Armenian ARMSCII Armenian

ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Լրամշակված տարբերակ



Կ-3281 -11.06.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ բաժնում լրացնել նոր՝ 31.4 գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 31.4

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
 

ՀՈԴՎԱԾ 222.12. Օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

1. Օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք վարչական դատարան կարող են դիմել ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների կամ ապաստանի մասին» օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշումը վիճարկելու պահանջով:

ՀՈԴՎԱԾ 222.13. Վարչական դատարան դիմելը եւ հայցադիմումների քննության ժամկետները

1. Սույն օրենսգրքի 222.12 հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան հայցադիմում կարող է ներկայացվել «Փախստականների կամ ապաստանի մասին» օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

3. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Սույն գլխով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

ՀՈԴՎԱԾ 222.14. Վարույթը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում

1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է գործը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը  ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

3. Վերաքննիչ դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է գործը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

6. Վճռաբեկ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վճռաբեկ բողոքը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

7. Վճռաբեկ դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի քննության վրա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ