագրում օտարվող գույքի նույնականացնող տվյալները (հասցեն, կադաստրային ծածկագիրը, մակերեսը), օտարման գինը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նաեւ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը:

6. Միասնական տեղեկատվական համակարգ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչների, անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի միավորի վերաբերյալ սահմանված տեղեկություններ մուտքագրելու, ինչպես նաեւ միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար վճարվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պարտադիր վճար:

7. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալները մուտքագրելուց հետո լիազոր մարմինն իրականացնում է մուտքագրված տվյալների ստուգում՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված եւ մուտքագրման պահին առկա տվյալների եւ կադաստրային քարտեզի, որից հետո մուտքագրված տվյալներն ստանում են «Ստուգված է» կարգավիճակը, որն արտացոլվում է միասնական տեղեկատվական համակարգում: Մուտքագրված տվյալները գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված եւ մուտքագրման պահին առկա տվյալներին եւ կադաստրային քարտեզի տվյալներին համապատասխանելու դեպքում ստանում են «Հաստատված է» կարգավիճակը, իսկ անհամապատասխանությունների դեպքում ինքնաշխատ եղանակով գեներացվում է անհամապատասխանության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: «Ստուգված է» կարգավիճակի առկայության դեպքում համակարգն ապահովում է համակարգից քաղվածքների գեներացումը՝ համապատասխան նույնականացնող տվյալներով: Սույն մասում նշված «Ստուգված է» եւ «Հաստատված է» կարգավիճակները համակարգում արտացոլվում են այդ պահի դրությամբ առկա տվյալների հիման վրա՝ օրվա, ամսվա, տարվա եւ ժամի նշագրմամբ:

8. Միասնական տեղեկատվական համակարգ անշարժ գույքի տվյալների մուտքագրումն ստուգելուց հետո համակարգն առաջարկում է անշարժ գույքի վաճառքի՝ համակարգի հետ փոխգործելի կայքերի ցանկ՝ հնարավորություն տալով օգտատիրոջն ընտրելու դրանցից մեկը կամ մի քանիսը: Անշարժ գույքի վաճառքի՝ համակարգի հետ փոխգործելի կայքն ընտրելու եւ դրա համար սահմանված վճարը տվյալ կայքի սեփականատիրոջ հաշվեհամարին անկանխիկ եղանակով վճարելուց հետո միասնական տեղեկատվական համակարգում տեղադրված տվյալներն ինքնաշխատ արտացոլվում են նաեւ այդ կայքում: Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը եւ այդ կայքերի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Կառավարությունը:

9. Միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված գործարքի կամ անշարժ գույքի շահագործման գնի վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունները կարող են իրականացվել միայն պատվիրատուի գրավոր համաձայնության հիման վրա, որն ստանալու պարտականությունը կրում է սույն օրենքի իմաստով ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող անձը: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն փոփոխելու սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի օտարման գնի վերաբերյալ տվյալները: Սույն մասով սահմանված յուրաքանչյուր փոփոխություն արտացոլվում է միասնական տեղեկատվական համակարգում: Միասնական տեղեկատվական համակարգում առկա անշարժ գույքն օտարվելիս, վարձակալության հանձնվելիս համակարգն ինքնաշխատ հեռացնում է այդ գույքի վերաբերյալ տեղադրված տվյալները: Սույն մասով սահմանված տվյալները մուտքագրվելուց, փոփոխվելուց կամ հեռացվելուց հետո յուրաքանչյուր դեպքում պատվիրատուն՝ միասնական տեղեկատվական համակարգ իր մուտքագրած հեռախոսահամարին էլեկտրոնային կարճ հաղորդագրության, ինչպես նաեւ միասնական տեղեկատվական համակարգ իր մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով ծանուցվում է համապատասխան մուտքագրման կամ փոփոխության վերաբերյալ:

10. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալները ռիելթորական ծառայությունների շրջանակում մուտքագրված լինելու դեպքում այդ անշարժ գույքի սեփականատերը չի կարող անձամբ դրա վերաբերյալ տվյալները մուտքագրել  միասնական տեղեկատվական համակարգ: Ռիելթորական ծառայությունների շրջանակում ռիելթորական կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կողմից անշարժ գույքի վերաբերյալ տվյալները միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից նախկինում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ հեռացվում են համակարգից:

11. Ռիելթորական ծառայությունների շրջանակում անշարժ գույքի վերաբերյալ կնքվող բոլոր գործարքների վերաբերյալ տվյալները պարտադիր մուտքագրվում են միասնական տեղեկատվական համակարգ:

12. Միասնական տեղեկատվական համակարգի վարման, շահագործման եւ օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը՝ սահմանելով համակարգ մուտքի հասանելիություն (այդ թվում՝ պատվիրատուներին) տրամադրելու, համակարգում գրանցվելու, օգտատերերի հասանելիության աստիճանների եւ գործառույթների տեսակների, անվանացանկերի հրապարակման, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու, համակարգում տվյալներն ստուգելու, համակարգից քաղվածքներ գեներացնելու կարգը, ինչպես նաեւ մուտքագրվող պայմանագրերին, տվյալներին, այդ թվում՝ լուսանկարներին ներկայացվող պահանջները (այդ թվում՝ տվյալների ձեւաչափերը եւ որակը) եւ ցանկը, քաղվածքներին ներկայացվող պահանջները, դրանց տեսակները եւ օրինակելի ձեւերը: Կառավարության որոշմամբ սահմանված պահանջները պահպանված չլինելու դեպքում միասնական տեղեկատվական համակարգ դրանք մուտքագրելը մերժվում է:

13. Ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների անվանացանկերը, ինչպես նաեւ փոխգործելի կայքերի ցանկը հրապարակվում են միասնական տեղեկատվական համակարգում:

14. Միասնական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները տրամադրում է լիազոր մարմինը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով: Միասնական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների մատչելիությունը սահմանափակվում է անձնական տվյալների, ինչպես նաեւ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ: Սույն հոդվածով նախատեսված՝ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված պայմանագրերի պատճենները, ինչպես նաեւ տվյալների վերաբերյալ տեքստային տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են անվճար տրամադրվել Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին եւ պատգամավորներին, Հաշվեքննիչ պալատին, պետական կառավարման համակարգի մարմիններին, դատարաններին, դատախազությանը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին եւ անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, նոտարներին, սնանկության գործով կառավարչին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով: 

ԳԼՈՒԽ 2

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


Հոդված 6. Ռիելթորական գործունեության կազմակերպումը եւ իրականացումը

1. Ռիելթորական գործունեությամբ կարող են զբաղվել ռիելթորական կազմակերպությունները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները, իսկ սույն օրենքի իմաստով՝ նաեւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչները ռիելթորական գործունեության տեսակ հանդիսացող անշարժ գույքի կառավարում իրականացնելիս:

2. Ռիելթորական գործունեությունը կազմակերպվում եւ իրականացվում է ռիելթորական կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների, օրենքով սահմանված դեպքում՝ նաեւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչների կողմից՝ պայմանագրի հիման վրա՝ ռիելթորի կամ անշարժ գույքի կառավարչի միջոցով: Ռիելթորական կազմակերպության կամ անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի եւ պատվիրատուի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման իրավական հիմքն է:

Հոդված 7. Պայմանագրի ձեւին ներկայացվող պահանջները եւ պայմանագրի էական պայմանները

1. Պայմանագիրը վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է, որը կնքվում է գրավոր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ հաստատվում է պատվիրատուի եւ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների ղեկավարների (կամ նրանց կողմից լիազորված անձանց) կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից, այդ թվում՝ ստորագրությունների մեխանիկական եւ պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իրենց ստորագրության այլ նմանօրինակի օգտագործմամբ:

2. Պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով եւ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված պահանջները:

3. Պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր տեղեկությունները.

1) պայմանագրի առարկայի վերաբերյալ, ներառյալ մատուցվող ծառայությունների շրջանակը.

2) պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նույնականացման տվյալները (անշարժ գույքի հասցեն եւ վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը), ռիելթորական ծառայության շրջանակում անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների վերաբերյալ գործարքների համար առաջարկվող գինը, ինչպես նաեւ ռիելթորական ծառայությունների վճարը.

3) ռիելթորական կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիազոր մարմնում հաշվառման համարը.

4) ռիելթորական ծառայությունների վճարման կարգի վերաբերյալ.

5) պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ.

6) կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

7) պայմանագրի դադարեցման պայմանների վերաբերյալ.

8) կողմերի պատասխանատվության վերաբերյալ.

9) ծառայության ընթացքի մասին պատվիրատուին տեղեկություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ.

10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ռիելթորական կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի պատասխանատվության ապահովագրության պայմանագրի մասին, ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի եւ ապահովագրված ռիսկերի վերաբերյալ.

11) վեճերի լուծման կարգի վերաբերյալ.

12) ֆիզիկական անձ հանդիսացող պատվիրատուի դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հաշվառման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ծանուցման հասցեն.

13) իրավաբանական անձ հանդիսացող պատվիրատուի դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ծանուցման հասցեն.

14) կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող է ներառվել դրույթ առ այն, որ ռիելթորը կրում է պատասխանատվություն գույքի իրավական եւ փաստաթղթային հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) համար: Այն վնասը, որն առաջացել է սույն ենթակետով սահմանված ուսումնասիրությունը չիրականացվելու կամ ոչ պատշաճ իրականացվելու հետեւանքով, փոխհատուցվում է սահմանված կարգով կնքված ապահովագրության պայմանագրի հիմքով ապահովագրական հատուցման միջոցով.

15) կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող է ներառվել դրույթ ռիելթորական ծառայությունների մատուցման բացառիկության (էքսկլյուզիվության) վերաբերյալ, որի դեպքում տվյալ պատվիրատուին ռիելթորական ծառայություններ կարող է մատուցել միայն այդ պայմանագրի կողմ ռիելթորական կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորը: Ռիելթորական ծառայությունները բացառիկության սկզբունքով մատուցելու ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան վեց ամիսը, բացառությամբ այն պայմանագրերի, որոնց առարկան քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքով նոր ստեղծվող, կառուցվող անշարժ գույքն է, որի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով դեռեւս առկա չեն գրանցված իրավունքներ:

4. Անշարժ գույքի կառավարման մասին պայմանագրում պետք է նշվեն սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները (բացառությամբ ռիելթորի եւ ռիելթորական կազմակերպության տվյալների), ինչպես նաեւ՝

1) անշարժ գույքի կառավարման կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիազոր մարմնում հաշվառման համարը.

2) անշարժ գույքի կառավարման ծառայությունների վճարը.

3) անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) կողմից անշարժ գույքի կառավարման վերաբերյալ հաշվետվություն եւ անշարժ գույքի կառավարման նախահաշիվ ներկայացվելու կարգը եւ ժամկետները, անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դրանք հաստատվելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ էսքրոու հաշվին գումարներ փոխանցելու եւ էսքրոու հաշվից անհրաժեշտ փոխանցումներ կատարելու կարգը.

4) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ անշարժ գույքի ապահովագրության, ինչպես նաեւ պատասխանատվության ապահովագրության պայմանագրի մասին, ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի եւ ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները.

5) պատվիրատուի էսքրոու հաշիվը.

6) պայմանագրի կնքման պահին անշարժ գույքի փաստացի վիճակի նկարագրությունը, որը պետք է ներառի՝

ա. շենքերի, շինությունների չափերը (առաստաղի բարձրությունը, մակերեսը, առանձին կանգնած շինությունների համար հողամասի չափերը, նաեւ ծավալը՝ յուրաքանչյուր շինության համար առանձին),

բ. գույքային իրավունքներն ու սահմանափակումները (այդ թվում՝ իրավունքների եւ օգտագործման նկատմամբ),

գ. տեղադրությունը, դիրքը (քարտեզից հատված անշարժ գույքի գտնվելու վայրի նշումով),

դ. հարկայնությունը, հարկը,

ե. օբյեկտի կառուցման, շահագործման տարեթիվը (նման տեղեկատվության առկայության դեպքում),

զ. առանձին կանգնած շինությունների արտաքին հարդարումը (յուրաքանչյուր կողմի համար առանձին նշելով նյութի տեսակը),

է. ներքին հարդարումը (դռներ, պատուհաններ, հատակ, առաստաղ, պատեր՝ նշելով նյութի տեսակը, հողամասում առկա բոլոր առանձին կանգնած շինությունների համար՝ առանձին),

ը. ավտոկայանատեղիի առկայությունը, մակերեսը կամ հնարավորությունը,

թ. ինժեներական ցանցերն ու կոմունալ սպասարկումը (էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը, կոյուղին, ջեռուցումը եւ այլն),

ժ. լուսանկարներ. արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, անշարժ գույքի բաղկացուցիչ մաս կազմող յուրաքանչյուր շինության բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից: Ստորաբաժանված շենքերում տեղակայված անշարժ գույքերի համար՝ արտաքին լուսանկարներ շենքի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից:

5. Օրենսդրությամբ կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել այլ պարտադիր պահանջներ համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի բովանդակության վերաբերյալ:

Հոդված 8. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններին, ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը

1. Ֆիզիկական անձը որպես ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը (որպես ռիելթոր հաշվառելու դեպքում՝ նաեւ ռիելթորի գործող որակավորման վկայականի հերթական համարը): Անձը, որպես ռիելթոր հաշվառվելիս, հաշվառվում է նաեւ որպես անշարժ գույքի կառավարիչ:

2. Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի ղեկավարների եւ իրական շահառուի, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրոջ՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) մասին գրավոր հայտարարությունը, իրավաբանական անձանց դեպքում՝ նաեւ ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ աշխատող կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող անձի հետ կնքած պայմանագրի օրինակը: Սույն հոդվածով սահմանված դիմումները եւ կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, որի կարգը, դիմումի ձեւը եւ բովանդակությունը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դիմումները եւ դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է դրանք եւ կայացնում որոշում ռիելթորին, անշարժ գույքի կառավարչին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ:

4. Դիմումը եւ կից փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Թերությունները վերացվելու եւ լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է նոր ներկայացված:

5. Ֆիզիկական անձին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) որպես ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

2) որպես ռիելթոր հաշվառելու դիմում ներկայացրած անձը չունի ռիելթորի գործող որակավորման վկայական.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին, եւ լիազոր մարմնի կողմից դրանք վերադարձվելու պարագայում կրկին թերի են ներկայացվել.

4) որպես ռիելթոր հաշվառելու դիմում ներկայացրած անձն ունի դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն:

6. Իրավաբանական անձին՝ որպես ռիելթորական կազմակերպություն կամ անշարժ գույքի կառավարման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ լիազոր մարմնի կողմից դրանք վերադարձվելու պարագայում կրկին թերի են ներկայացվել.

4) իրավաբանական անձի ղեկավարը կամ իրական շահառուն ունի դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն:

7. Հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

8. Հաշվառման դիմումը մերժվելու դեպքում իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու սույն հոդվածով սահմանված կարգով:

9. Լիազոր մարմնի որոշմամբ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները հանվում են հաշվառումից՝

1) իրենց դիմումի համաձայն.

2) լուծարման կամ վերակազմակերպման դեպքում.

3) սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

4) ռիելթորական կազմակերպության ղեկավարի կամ իրական շահառուի՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության դեպքում:

10. Լիազոր մարմնի որոշմամբ ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հանվում են հաշվառումից՝

1) իրենց դիմումի համաձայն.

2) անհատ ձեռնարկատիրոջը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքում.

3) ռիելթորին, անշարժ գույքի կառավարչին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

4) ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի մահվան կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

5) ռիելթորի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.

6) ռիելթորի՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության դեպքում:

11. Լիազոր մարմնի կողմից ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության սուբյեկտներին հաշվառումից հանելը հիմք չէ օտարված, վարձակալության կամ կառավարման հանձնված անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների դադարման համար:

12. Լիազոր մարմինը ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության սուբյեկտներին հաշվառումից հանելու վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցում է վերջիններիս, ինչպես նաեւ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման պայմանագրերի պատվիրատուներին՝ էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով:

ԳԼՈՒԽ 3

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Ռիելթորական ծառայությունների տեսակները

1. Սույն օրենքի իմաստով ռիելթորական ծառայություններ են համարվում՝

1) միջնորդավորված ծառայությունների մատուցումը, որը ներառում է անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների օտարման, վարձակալության նպատակով կնքված գործարքների համար իրականացվող միջնորդությունը.

2) պատվիրատուի հետ կնքված պայմանագրի օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների եւ մրցույթների կազմակերպումը.

3) անշարժ գույքի կառավարումը:

Հոդված 10. Անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների վերաբերյալ գործարքների կնքման համար իրականացվող միջնորդությունը

1. Ռիելթորական կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կողմից անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների օտարման, վարձակալության վերաբերյալ գործարքների կնքման միջնորդությունն իրականացվում է ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական կազմակերպությունը, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը չեն կարող լինել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի կողմ:

Հոդված 11. Անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների եւ մրցույթների կազմակերպումը

1. Ռիելթորական կազմակերպության կողմից անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների եւ մրցույթների կազմակերպումն իրականացվում է ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների կազմակերպումը ներառում է աճուրդների անցկացման եւ դրանց արդյունքների վերաբերյալ հայտարարությունների նախապատրաստումն ու հրապարակումը, աճուրդի ներկայացվող անշարժ գույքի միավորների գովազդումը, աճուրդին մասնակցելու հայտերի ընդունումը եւ հաշվառումը, կանխավճարների ընդունման համաձայնագրերի կնքումը, աճուրդների անցկացումը, վաճառողների եւ գնորդների միջեւ վճարման պայմանների ապահովումը եւ օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ: Կանխավճարները ենթակա են փոխանցման բացառապես էսքրոու հաշիվների միջոցով:

3. Անշարժ գույքի եւ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդները եւ մրցույթները կազմակերպվում եւ իրականացվում են օրենսդրության պահանջների համաձայն:

Հոդված 12. Անշարժ գույքի կառավարումը

1. Անշարժ գույքի կառավարումը ռիելթորական ծառայության տեսակ է, որի շրջանակում պայմանագրով մի կողմը (անշարժ գույքի սեփականատերը) անշարժ գույք է հանձնում մյուս կողմին (անշարժ գույքի կառավարչին)՝ ընթացիկ կառավարման, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ անշարժ գույքի սեփականատիրոջ:

2. Սույն օրենքի շրջանակում անշարժ գույքի կառավարումը ներառում է անշարժ գույքի կառավարչի միջոցով՝ պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում անշարժ գույքի հատուցելի շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը, անշարժ գույքի կառավարումից ստացված եկամուտների փոխանցումը սեփականատիրոջը, անշարժ գույքի գովազդումը անշարժ գույքի կառավարման շրջանակում, անշարժ գույքի վերանորոգումը եւ անշարժ գույքի պահպանման իրականացումն ի շահ անշարժ գույքի սեփականատիրոջ: Անշարժ գույքի կառավարման շրջանակում կնքված պայմանագրի գործողության ժամկետը չի կարող ավելի լինել անշարժ գույքի կառավարման պայմանագրի ժամկետից: Անշարժ գույքի կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը չի կարող սահմանվել երեք տարուց ավելի:

3. Անշարժ գույքի կառավարման առարկա կարող է հանդիսանալ ցանկացած տեսակի անշարժ գույք, որն ունի մեկ կամ մի քանի սեփականատեր:

4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված պայմանները եւ ժամկետները տարածվում են անշարժ գույքի կառավարման շրջանակում կնքված պայմանագրերի վրա:

5. Անշարժ գույքի կառավարումը չի ներառում անշարժ գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը:

6. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքները կնքում են իրենց անունից՝ նշելով անշարժ գույքի կառավարիչ լինելու փաստը, ինչպես նաեւ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, ի շահ որի իրականացվում է անշարժ գույքի կառավարումը, եթե անշարժ գույքի կառավարման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

7. Այլ իրավահարաբերություններից ծագող պարտավորությունների համար անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը երրորդ անձանց հանդեպ կրում են պատասխանատվություն միայն իրենց պատկանող գույքով: Անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր ցուցումով օրենսդրությանը հակասող գործողությունների հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասի պարագայում անշարժ գույքի սեփականատերը եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը կրում են համապարտ պատասխանատվություն, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչն իրավունք ունեն հրաժարվելու անշարժ գույքի սեփականատիրոջ այն պահանջները կատարելուց, որոնք հակասում են օրենսդրությանը:

8. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են պատվիրատուին սահմանված կարգով տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքների եւ բարելավումների վերաբերյալ: Նման տեղեկացման ժամկետները եւ կարգը սահմանվում են անշարժ գույքի կառավարման պայմանագրով:

9. Անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարումից բխող բոլոր գործարքների հետ կապված վճարումները իրականացվում են էսքրոու հաշվի միջոցով: Անշարժ գույքի կառավարչին, ինչպես նաեւ պատվիրատուին կատարվող բոլոր վճարներն իրականացվում են համապատասխանաբար անշարժ գույքի կառավարչի կամ պատվիրատուի էսքրոու հաշիվներին: Սույն մասով սահմանված պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի (պայմանագրի), այդ թվում՝ գործարքի (պայմանագրի) մաս կազմող գործարքների (պայմանագրերի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է:

10. Անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն տարածվում անշարժ գույքի կառավարման պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի եւ անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված էսքրոու հաշիվների վրա: Սույն դրույթը կիրառելի չէ միայն անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված՝ կառավարչի վարձատրություն համարվող եկամուտների նկատմամբ:

Հոդված 13.  Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունքներն ու պարտականությունները

1. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունք ունեն՝

1) պատվիրատուից պահանջելու ռիելթորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի տրամադրում.

2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու եւ պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու ծառայություն մատուցելուց.

3) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կամ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի առկայության դեպքում պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից եւ կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու ռիելթորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններ.

4) գովազդելու իրենց կողմից մատուցվող ռիելթորական ծառայությունները եւ պատվիրատուների անշարժ գույքերը.

5) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով ներգրավելու այլ մասնագետի.

6) ներկայացնելու պատվիրատուների իրավունքները եւ օրինական
շահերը անշարժ գույքի կառավարման պայմանագրից բխող իրավահարաբերություններում.

7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են՝

1) գործունեություն իրականացնելուց առաջ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.

2) իրենց գործունեության իրականացման ընթացքում պահպանել սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջները.

3) պատվիրատուի պահանջով ներկայացնել լիազոր մարմնում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.

4) ծառայությունները մատուցել միայն ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման կնքված պայմանագրի հիման վրա, հրաժարվել ծառայության իրականացումից, եթե պատվիրատուի կողմից տրամադրված եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով ռիելթորական ծառայություններ մատուցելու համար կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.

5) կնքել անշարժ գույքի կառավարման պայմանագիր տվյալ գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող բոլոր անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում.

6) պատվիրատուից եւ երրորդ անձանցից ռիելթորական ծառայության մատուցման ընթացքում ստացված փաստաթղթերը պահպանել առնվազն հինգ տարի.

7) ապահովել պատվիրատուներից եւ երրորդ անձանցից ռիելթորական ծառայության մատուցման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել միասնական տեղեկատվական համակարգում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերի, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերի, ինչպես նաեւ պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի եւ դրանց վերաբերյալ գործարքների, դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները.

9) որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց՝ ապահովագրել իրենց գործունեության հետեւանքով առաջացող հնարավոր պատասխանատվությունը սույն օրենքով սահմանված դեպքերում եւ պատվիրատուի պահանջով վերջինիս ներկայացնել ապահովագրության պայմանագիրը.

10) ապահովել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը:

3. Ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են՝

1) գործունեություն իրականացնելուց առաջ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.

2) ծառայությունը մատուցել սույն օրենքով, ռիելթորական գործունեության իրականացման եւ օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) հրաժարվել ծառայության մատուցումից, եթե պատվիրատուի կողմից տրամադրված եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցելու համար.

4) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաեւ անշարժ գույքի օտարման, վարձակալության, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրեր կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական տեղեկատվական համակարգ պարտադիր մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը, ինչպես նաեւ պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի եւ դրանց վերաբերյալ գործարքների, դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները.

5) միասնական տեղեկատվական համակարգ իրենց մուտքագրած տվյալների փոփոխությունների դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել եւ ճշգրտել դրանք, իսկ այն դեպքերում, երբ անշարժ գույքն այլեւս չի վաճառվում կամ վարձակալության չի տրամադրվում՝ հեռացնել դրա վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված բոլոր տվյալները.

6) ապահովել ծառայության մատուցման ընթացքում պատվիրատուից ստացված փաստաթղթերի խնամքով պահպանումն առնվազն հինգ տարի.

7) պատվիրատուի պահանջով ներկայացնել ռիելթորի որակավորման վկայականը կամ լիազոր մարմնում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.

8) չհրապարակել ծառայության մատուցման ընթացքում պատվիրատուից ստացված գաղտնի տեղեկատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերի.

9) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձնաժողովի նիստերին.

10) կատարել օրենքով եւ ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ:

4. Ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի իսկության համար:

Հոդված 14. Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները

1. Պատվիրատուն իրավունք ունի՝

1) ինքնուրույն ընտրելու ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական կազմակերպությունը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերը.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջելու ռիելթորի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների,  անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պատասխանատվության ապահովագրություն.

3) ռիելթորից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական կազմակերպությունից, անշարժ գույքի կառավարչից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպությունից ստանալու գործարքի եւ դրա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ.

4) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններից կամ ռիելթորից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարչից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պահանջելու եւ ստանալու գրավոր տեղեկատվություն նախատեսվող գործարքի բնույթի վերաբերյալ.

5) անշարժ գույքի կառավարման պայմանագիրը կնքելու պահից վեց ամիս լրանալուց հետո՝ ցանկացած պահի, միակողմանի լուծելու անշարժ գույքի կառավարման պայմանագիրը՝ այն լուծելու մասին ծանուցումը ներկայացնելով միասնական տեղեկատվական համակարգի միջոցով: Նախքան վեց ամիսը լրանալը անշարժ գույքի կառավարման պայմանագիրը կարող է լուծվել բացառապես կողմերի համատեղ դիմումի հիման վրա, բացառությամբ սույն մասի 6-րդ կետով սահմանված դեպքի.

6) ցանկացած ժամանակ միակողմանի լուծելու անշարժ գույքի կառավարման պայմանագիրը, եթե անշարժ գույքի կառավարիչը երկու եւ ավելի ամիս անընդմեջ կամ պայմանագրով սահմանված այլ ժամկետում չի փոխանցել պայմանագրով սահմանված վճարները.

7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Պատվիրատուն պարտավոր է՝

1) ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններ ներկայացնել անշարժ գույքի օբյեկտների, դրանց նկատմամբ առկա գույքային իրավունքների, սահմանափակումների, այդ թվում՝ սեփականատերերի (օգտագործողների) վերաբերյալ ամբողջական, հավաստի փաստաթղթեր եւ տեղեկություններ, ինչպես նաեւ տրամադրել տեղեկատվություն տվյալ անշարժ գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքների եւ երրորդ անձանց պահանջների վերաբերյալ, ներկա կամ նախկին վեճերի վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված դեպքերում ներկայացնել այլ տեղեկություններ.

2) ապահովել անշարժ գույքի տեղազննման հնարավորությունը:

3. Պատվիրատուն կրում է պատասխանատվություն իր ներկայացրած փաստաթղթերի իսկության համար:

Հոդված 15. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններին, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչին, միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները

1. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնում:

2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում անշարժ գույքն ապահովագրված լինելու դեպքում անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր են իրենց գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է պատճառվել պատվիրատուներին անշարժ գույքի կառավարման ծառայության մատուցման հետեւանքով:

3. Ռիելթորական կազմակերպությունը, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պարտավոր են իրենց գործունեությունից առաջացող պատասխանատվությունն ապահովագրել հնարավոր գույքային վնասից կոնկրետ գործարքի մասով՝ առնվազն գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի չափով, եթե ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված է անշարժ գույքի իրավական եւ փաստաթղթային հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) իրականացում:

4. Ռիելթորական կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը մեկ աշխատակից, որն ունի ռիելթորի որակավորման վկայական:

5. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը մեկ աշխատակից, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում:

6. Միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ: 


ԳԼՈՒԽ 4

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 16. Ռիելթորական մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը

1. Ռիելթորի մասնագիտական որակավորումը (այսուհետ նաեւ՝ որակավորում) կազմակերպում եւ իրականացնում է լիազոր մարմինը՝ որակավորման քննությունների միջոցով:

2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ տնտեսագիտության կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն եւ կադաստր մասնագիտության գծով աշխարհագրական, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երեք ներկայացուցիչ, լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ երկու որակավորված ռիելթոր՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Ռիելթորի որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք:

4. Որակավորման քննությունների անցկացման եւ հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Որակավորման քննությունների անցկացման կարգով սահմանվում են որակավորման քննության ժամկետները, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը, ժամկետները եւ ձեւերը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի եւ խնդիրների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, քննության ընթացքի տեսաձայնագրման կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:

5. Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը: Դրանք հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերի քանակը պարտադիր հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից երեսուն օր առաջ:

6. Որակավորման քննության ընթացքը տեսաձայնագրվում է:

7. Քննության դրական արդյունքներով լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուին ռիելթորի որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

8. Ռիելթորի որակավորման վկայականն ուժի մեջ է մտնում այն սահմանված կարգով ռիելթորին հանձնելու օրվանից:

Հոդված 17. Ռիելթորի որակավորման վկայականի ժամկետը եւ վերաձեւակերպումը

1. Ռիելթորի որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով:

2. Ռիելթորի որակավորման վկայականի ժամկետն ավարտվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ռիելթորն իրավունք ունի սահմանված կարգով դիմելու լիազոր մարմնի կողմից անցկացվող ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու եւ որակավորման նոր վկայական ստանալու համար: Ռիելթորը որակավորման վկայականի՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հինգ տարվա ժամկետի ավարտից հետո իրավունք ունի զբաղվելու ռիելթորական գործունեությամբ սույն մասով սահմանված վեցամսյա ժամկետում: Որակավորման քննության դրական արդյունքների հիման վրա տրված որակավորման նոր վկայականը համարվում է տրամադրված որակավորման նախորդ վկայականի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:

3. Ռիելթորի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում, ռիելթորը պարտավոր է դիմել լիազոր մարմին որակավորման վկայականի վերաձեւակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը եւ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

4. Լիազոր մարմինը պարտավոր է վերաձեւակերպված որակավորման վկայականը  տրամադրել  ռիելթորին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:

Հոդված 18. Ռիելթորի որակավորման վկայականի գործողության կասեցումը եւ դադարեցումը

1. Ռիելթորի որակավորման վկայականի գործողությունը կասեցվում է՝

1) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված՝ մուտքագրման ենթակա պայմանագրերը, տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգ չմուտքագրվելու կամ միասնական տեղեկատվական համակարգ ռիելթորի մուտքագրած պայմանագրերի, տվյալների փոփոխությունների դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում չթարմացվելու եւ չճշգրտվելու, ինչպես նաեւ վարձակալության այլեւս չտրամադրվող կամ վաճառքից հանված անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված բոլոր տվյալները չհեռացվելու դեպքում.

2) մեկ օրացուցային տարվա ընթացքում ռիելթորի իրականացրած գործունեության ընթացքում մեկ անգամ վնասի պատճառման կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ապահովագրական հատուցման գումարի վճարման մեկ դեպքում.

3) մեկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքով եւ ռիելթորական գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները մեկ անգամ խախտվելու դեպքում.

4) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաեւ հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում՝ իր լիազորությունների ժամկետով:

2. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է՝

1) որակավորման վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում.

2) եթե առկա է ռիելթորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.

3) ռիելթորի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

4) ռիելթորի սեփական դիմումի համաձայն.

5) մեկ օրացուցային տարվա ընթացքում ռիելթորի իրականացրած գործունեության ընթացքում երկու եւ ավելի դեպքում վնասի պատճառման եւ կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ապահովագրական հատուցման գումարի վճարման դեպքում.

6) որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում: Սույն կետի իմաստով որակավորման վկայականի ժամկետը լրանալու ուժով որակավորման վկայականը համարվում է դադարած՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

7) մեկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքով եւ ռիելթորական գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները մեկից ավելի անգամ խախտելու պարագայում.

8) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված՝ մուտքագրման ենթակա պայմանագրերը, տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգ մեկից ավելի անգամ չմուտքագրվելու դեպքում.

9) առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելու դեպքում.

10) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պարտականությունների չկատարման դեպքում.

11) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում: Որակավորման հանձնաժողովի նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե ռիելթորը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով:

3. Որակավորման վկայականի գործողությունը կասեցվում է մեկամսյա ժամկետով մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի կողմից որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու միջոցով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով  եւ 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված դեպքերում կիրառվում է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տույժ:

5. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի կողմից որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչվելու միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով սահմանված դեպքերի:

6. Որակավորման վկայականը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը՝ վերջինիս անհապաղ կատարման ենթակա լինելու հիմքով:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված ռիելթորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված ռիելթորի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կասեցման հիմքերով եւ 2-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դադարեցման հիմքերով վարչական վարույթի հարուցման հիմք են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումները:

10. Լիազոր մարմնի կողմից որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, ուղարկվում է ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), այն ռիելթորական կազմակերպություն, որտեղ աշխատում կամ ծառայություն է մատուցում նա, իսկ գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջը եւ ռիելթորական ծառայությունների շրջանակում առկա բոլոր սուբյեկտներին՝ էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով: Որակավորված անձը համարվում է որոշման մասին պատշաճ ծանուցված այն միասնական տեղեկատվական համակարգում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում միասնական տեղեկատվական համակարգում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ միասնական տեղեկատվական համակարգից տեղեկություններ ստանալու համար եւ լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել միասնական տեղեկատվական համակարգից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան որոշումը էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Որակավորման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմինը ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) անվանացանկերում կատարում է համապատասխան նշում:

11. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ եւ 7-9-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու որակավորման վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

12. Որակավորման վկայականի գործողության դադարեցումը հիմք չէ օտարված, վարձակալության կամ կառավարման հանձնված անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների դադարման համար:

Հոդված 19. Ռիելթորական գործունեության ոլորտում Կառավարության իրավասությունները

1. Ռիելթորական գործունեության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի վարման, դրա շահագործման, համակարգի փոխգործելիության ապահովման, համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները, համակարգ մուտքի հասանելիություն (այդ թվում՝ պատվիրատուներին) տրամադրելու, համակարգում գրանցվելու, օգտատերերի հասանելիության աստիճանների եւ գործառույթների տեսակների, անվանացանկերի հրապարակման, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու, համակարգից քաղվածքներ գեներացնելու կարգը, ինչպես նաեւ մուտքագրվող տվյալների, այդ թվում՝ լուսանկարների նկատմամբ ներկայացվող պահանջները (այդ թվում՝ տվյալների ձեւաչափերը եւ որակը) եւ ցանկը, քաղվածքներին ներկայացվող պահանջները, դրանց տեսակները եւ օրինակելի ձեւերը.

2) սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դիմումները եւ կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, դիմումի ձեւը եւ բովանդակությունը.

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման քննությունների անցկացման եւ հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը.

4) մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման եւ ընտրության կարգը.

5) մասնագիտական հանձնաժողովի գործունեության եւ ուսումնասիրությունների իրականացման կարգը:

Հոդված 20. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը

1. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառում իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:

2. Լիազոր մարմինը՝

1) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը եւ առաջադրվող հարցերը.

2) հաստատում է որակավորման վկայականի ձեւը.

3) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով եւ հաստատում դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ երկու ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ, բարձրագույն ուսումնական հաստատության մեկ ներկայացուցիչ՝ առնվազն մեկ տարի ժամկետով: Մասնագիտական առաջին հանձնաժողովի կազմը ձեւավորվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, իսկ հաջորդող յուրաքանչյուր կազմը՝ նախորդ կազմի կողմից պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ: Մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման եւ ընտրության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Ռիելթորները եւ անշարժ գույքի կառավարիչները պարտավոր են իրականացնել մասնագիտական հանձնաժողովի անդամի իրենց պարտականությունները: Հանձնաժողովի նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում հանձնաժողովի անդամ հանդիսացող ռիելթորի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, իսկ անշարժ գույքի կառավարիչը հանվում է հաշվառումից: Մասնագիտական հանձնաժողովի նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե ռիելթորը կամ անշարժ գույքի կառավարիչը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով: Մասնագիտական հանձնաժողովի գործունեության եւ ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.

4) կազմակերպում եւ անցկացնում է ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունները.

5) սույն օրենքի 17-րդ, 18-րդ եւ 20-րդ հոդվածներով նախատեսված իրավական հիմքերից որեւէ մեկը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում համապատասխանաբար որակավորման վկայականի տրամադրման, վերաձեւակերպման կամ գործողության դադարեցման վերաբերյալ.

6) դիմում-բողոքների առկայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է վերահսկողություն ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների կողմից սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.

7) ստեղծում եւ ներդնում է միասնական տեղեկատվական համակարգ.

8) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) եւ անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների անվանացանկերը.

9) իրականացնում է վերահսկողություն «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.

10) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ 5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար

1. Գույքային վնասը, որը պատճառվել է ռիելթորական կազմակերպությունների, ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) կողմից ռիելթորական ծառայությունների մատուցման ընթացքում նրանց ոչ իրավաչափ գործողության, անգործության, իրենց պարտականությունների չկատարման կամ թերի կատարման կամ սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ պայմանագրի դրույթների խախտման հետեւանքով, ենթակա է փոխհատուցման ռիելթորական ծառայության պայմանագրի կողմ հանդիսացող վնաս պատճառողի կողմից: Այն վնասը, որն առաջացել է սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի իրավական եւ փաստաթղթային հավուր պատշաճի (due diligence) ուսումնասիրությունը չիրականացվելու կամ ոչ պատշաճ իրականացվելու հետեւանքով, փոխհատուցվում է սույն օրենքով սահմանված կարգով կնքված ապահովագրության պայմանագրի հիմքով ապահովագրական հատուցման միջոցով:

2. Գույքային վնասը, որը պատճառվել է անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) կողմից անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման ընթացքում նրանց ոչ իրավաչափ գործողության, անգործության, իրենց պարտականությունների չկատարման կամ թերի կատարման կամ սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ պայմանագրի դրույթների խախտման հետեւանքով, ենթակա է փոխհատուցման վնաս պատճառողի կողմից, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պատասխանատվության ապահովագրության պայմանագրի հիման վրա՝ ապահովագրական հատուցման գումարների հաշվին:

3. Վնասի չափը ապահովագրական հատուցման գումարի չափից մեծ լինելու պարագայում վնասը՝ մնացած մասով, ինչպես նաեւ ապահովագրական հատուցում չտրամադրվելու պարագայում՝ ամբողջությամբ, ենթակա է հատուցման վնաս պատճառող ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից: Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:
 

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 16-րդ եւ 20-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից:

2. Ռիելթորների որակավորման քննությունների անցկացման եւ հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը Կառավարությունը սահմանում է մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Որակավորման քննությունների հարցաշարերը, որակավորման վկայականի ձեւը լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է մինչեւ 2026 թվականի նոյեմբերի  1-ը:

4. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, ընդունվում են մինչեւ 2027 թվականի հունիսի 1-ը:

5. 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2027 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լիազոր մարմինն անցկացնում է առնվազն չորս որակավորման քննություն, որոնց արդյունքների հիման վրա որակավորման վկայականները տրամադրվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Մինչեւ սույն օրենքի պահանջներին համապատասխան սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված թվով որակավորված ռիելթորների առկայությունը լիազոր մարմնի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան իրականացվող որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ տնտեսագիտության կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն եւ կադաստր մասնագիտության գծով աշխարհագրական, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երեք ներկայացուցիչ:

7. Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը Կառավարության կողմից սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, անշարժ գույքի վաճառքի փոխգործելի կայքերում առկա անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ տվյալները անշարժ գույքի սեփականատերերն անձամբ կամ նոտարական կարգով վավերացված եւ միասնական տեղեկատվական համակարգի կողմից ստուգված լիազորագրի հիմքով լիազորված անձի միջոցով սույն օրենքով սահմանված կարգով մուտքագրում են միասնական տեղեկատվական համակարգ:

8. Անշարժ գույքի վաճառքի կայքերը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում պարտավոր են ապահովել իրենց կայքերում հրապարակված հայտարարությունների տարանջատումը՝ ըստ «Ստուգված է» կարգավիճակ ունենալու եւ չունենալու:

9. Սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կադաստրի կոմիտեի ղեկավարը հաստատում է ռիելթորական գործունեության որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ վճարովի վեցամսյա կրթական ծրագրերը, որոնք առնվազն պետք է ներառեն անշարժ գույքի վերաբերյալ իրավական, տեխնիկական եւ գործնական բաղադրիչներ: Նշված կրթական ծրագրերը կազմակերպում եւ իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Յուրաքանչյուր ծրագրի համար վճարները սահմանում են այդ հաստատությունները, եւ դրանք ենթակա են վճարման դասընթացի մասնակիցների կողմից:

10. Բարձրագույն կրթություն չունեցող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն հոդվածի 9-րդ մասում նշված կրթական ծրագրերի մեկնարկից հետո մասնակցել են դրանց  եւ ստացել այդ ծրագրերին մասնակցության հավաստագիր, կարող են այդ ծրագրերի մեկնարկից հետո՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, դիմել ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար՝ առանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի:

11. Սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով ռիելթորի որակավորման վկայական ստացած անձը պարտավոր է որակավորման վկայականն ստանալուց հետո՝ հինգ ուսումնական տարվա ընթացքում, ձեռք բերել բարձրագույն կրթություն եւ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո լիազոր մարմին ներկայացնել հաջորդ կուրս տեղափոխվելու վերաբերյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք: Եթե սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով ռիելթորի որակավորման վկայական ստացած անձը սույն մասով սահմանված ժամկետներում բարձրագույն կրթություն չի ստանում կամ հաջորդ կուրս տեղափոխվելու մասին սահմանված տեղեկանքը չի ներկայացնում լիազոր մարմին, ապա ռիելթորի որակավորման վկայականի գործողությունն օրենքի ուժով դադարեցվում է:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.12.2025
Երեւան
ՀՕ-387-Ն