Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-487-26.01.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112, այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` «զ» կետով.

«զ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի 3-րդ պարբերության «գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման» բառերը փոխարինել «գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածը, 1-ին մասից հետո, լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11 -րդ մասով.

«11 . Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել նորխմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի եւ գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` մինչեւ նշված վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 15-ը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա եւ ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11-րդ մասով.

«11. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները (հակամրցակցային համաձայնությունները), որոնք արտահայտվել են՝

-խտրական գների սահմանմամբ,

- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,

- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջան՟նե՟րի,

- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա իրացման ծավալի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի իրացման ծավալի մեկ տոկոսի չափով:

3. Գերիշխող դիրքի չարաշա՟հու՟մը, որն արտահայտվել է՝

- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առեւտրի այլ պայ՟ման՟ների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,

- առեւտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ՝ ի վնաս սպառողի շահերի, այդ թվում՝ արհեստական պակասորդի ստեղծմամբ՝ արտադրու՟թյան չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու մի՟ջոցով,

- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,

-պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,

- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ,

- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա իրացման ծավալի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի իրացման ծավալի մեկ տոկոսի չափով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացումը չհայտարարագրելն կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելն`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա իրացման ծավալի երկու տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի իրացման ծավալի երկու տոկոսի չափով»:

5. Անբարեխիղճ մրցակցությունը, որն արտահայտվել է`

- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացմամբ,

- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկա՟բեկմամբ,

- հասարակության մոլորեցմամբ,

- տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասմամբ,

- չբացահայտված տեղեկատվության նկատմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:»:

6. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:

7. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով եւ Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի մինչեւ հարյուրա՟պա՟տի՟կի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հազարապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) գործունեության ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կի՟րառման փորձի ամփոփումը անհրաժեշտություն է առաջացրել հստակեցնել Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանը, գործառույթների իրականացմանը եւ Օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք դրույթներ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով (4.36-րդ կետ) նախատեսված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով հստակեցնել Հանձնաժողովի իրավասությունները եւ գործառույթները, կոնկրետացնել Հանձնաժողովի կողմից տույժերի կիրառման ընթացակարգերը, ընդլայնել Հանձնաժողովի կողմից տեղեկությունների հավաքագրման իրավասությունները: Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

1. Նախագծի 1-ին հոդվածը նպատակ ունի Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` գերիշխող դիրքի չարաշահման դրսեւորումները լրացնել նոր եղանակով: Նշված լրացման օբյեկտիվ անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն խոչընդոտել (սահմանափակել) այլ տնտեսվարող սուբյեկտների մուտքը համապատասխան ապրանքային շուկա կամ նրանց դուրս մղել շուկայից, ինչը Օրենքի7-րդ հոդվածի 2-րդ մասի առկա խմբագրությամբ նախատեսված չէ որպես գերիշխող դիրքի չարաշահման առանձին դրսեւորում:

2. Նախագծի 2-րդ հոդվածը նպատակ ունի կոնկրետացնելու գերիշխող դիրքի չարաշահման դեպքում տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման մասին որոշում ընդունելու Հանձնաժողովի իրավասությունը, հստակեցնելու ապախոշորացման սահմանումը եւ նախատեսելու դրա մեխանիզմները:

3. Նախագծի 3-րդ հոդվածը միտված է Հանձնաժողովի կողմից հարցերի քննարկման կամ հետազոտությունների անցկացման բնականոն ընթացքի ապահովմանը եւ սահմանում է Հանձնաժողովի տրամադրության տակ առկա փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հիման վրա որոշումների ընդունման իրավասությունն այն դեպքերում, երբ տնտեսվարող սուբյեկտների կողմից խոչընդոտ է հարուցվում հարցի քննարկման կամ հետազոտության անցկացման համար, իսկ սահմանված` վարչական կամ դատական ընթացակարգերի միջոցով նման խոչընդոտների վերացման համար պահանջվում է որոշակի տեւական ժամանակահատված:

4. Նախագծի 4-րդ հոդվածի նպատակն է Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված` Հանձնաժողովի անդամների կողմից եկամուտների հայտարարագրերի ներկայացման դրույթը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, այդ թվում նաեւ` Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող հարաբերությունները արդեն իսկ կանոնակարգված են «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Նախագծի 5-րդ հոդվածը խնդիր ունի ամրագրել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտների կողմից տվյալ ապրանքային շուկայում իրենց գործունեության տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Հանձնաժողով 6-ամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն` այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով:

6. Նախագծի 6-րդ հոդվածը նպատակ ունի Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` Հանձնաժողովի նիստի վերաբերյալ շահագրգիռ անձանց ծանուցման պարտավորություն նախատեսել միայն նշված նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում: Առաջարկվող փոփոխությունը միտված է Հանձնաժողովի գործունեության օպերատիվության եւ արդյունավետության բարձրացմանը, տնտեսվարող սուբյեկտներին Հանձնաժողովի նիստերին քննարկվող տարաբնույթ (տեղեկատվություն ներկայացնելու, ապրանքային շուկաների վերլուծության արդյունքների եւ այլն) հարցերի մասին անհարկի ծանուցման բացառմանը, պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցերի քննարկման դեպքում տնտեսվարող սուբյեկտներին պաշտպանվելու հնարավորության երաշխավորման նպատակով նրանց նախնական պարտադիր ծանուցման պարտավորության որոշակիացմանը: Հարկ է նշել նաեւ, որ ծանուցման հասկացությունը եւ մեխանիզմները ամրագրված են Օրենքի 4-րդ հոդվածում:

7. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է վարչական վարույթի` առավելագույնը 30-օրյա ժամկետ: Նույն մասի համաձայն` օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված լրացման նպատակն է` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել վարչական վարույթի իրականացման հատուկ` 90-օրյա ժամկետ` հաշվի առնելով Հանձնաժողովի կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձնահատկությունները:

8. Նախագծի 8-րդ հոդվածը նպատակ ունի փոփոխել Օրենքի 36-րդ հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկման եղանակը` առաջնային սահմանելով տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում նախորդ տարվա իրացման ծավալի ամրագրված տոկոսային դրույքաչափի կիրառումը, ինչպես նաեւ հստակեցնել Օրենքի 12-16-րդ հոդվածներով սահմանված անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների համար պատասխանատվության միջոցները` նախատեսելով տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար տուգանքի սահմանված դրույքաչափերի կիրառում: Նշվածը միտված է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների կանխարգելման եւ մրցակցային միջավայրի կանոնակարգման նպատակով հստակեցնել Հանձնաժողովի կողմից կիրառման ենթակա տուգանքների հասցեագրումը` ըստ տնտեսվարող սուբյեկտների տվյալ ապրանքային շուկայում ֆինանսատնտեսական գործունեության (իրացման ծավալների) արդյունքների: Տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքային շուկայում նախորդ օրացուցային տարում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում Նախագծով առաջարկվում է տուգանքի հաշվարկման երկընտրական (ալտերնատիվ) եղանակի սահմանում, այն է` տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա գործունեության ժամանակահատվածի իրացման ծավալի որոշակի տոկոսի չափով տուգանքի կիրառումը: Միաժամանակ Նախագծի 8-րդ հոդվածը սահմանում է տուգանքի նշանակում` Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող` գերիշխող դիրքի չարաշահման համար:

9. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 37-րդ հոդվածը սահմանել նոր խմբագրությամբ` հաշվի առնելով հետեւյալը: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունն ապահովում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման համար պատասխանատվության համապատասխան միջոցների կիրառում` ըստ արարքի վնասարարության աստիճանի, տվյալ ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած դիրքի եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, դրանով իսկ ապահովելով արարքին համարժեք պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությունը: Այս պարագայում օրենքի խախտման հետեւանքով ստացված շահույթի փոխանցումը տնտեսվարող սուբյեկտների համար կհանդիսանա լրացուցիչ, չհիմնավորված պարտավորություն: Մյուս կողմից` անհրաժեշտ է ամրագրել Հանձնաժողովի որոշումների չկատարման համար պատասխանատվության միջոցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 35-րդ հոդվածով ամրագրված է տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումների կատարման պարտավորություն` որոշման մեջ նշված ժամկետում, սակայն նշված պարտավորության չկատարման համար իրավական հետեւանքներ Օրենքով նախատեսված չեն: Առաջարկվող փոփոխությունը կարեւորվում է նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումների կատարման հարցում կարգապահության ամրապնդման եւ Հանձնաժողովի որոշումների կատարման անխուսափելիության ապահովման տեսանկյունից: Նախատեսված բացառությունը (փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ որոշումների մասով) պայմանավորված է այն հանգամանքով, որ Հանձնաժողովի պահանջով փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելու համար պատասխանատվության հարցն արդեն իսկ կանոնակարգված է օրենքով: