Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ
Կ-26432 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը եւ ղեկավարումը

1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության տնօրենը:

2. Փրկարար ծառայության համակարգում գործում են գրասենյակը եւ կառուցվածքային ստորաբաժանումներ:»:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «հանրապետական գործադիր մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «համապատասխան նախարարություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, իսկ «հանրապետական գործադիր մարմնի ղեկավար» բառերը եւ դրանց հոլավաձեւերը՝ «համապատասխան նախարար» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները

1) Փրկարար ծառայությունը՝ իրականացնում է արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը եւ պահպանումը.

2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունըը.

5) կազմակերպում եւ իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքներ.

6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը եւ այդ հարցերով իրազեկմանը.

7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը.

8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը.

9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը եւ կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը.

11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն.

12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրություն, կազմակերպում եւ իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման միջոցառումներ.

13) կազմակերպում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը.

14) համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ.

15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը՝ ըստ փոխգործողությունների պլանների.

16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների եւ արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ.

17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում.

18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր.

19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը.

20) իրականացնում է փրկարար ուժերի եւ հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.

21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների եւ կազմավորումների նախապատրաստում` քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների եւ փրկարարական կազմավորումների ատեստավորումը.

23) մասնակցում է գիտատեխնիկական եւ նախագծային աշխատանքներին.

24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական եւ այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ եւ դրանք ներկայացնում է համապատասխան նախարարին.

25) արտակարգ իրավիճակների կանխման եւ կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների եւ տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի եւ պլանների մշակմանը.

27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը եւ նպատակային օգտագործմանը.

28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը .

29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.

30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու եւ զորահավաքային պատրաստականության խնդիրները.

31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.

32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը.

33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը եւ հաստատմանը.

34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեությունը.

35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.

36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկումն ու տեղեկատվության տրամադրումը.

կազմակերպություններին հակահրդեհային պահպանության եւ հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

2. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:

3. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:   

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ