Armenian ARMSCII Armenian
Կ-2646-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածից հանել «տեսչական» բառը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Կարգավորող մարմինը

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Կարգավորող մարմնի լիազորությունները

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածում նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`

1) մշակում եւ վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծեր.

2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաեւ անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը.

3) օրենքով եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների եւ սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում եւ անցկացնում է փորձաքննություն.

5) կազմակերպում եւ անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային եւ ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության եւ տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ իրականացնող եւ ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի եւ կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններ.

9) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ.

10) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների եւ տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.

11) տարեկան մեկ անգամ Կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

12) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ լրատվության միջոցներին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

13) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

14) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին.

15) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը եւ դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

16) կազմակերպում եւ համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի եւ այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը եւ պետական ռեգիստրի վարումը.

18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերը.

20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում եւ հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման հարցերով.

22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) եւ վերահսկողություն.

23) իր իրավասության սահմաններում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում:

2. Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին:»:

Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «գ», «դ», «ե», «զ», «է» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «ստուգումներ» բառերով:

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» բառով:

Հոդված 6. Օրենքի 31.6-րդ հոդվածում «տեսչական ստուգում» եւ «տեսչական ստուգումներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ստուգում» եւ «ստուգումներ» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: