Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-364-03.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 149-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի» բառերը փոխարինել «, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի» բառերով.

2) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետում «պատճառելու սպառնալիքով» բառերը փոխարինել «պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով» բառերով.

բ. «երեքից մինչեւ հինգ» բառերը փոխարինել «չորսից վեց» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասում «երեքից մինչեւ հինգ» բառերը փոխարինել «չորսից վեց» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «փոփոխելը,» բառից հետո լրացնել «ընտրողի քվեաթերթիկը  կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը,» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «կամ կազմակերպված խմբի կողմից» բառերով,

բ. «երեքից հինգ» բառերը փոխարինել  «չորսից ութ» բառերով,

գ. «առավելագույնը» բառը փոխարինել «մեկից» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածում՝

1) «Կեղծ տվյալներ հայտնելու,» բառերից առաջ լրացնել «1.» թիվը

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով» բառերից առաջ լրացնել «1.» թիվը,

բ. «երեք» բառը  փոխարինել «հինգ» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ՝ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյուքը տեսանելի ձեւով քվեարկելը, ինչպես նաեւ շահադիտական նպատակով կամ տրված խոստումի հիման վրա քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի կամ այլ առարկայի հրապարակման միջոցով խախտելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից  յոթ տարի ժամկետով:

5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անուն, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր եւ այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 7. Օրենսգրքի 154.7-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 154.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խնբագրությամբ.

«Հոդված 154.8. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը

1. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ   
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար: Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նույն հոդվածի երկրորդ մասով վարչական պատասխանատվություն է սահմանված բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու համար:

Դրա հետ մեկտեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալու, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալու կամ տրամադրելու համար:

ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածի 1-ին մասով եւ քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք հիմնականում համընկնում են, ինչը վկայում է այդ արարքների հանրային վտանգավորության բնույթի եւ աստիճանի համարժեքության մասին: Այսպես, նշված վարչական իրավախախտման օբյեկտ է համարվում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները (ՎԻՎՕ-ի 5-րդ գլխի վերնագիր), իսկ նշված հանցագործության օբյեկտ՝ մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները (քր.օր.-ի-ի 19-րդ գլխի վերնագիր):  Վարչական իրավախախտման առարկա են հանդիսանում դրամը, սննդամթերքը, արժեթղթերը, ապրանքները եւ ծառայությունները, իսկ հանցագործության առարկա՝ դրամը, գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, արժեթղթերը կամ որեւէ այլ առավելությունը: Օբյեկտիվ կողմից նշված վարչական իրավախախտումը դրսեւորվում է ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) ձեւով, իսկ նշված հանցագործության օբյեկտիվ կողմը՝ անկախ կատարման ժամանակից, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալով, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալով կամ տրամադրելով: Ե՜վ վարչական իրավախախտումը, եւ՜ հանցագործությունը կատարվում են ուղղակի դիտավորությամբ՝ թե՜ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից, թե՜ ընդհանուր սուբյեկտների կողմից: Թեեւ քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայից դա ուղղակիորեն չի բխում, սակայն ընտրակաշառք տալու սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ պետք է հանդիսանա նպատակը. ընտրակաշառքը ընտրողին տրվում է թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար:

Վերոնշյալ հատկանիշների համադրումից դժվար չէ նկատել, որ ՎԻՎՕ-ի  40.10-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը, ըստ էության, հանդիսանում է քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության՝ ընտրակաշառք տալու քողարկված ձեւ, որի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է ժամանակը (ըստ էության՝ ընտրությունների ժամանակ): Սակայն քր.օր.-ով նախատեսված առավել խիստ պատժի պայմաններում նման իրավական կարգավորումն արդարացված չի թվում, քանի որ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալը, որը ներկայումս առաջացնում է ընդամենը վարչական պատասխանատվություն, իր հանրային վտանգավորության բնույթով եւ աստիճանով չի զիջում քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը:

Բացի դրանից, ներկայիս օրենսդրական կարգավորման պայմաններում քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընտրակաշառք տալու սուբյեկտիվ կողմը՝ մասնավորապես նպատակը, հստակ սահմանված չէ, ինչը գործնականում կարող է դժվարություններ ստեղծել ընտրակաշառք տալու եւ նախընտրական քարոզչության ժամանակ դրամ կամ ապրանքներ տրամադրելու սահմանազատման ընթացքում:

Քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով ներկայումս քրեականացված չեն մի շարք արարքներ, որոնց հանրային վտանգավորությունը համարժեք է քրեականացված արարքներին, խոսքը, մասնավորապես, ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, ընտրողին կաշառք առաջարկելու մասին է: Բացի դրանից, կաշառք տալու եւ ստանալու նպատակների մեջ նշված չեն գործնականում հնարավոր այնպիսի նպատակներ, ինչպիսիք են մեկից ավելի անգամ քվեարկելը կամ այլ անձի փոխարեն քվեարկելը:

Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ, 149.1 հոդվածի 2-րդ, 150 հոդվածի 2-րդ, 153 հոդվածի, 154 հոդվածի, 154.2-րդ հոդվածի բոլոր մասերով եւ 154.7 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների հանրային վտանգավորությունը չի համապատասխանում գործող օրենսգրքով ամրագրված պատժաչափերին: Այս հանցագործությունները, երբ կատարվում են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ըստ էության, նպատակ են ունենում խոցելու սահմանադրական կարգի ձեւավորումը: Որոշ դեպքերում (օրինակ՝ 153 եւ 154 հոդվածներում) անգամ տարանջատված չէ այն դեպքը, երբ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, այնինչ դրանից էականորեն փոխվում է արարքի հանրային վտանգավորությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածը ենթադրում է, որ ընտրություններն ու հանրաքվեներն անցնում են գաղտնի քվեարկությամբ: «Հայաստանի հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, իր հերթին, ամրագրում է, որ ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Այնինչ՝ ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության պահանջի խախտումը քրեական օրենսգրքով արգելված արարք չէ:

Քրեական օերնսգրքի 154.8 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալու համար, ինչը հանրային վտանգավորություն չունեցող արարք է: Ավելին՝ այդ կարգավորումը կարող է բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիների զերծ պահել  այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հայտարարություն տալուց, ինչը բացասաբար կանդրադառնա ընտրական հանձնաժողովի որոշման մեջ ընտրությունների իրական պատկերի արտացոլման վրա: Ընդ որում՝ նույն արարքը դիտավորությամբ կատարելու համար նախատեսված պատժաչափը էականորեն ավել է սուտ մատնության համար նախատեսված պատժաչափից, այնինչ արարքը ունի նույն հանրային վտանգավորությունը եւ, ըստ էության, իրենից ներկայացնում է հանցագործության մասին դիտավորությամբ արված սուտ հայտարարություն, ուստի դրա պատժաչափը չի կարող էապես տարբերվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի պատժաչափից:

Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը կարգավորում է հանցագործությունների նախաքննության քննչական ենթակայությունը: Դրա 6-րդ մասով նախատեսված է, որ, անկախ սուբյեկտային կազմից, Քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ): Այսինքն՝ ընտրակաշառք տալն ու վերցնելը (ՔՕ 154.2) քննում են ՀՔԾ-ի քննիչները, իսկ ընտրակաշառքի միջնորդությունը (ՔՕ 154.9)՝ քննչական կոմիտեի քննիչները: Սակայն բնական է, որ ընտրակաշառքի միջնորդությունը քննեն նույն մարմնի քննիչները, որոնք պետք է քննեն ընտրակաշառք տալն ու վերցնելը:

Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 40.3 հոդվածով ամրագրված արարքի համար նախատեսված սանկցիան նույնն է բոլոր տեսակի ընտրությունների համար, մինչդեռ նշված զանցանքի վտանգավորությունն ու ծավալը կախված է ընտրության տեսակից, եւ ուրեմն կարիք կա դրա սանկցիան փոխկապակցել ընտրության տեսակի ու մասշտաբի հետ:

«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք դրույթներով ամրագրվում է ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց ցանկը, այլ անձանց գտնվելու արգելքը: Ավելին՝ ամրագրվում է նաեւ տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց որոշակի պարտականություններ (մասնավորապես՝ վկայականը տեսանելի կերպով կրելը): Սակայն այդ կարգավորումների խախտման համար որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ նման օրինախախտումները նվազեցնում են ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը, դժվարեցնում են ընտրական հանձնաժողովի կողմից պատշաճ վարչարարության իրականացմանը եւ, խախտելով ընտրական տեղամասում օրինականության մթնոլորտը, հիմքեր են դնում այլ իրավախախտումների համար:

Հարկ է հավելել, որ նման իրավախախտումների առատությունը վերջին համապետական քվեարկությունների ժամանակ արձանագրել են թե՜ տեղական, թե՜ միջազգային դիտորդական առաքելությունները:

ՎԻՎՕ 401 -404, 40.6 - 40.14 (ընտությունների հետ անմիջականորեն կապված զանցանքների) հոդվածներով վարչական իրավախախտումների վերաբերյալ նախատեսված է իրավասու ընտրական հանձնաժողովում արձանագրության կազմում, որի հիման վրա՝ վարչական դատարան հայցի ներկայացում: Այնինչ՝ նշված իրավախախտումները հաճախ արձանագրում են երկարաժամկետ (քարոզարշավի ժամանակ) եւ կարճաժամկետ (քվերկության օրը) դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը: Գործող իրավակարգավորումներով նշված բոլոր սուբյեկտները պետք է դիմեն իրավասու ընտրական հանձնաժողով՝ արձանագրություն կազմելու եւ դատարան դիմելու պահանջով:

Ավելին՝ իրավասու ընտրական հանձնաժողովից մերժվելու դեպքում նշված սուբյեկտները դիմում են դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել ընտրական հանձնաժողովին արձանագրել իրավախախտումը եւ դիմել դատարան: Այդպիսի դատական քննության ժամանակ, ըստ էության, քննության առարկա է դառնում վարչական իրավախախտման լինել/չլինելու փաստը: Եվ նման փաստը հաստատելու դեպքում դատարանը պարտավորեցնում է ընտրական հանձնաժողովին դիմել դատարան՝ զանցանքը գործած անձանց վարչական պատասխանատվության կանչելու պահանջով:

Այս ընթացակարգը հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու, ընտրությունների ժամանակաշրջանում ընթացակարգերը նվազ ժամանակատար սահմանելու տրամաբանությանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլեւ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով:

Օրինակ՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով որպես հանցագործություններ են նախատեսված թե՜ ընտակաշառք տալը եւ ստանալը, եւ թե՜ նախընտրական քարոզչության իրականացումը հիմնարկներին, հաստատություններին, կազմակերպություններին ոչ իրավաչափ օգուտի կամ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատույց տրամադրման միջոցով: Ընդ որում՝ նշված արարքի համար նախատեսված է ավելի խիստ պատիժ, քան ընտրակաշառք տալու համար (առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում՝ առավելագույնը երեք տարվա համեմատությամբ):

Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը եւ (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը եւ (կամ) պատկերը բովանդակող եւ որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները:

Բացի դրանից, առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ընտրակաշառք տալը նախատեսել հոդվածի առանձին մասով՝ դրանում հստակ սահմանելով հանցագործության նպատակը՝ թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք տալու նպատակը:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է նաեւ քրեականացնել քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով ներկայումս չնախատեսված հետեւյալ արարքները՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը: Բացի դրանից, առաջարկվում է կաշառք տալու եւ ստանալու նպատակների մեջ նշել նաեւ գործնականում հնարավոր այնպիսի նպատակներ, ինչպիսիք են մեկից ավելի անգամ քվեարկելը կամ այլ անձի փոխարեն քվեարկելը:

Ներկայիս օրենսդրական կարգավորման համաձայն՝ ընտրակաշառք տալու եւ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու որակյալ տեսակ է համարվում նույն արարքի կատարումը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի 2.1 մաս): Նշված ծանրացնող հանգամանքը նախատեսվել է 04.05.2018թ. օրենսդրական լրացման արդյունքում: Առավել վտանգավոր ընտրական հանցագործությունների համար պատժի խստացման այդ միտումը լիովին հիմնավորված է՝ պայմանավորված ներկայիս քաղաքական իրադրությամբ: Այդ միտումը հաշվի առնելով՝ հիմնավորված է թվում նաեւ քննարկվող հանցագործության նոր, այնպիսի որակյալ տեսակի օրենսդրական նախատեսումը, ինչպիսին նույն արարքի կատարումն է երկու կամ ավելի անձի նկատմամբ:

Այդ ծանրացնող հանգամանքի նախատեսումը հիմնավորվում է հետեւյալ փաստարկներով.

Առաջին՝ երկու կամ ավելի ընտրողին ընտրակաշառք տալը կամ նրանց կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը բնութագրվում է հանրային վտանգավորության ավելի բարձր աստիճանով, քանի որ հանգեցնում է տվյալ հանցագործության օբյեկտին ավելի մեծ վնաս պատճառելուն:

Երկրորդ՝ ընտրակաշառք տալը ոտնձգություն է ոչ միայն եւ ոչ այնքան կոնկրետ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, որքան սահմանադրական կարգի հիմունքների դեմ, քանի որ այդ հանցանքների զանգվածային կատարման արդյունքում խախտվում է սահմանադրական հիմունքների կարեւոր բաղադրիչներից մեկը՝ ժողովրդի կողմից իր իշխանության իրականացումը ՝ ազատ ընտրությունների միջոցով: Պատահական չէ, որ որոշ երկրներում ընտրակաշառք տալը եւ այլ ընտրական հանցագործությունները ոչ թե մարդու, այլ պետության դեմ հանցագործություններ են: Այսպես, օրինակ, Դանիայի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում ընտրակաշառք տալու եւ ստանալու համար, նախատեսված է քրեական օրենսգրքի 13-րդ գլխում, որը վերնագրված է «Սահմանադրության եւ պետության բարձրագույն մարմինների դեմ ուղղված հանցագործություններ»: Գերմանիայի քրեական օրենսգրքի 108 b պարագրաֆը (կաշառքը ընտրական իրավունքի իրականացման ընթացքում) նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ մասի 4-րդ բաժնում, որը վերնագրված է «Սահմանադրական, ընտրական մարմինների եւ քվեարկության մարմինների դեմ ուղղված հանցավոր արարքներ»:

Երրորդ՝  նշված ծանրացնող հանգամանքը առավել տիպային է տվյալ հանցագործության համար: Եվ վերջապես՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ նշված հանցագործության կատարման համար պատիժը խստացնելու լրացուցիչ հիմնավորում է համարվում նաեւ այն, որ այդ հանցագործությունը բնութագրվում է լատենտայնության բարձր մակարդակով, ինչի պատճառով դրանց բացահայտումը էականորեն դժվարանում է նաեւ այն պատճառով, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումները (օրինակ՝ ներքին դիտումը, հեռախոսային խոսակցությունների վերահսկումը) թույլատրվում է կատարել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով:

2. Փոփոխություններով առաջարկվում է խստացնել պատժաչափերը Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ, 149.1 հոդվածի 2-րդ, 150 հոդվածի 2-րդ եւ 154.7 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների համար, իսկ ՔՕ 153 հոդվածներ ավելացնել երկրորդ մաս՝ ավելի ծանր պատասխանատվություն սահմանելով այդ արարքների համար, եթե դրանք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից: Նախագծով Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածը լրացվել է 2-րդ մասով, որի համաձայն քրեորեն պատժելի է քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ՝ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյուքը տեսանելի ձեւով քվեարկելը, ինչպես նաեւ շահադիտական նպատակով կամ տրված խոստումի հիման վրա քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի կամ այլ առարկայի հրապարակման միջոցով խախտելը: Սրանով քրեականացվում է այն երեւույթը, երբ քվեարկողը որեւէ մեկին նախապես խոստանում է քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին եւ հետագայում ի հավաստումն իր խոստման հրապարակում է քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթուղթ կամ այլ առարկա, օրինակ` լուսանկարում է իր քվեարկած քվեաթերթիկը: Հանցակազմի կարեւոր հատկանիշ է դրա կատարման նպատակը. քվեարկության գաղտնիությունը պետք է բացահայտված լինի նախապես տրված խոստման հիման վրա կամ շահադիտական նպատակներով:

3. Փաթեթով առաջարկվում է ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգքրի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն:

4. Առաջարկվում է ապաքրեականացնել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալը: Իսկ դիտավորությամբ արված նույն արարքի հիմնական պատժաչափը սահմանել ճիշտ այնքան, որքան օրենսդիրն այն սահմանել է սուտ մատնության համար:

5. Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում առաջարկվում է ամրագրել, որ ընտրակաշառքի միջնորդության քրեական գործերի նախաքննությունը վարում են Հատուկ քննչական ծառայության քննիչները:

6. Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 40.3 հոդվածով ամրագրված արարքի համար նախատեսված սանկցիան առաջարկվում է կապակցել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի հետ:

7. Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օերնսգիրքը լրացնել եւս մեկ՝ 40.15 հոդվածով, որով պատասխանատվություն կսահմանվի տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից ելումուտի կանոնները ակնհայտ դիտավորությամբ խախտելու եւ տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցողի կողմից վկայական չկրելու համար:

8. Փոփոխությունների բաթեթով առաջարկվում է ՎԻՎՕ 401 -404, 40.6 - 40.14 (ընտությունների հետ անմիջականորեն կապված զանցանքների) հոդվածներով վարչական իրավախախտումների դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին հնարավորություն տալ առանց իրավասու ընտրական հանձնաժողովին դեմելու միանգամից դիմելու վարչական դատարան՝ զանցանքը գործած անձանց վարչական պատասխանատվության կանչելու պահանջի մասին հայցադիմումով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքների քրեականացումը եւ դրանց համար համարժեք պատժի նախատեսումը, ինչպես նաեւ մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունը արարքի հանրային վտանգավորությանը, այլեւ առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները: Բացի դրանից, օրենսդրական առաջարկության ընդունմամբ` ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները եւ կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից:

Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է նաեւ հստակեցնել ընտրակաշառք տալու սուբյեկտիվ կողմի օրենսդրական ամրագրումը, ինչպես նաեւ քրեականացնել ներկայումս հանցագործություն չհամարվող մի շարք արարքներ՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամ խախտելը:

Նախատեսվում է նաեւ, որ փոփոխությունների արդյունքում բարեխիղճ քաղաքացիների մոտ կվերանա այլ` անձի փոխարեն քվեարկելու մասին ընտրական հանձնաժողովներին հայտարարություն տալու կաշկանդվածությունը:

Բացի դրանից, երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարվելը որպես ընտրակաշառք տալու եւ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ծանրացնող հանգամանք  նախատեսելը, թույլ կտա այդ արարքի համար նախատեսել որոշակի ժամկետով ազատազրկում՝ չորսից վեց տարի, ինչի արդյունքում այն կդասվի ծանր հանցագործությունների շարքին, եւ էականորեն կբարձրանա օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում տվյալ հանցանքի բացահայտման հավանականությունը:

Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանա ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության եւ մեղավորների պատասխանատվության կանչելու համար եւ այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:

Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձեւավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի  ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի   ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N  - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին  տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ