Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-348-11.07.2018-ԵԻ,ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թ., «որը բաղկացած է երկու՝ «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներից, այն պետք է իրականացվի 2014-2020 թթ. ընթացքում: Ներկայում նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է (միայն «Մշակույթ» բաղադրիչի կիրարկման համար 2014-2020 թթ. նախատեսվում է 454.8 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի առավել ակտիվ հասարակական կազմակերպություն-ներին եւ հրատարակչական ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին):

Նշյալ ծրագիրը հասանելի է ԵՄ անդամ երկրներին, այդ թվում՝ Իսլանդիային, Նորվեգիային, Մոլդովային եւ Վրաստանին։

Ծրագրի ֆինանսական պարտավորությունը՝ «Մշակույթ» բաղադրիչին միանալու դեպքում, կազմում է 52 հազար եվրո:

Միանալով «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին՝ հայաստանյան մշակութային ոլորտի կազմակերպությունները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու եվրոինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի եւ կինոարտադրության ոլորտներում:
«Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան միջեւ «Ստեղծագործ Եվրոպա»-ին՝ Միության մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար նախատեսված ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թ. մարտի 20-ին Արմեն Ամիրյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ:

ԵՄ կողմից փաստաթուղթը ստորագրել է Կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի, հարցերով եվրոպական հանձնակատար Թիբոր Նավարաչիչը:

Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի համաձայն, այն ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցում ստանալու օրվանից, որով Հայաստանը Հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով կծանուցի, որ դրա ուժի մեջ մտնելու համար իր ներպետական իրավական ընթացակարգերն ավարտվել են:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի 2018թ. Նախաձեռնություններին մասնակցելու համար անհրաժեշտ է Հուշագրի ուժի մեջ մտնելու գործընթացներն ավարտել մինչեւ ս.թ. հուլիսի վերջին շաբաթը:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ մակույթի նախարարությունը նպատակահարմար է գտնում հուշագրի վավերացումը:


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ
ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ

Փոխըմբռնման հուշագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

28 հունիսի 2018 թվականի N 724 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. հուլիսի 2
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 724 -Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, հուշագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության եւ հուշագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության մասին, հուշագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը ( 10 հուլիսի 2018 թվականի ՍԴՈ-1425):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ