Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2732-28.02.2018,14.03.2018-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասում «ապահովագրական» բառից հետո լրացնել «, հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետ.

«4.2. Սույն օրենքի դրույթները տարածվում են հանրային հեռուստաընկերությունների եւ հանրային ռադիոընկերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «լիազորված մարմին» բառերով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն ը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 42-րդ հոդվածով ամրագրվեց, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

Սահմանադրությամբ փոխվել է նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կարգավիճակը: Մասնավորապես, Սահմանադրության 12-րդ գլուխը 196-197-րդ հոդվածների միջոցով կարգավորում է արդեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որպես սահմանադրական մարմնի կարգավիճակը, գործառույթները եւ կազմավորման կարգը, մասնավորապես էական փոփոխության են ենթարկվել Հանձնաժողովի անդամների թվաքանակը, անդամների ընտրության եւ լիազորությունների դադարման կարգը, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:

Բացի այդ, Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Հանձնաժողովը վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը, իսկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի սամանում նման վերահսկողության մեխանիզմներ:

Սահմանադրության նոր կարգավորումների լույսի ներքո էական վերանայման կարիք ունեն նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կարգավիճակը, ձեւավորման կարգը եւ իրավասությունների շրջանակը: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն այլեւս լիազորություն չի կարող ունենալ Խորհրդի ձեւավորման գործընթացում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել Խորհրդի կարգավիճակի եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող լիովին նոր մոտեցումներ:

Վերոշարադրյալը վկայում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

1. սահմանվել են Հանձնաժողովի կազմը, անդամներին ներկայացվող պահանջները եւ լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը եւ կարգը, ինչպես նաեւ Հանձնաժողովի լիազորությունները:

2. նախատեսվել են Հանձնաժողովի կողմից մշտադիտարկման միջոցով հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կառուցակարգեր:

3. փոփոխվել են Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները եւ հստակեցվել են խորհրդի իրավասությունները:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել են Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակից բխող կարգավորումներ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը:

Տեղեկանք գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

6 մարտի 2018 թվականի N 232 - Ա

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ-
ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Անհետաձգելի համարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2018 թ. մարտի 14
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Ձեզ ենք ներկայացնում մեր 27.02.2018 թվականի թիվ 02/23.18/3062-18 գրությամբ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի (Կ-273-28.02.2018-ԳԿ) լրամշակված տարբերակը:

Կից՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, փոփոխված հոդվածների մասին տեղեկանքը եւ լրամշակված նախագծերի փաթեթի հիմնավորումը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ