Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-363-31.08.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով.
 
«2.2. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին:

2.3. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 2.2-րդ մասով սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այն բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:

2.4. Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Ընդ որում, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է բոլոր բանկերին ու համապատասխանաբար, պարտապանի մոտ մեկից ավելի բանկերում դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են բոլոր այդ բանկերում: Արդյունքում՝պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են հարկադիր կատարողի որոշման մեջ նշված գումարից ավել չափով, քանի որ եթե պարտապանի հաշիվները մեկից ավելի բանկեր են սպասարկում, ապա պարտապանի դրամական միջոցները հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելադրվում են մեկից ավելի բանկերում:
 
Թեեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ, սակայն բաց է մնացել այն դեպքը, երբ պարտապանի առկա դրամական միջոցների վրա հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելանք է դնում մեկից ավելի բանկ (հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով՝ յուրաքանչյուր բանկը):
 
Միաժամանակ, կարգավորված չէ նաեւ այն դեպքը, երբ պարտապանը կատարողական վարույթի ընթացքում մասամբ կատարում է իր պարտավորությունը: Գործող կարգավորմամբ՝ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին մասնակի կատարված պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցներ:
 
Օրենսդրական կարգավորման բացով պայմանավորված վերոնշյալ իրավիճակները հակասության մեջ են մտնում 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի (Սեփականության իրավունքը) հետ, քանի որ զրկում են քաղաքացիներին օրինական հիմքով ձեռք բերած եւ իրենց սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքից: Ընդ որում, այն սեփականության (դրամական միջոցների), որոնց նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված չէ օրենքով, քանի որ փաստորեն գերազանցում է պարտապանի պարտավորության կատարման համար անհրաժեշտ եւ հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափը:
 
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ մի կողմից լուծվում են պրակտիկայում հաճախակի հանդիպող վերոնշյալ խնդիրները, մյուս կողմից ապահովվում է մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքի իրացումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ