Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-284-16.03.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի 9.1-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը եւ գրանցել արհեստակցական միությունը, կանոնադրության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության կամ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը: Արհեստակցական միության, ինչպես նաեւ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով եւ դեպքում»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«Արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը բխում է «Doing business 2017» հաշվետվությունում ներկայացված՝ Հայաստանի Հանրապետությունում առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությունից եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 02/23.18/26569-17 հանձնարարականից:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն եւ լրացումներ, որոնց արդյունքում արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 5 աշխատանքային օր, ինչպես նաեւ արհեստակցական միության պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 10 աշխատանքային օր:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կհանգեցնի արհեստակցական միությունների պետական գրանցման, արհեստակցական միությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման, արհեստակցական միության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման գործընթացի պարզեցմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 243- Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:


Հարգանքով՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ