Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-306-19.04.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ եւ 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:

2. Եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ դրա մասին հայտարարում մեղադրյալին, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 259-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը՝ իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

3. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:

4. Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածի համաձայն՝ եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ եւ 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները: Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ այդ մասին հայտարարում մեղադրյալին:

Այսինքն՝ վերոհիշյալ դրույթների տառացի մեկնաբանությունը վկայում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է միայն առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու հնարավորություն: Այնինչ, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձի առնչությամբ քննվող գործով ի հայտ գան այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք տան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար, այդ թվում՝ մեղմացման առումով, սակայն անձին մեղադրանք առաջադրված չլինի՝ վերջինիս հետախուզման մեջ գտնվելու պատճառով: Այս դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորության հարցը, առկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում, խիստ վիճելի է եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

1.2 Մեղադրյալի հետախուզման ինստիտուտի քրեադատավարական կարգավորմանը նվիրված Օրենսգրքի 259-րդ հոդվածը, սահմանելով մեղադրյալի հետախուզման հասկացությունը, դրա դատավարական կարգի իրացման առումով նախատեսում է միայն ընդհանուր բնույթի կարգավորումներ, ինչը գործնականում կարող է հանգեցնել անհստակությունների, երկակի իրավակիրառ պրակտիկայի, հաճախ էլ՝ չարաշահումների պատճառ հանդիսանալ: Այսպես՝ քրեադատավարական օրենքում կարգավորված չէ մեղադրյալի հետախուզում հայտարարելու դեպքում դրա կատարումը հետաքննության մարմնին հանձնարարելու հետ միաժամանակ վերջինիս քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագրի, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենները ուղարկելու, միաժամանակ ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող մեղադրյալի նկատմամբ հետախուզական գործ կազմելու մասին որոշման վերաբերյալ հետաքննության մարմնի կողմից քննիչին տեղեկացնելու դատավարական պարտականություն, ինչը գործնականում կարող է հանգեցնել հետախուզական աշխատանքի կազմակերպման բարդությունների, հաճախ էլ՝ քրեական հետապնդման մարմինների անգործության: Ու թեեւ դատավարական բնույթի վերոհիշյալ պարտականություններն ամրագրող դրույթներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գաղտնի որոշմամբ, այդուհանդերձ, նման օրենսդրական կարգավորումը վիճելի է, այդ թվում՝ առերեւույթ չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներից:

Այսպես՝ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Բացի այդ, Օրենսգրքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջները կարգավորող 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված եւ կանոնակարգված ձեւով շարադրված օրենքն է:

Այսպիսով՝ քննիչի եւ հետաքննության մարմնի վերոհիշյալ դատավարական բնույթի պարտականությունները նախատեսված են ոչ թե Օրենսգրքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, ինչն առերեւույթ հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ գործնականում կարող է հետախուզական գործի կազմակերպման բարդությունների, հիշյալ գործունեության նկատմամբ հսկողության կառուցակարգերի բացակայության պատճառով անվերահսկելի իրավիճակների եւ չարաշահումների պատճառ հանդիսանալ:

Բացի այդ, Նախագծով առաջարկվում է հանել Օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը, քանի որ քննիչի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հնարավորությունը նախատեսված է օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով: Նման պայմաններում Օրենսգրքում 259-րդ հոդվածում եւս նման նորմ նախատեսելն իմաստազուրկ է եւ անհիմն կրկնում է Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կարգավորումը:

Այսպիսով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է իրավական անորոշությունը բացառելու, իրավական նորմի կարգավորման առարկան հանդիսացող բոլոր հնարավոր իրավիճակները հաշվառելու, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, քրեական հետապնդման մարմինների դատավարական բնույթի պարտականությունները քրեադատավարական օրենքում հստակորեն ամրագրելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դիսպոզիցիան՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին օրենքով նախատեսված դեպքում փոփոխել եւ լրացնել ինչպես առաջադրված մեղադրանքը, այնպես էլ մեղադրանքն առհասարակ՝ համապատասխան որոշմամբ փոփոխություններ կատարելով անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ այն դեպքերում, երբ մեղադրյալը բացակայում է քննությունից: Բացի այդ, Նախագիծը միտված է Օրենսգրքում հստակորեն ամրագրելու քրեական հետապնդման մարմինների (քննիչ, հետաքննության մարմին) դատավարական բնույթի պարտականությունները մեղադրյալի հետախուզման իրականացման գործընթացում՝ առաջարկելով համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքի 259-րդ հոդվածում:

Առաջարկվող իրավակարգավորումը բխում է օրինականության, արդարության, խտրականության բացառման սկզնունքներից եւ կոչված է ապահովել քրեական վարույթի պատշաճ ընթացքն ու անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի եւ 259-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պարկտիկան՝ նպաստելով քրեական վարույթի պատշաճ ընթացքի ու անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
 

Տեղեկանք գործող օրենքներիի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն Արա Բաբլոյանին


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացա-կայության մասին տեղեկանքը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հան-րապետության կառավարության եզրակացությունը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի .. ...-ի N ...-. որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ