Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2685-15.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.».

2) 7-րդ կետում «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների» բառերով,

3) 14-րդ կետում «հիմնարկների պետական հաշվառումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական մարմինների պետական հաշվառումը» բառերով,

4) մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.

«16.1) պետական մարմնի հաշվառում` հաշվառման ենթակա պետական մարմնի հաշվառումը պետության կողմից.».

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

«Հոդված 25.1 Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունները

1. Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետեւյալ տեղեկությունները`

1) պետական մարմնի անվանումը.

2) պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) գտնվելու վայրի հասցեն.

5) կոդը (ՁԿԴ).

6) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

7) կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը.

8) տեղեկություններ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն): Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական մարմինների՝ գլխավոր քարտուղար չունենալու դեպքում, գրառվում են տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի մասին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-րդ հոդվածով.

«Հոդված 27.1 Պետական մարմնի պետական հաշվառումը

1. Պետական մարմնի պետական հաշվառման համար պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարը ներկայացնում է դիմում, որում նշվում է պետական մարմնի անվանումը, տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն):

2. Պետական մարմնի հաշվառումն իրականացվում է մեկօրյա ժամկետում:

3. Պետական մարմինը համարվում է հաշվառված պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

4. Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա՝ պետական հաշվառման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:

5. Գործունեությունը դադարած պետական մարմինը հաշվառումից հանվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի համաձայն: Վերակազմակերպման արդյունքում պետական մարմնի գործունեությունը դադարելու դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդի մասին (անվանում, պետական գրանցման կամ պետական հաշվառման համար):

6. Պետական մարմնի պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության մասին

Ներկայում քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Գործողության 15 տարիների ընթացքում Օրենքում կատարվել են երկու տասնյակից ավելի փոփոխություն. հիմնական նպատակը եղել է համակարգի անցնցում զարգացումը եւ կայացումը: Պետք է արձանագրել, որ այդ հաջողվել է: Սակայն այսօր արդիական է հիմնովին վերանայել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը՝ ժամանակին համահունչ քաղաքացիական ծառայություն ունենալու համար: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմնված հստակ լիզորություններ, բացի այդ ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը:

Նոր օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 57 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Ռազմավարությունից, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-իՆկ-263-Ա կարգադրությունից:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով: Բացի այդ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու հանգամանքով է պայմնավորված նաեւ Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին նոր օրենքի նախագիծը: Ներկայում պետական մարմինները քաղաքացիական իրավահարաբերություններին եւ կառավարչական իրավահարաբերություններին մանակցում են հիմնարկի միջոցով: Այս հարաբերությունները կարգավորված են 2001 թվականին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի համաձայն՝ Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

Ստացվում է, որ պետական մարմինը իրավահարաբերություններին մասնակցում է հիմնարկի միջոցով, այսինքն՝ «միջնորդավորված» ձեւով. իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում է հիմնարկը, այլ ոչ թե պետական մարմինը, ինչը հակասում է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջին, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Բացի այդ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես ստացվել է մի իրավիճակ, երբ հիմնականում պետական կառավարման համակարգում հաստատվել է պետական մարմնի կանոնադրությունը եւ Հիմնարկի կառուցվածքը, սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հիմնարկը ունի եւ կանոնադրություն եւ կառուցվածք: Խնդիրներ են առաջանում նաեւ հիմնարկի ղեկավարման եւ կառավարման հարցերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական մարմնի ղեկավարը եւ տեղակալները, մյուս հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք ընդգրկված չեն հիմնարկի կառուցվածքում: Ավելին ղեկավարման եւ ենթակա հաշվետու լինելու հարցում նույնպես առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն ենթակա եւ հաշվետու են հիմնարկի ղեկավարին՝ աշխատակազմի ղեկավարին: Պետական մարմնի ղեկավարը իրականացնում է հիմնարկի կառավարումը եւ պատասխանատու է պետական մարմնի առջեւ դրված խնդիրների իրականացման համար: Վերջինս այդ խնդիրները լուծում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, սակայն այդ ստորաբաժանումները «իրենը» չեն, ավելին՝ կառավարման համակարգում մեծ տեղ եւ դեր են ստանձնել պետական մարմնի ղեկավարի տեղակալները, ովքեր իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում են միայն պետական մարմնի կանոնադրությամբ:

Հստակ եւ միանշանակ չեն նաեւ աշխատակազմի ղեկավարի գործառույթները եւ նրա դերն աշխատանքների կազմակերպման հարցերում, մարմնի ղեկավարի եւ տեղակալների, ինչպես նաեւ հայեցողական մյուս պաշտոններ զբաղեցնող անձնաց հետ հարաբերություններում: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների գնահատման մասով նույնպես առաջանում են բազնաթիվ խնդիրներ, քանի որ ստորաբաժանումներն ենթակա են աշխատակազմի ղեկավարին, սակայն գրեթե հիմնականում աշխատում են մարմնի ղեկավարի եւ տեղակալների հետ եւ արդյունքում նրանց պետք է գնահատի աշխատակազմի ղեկավարը, ինչն էլ բերում է արհեստական լուծումների եւ ազդում վերջնարդյունքի վրա: Բացի այդ պետական մարմինների, մասնավորապես ՀԳՄ-ների աշխատանքների կազմակերպման մասով կանոնակարգումներ են նախատեսվել նաեւ Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 85-րդ հոդվածով: Այս հրամանագրով կանոնակարգված է նաեւ պետական մարմինների ստեղծման հարցերը: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հակասություն է առաջանում այս երկու իրավական ակտերի որոշ դրույթների միջեւ:

Հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սահմանադրությանը համապատասխան պետական մարմինների աշխատանքների կազմակերպման սահմանադրական պահանջը (այս հիմնախնդիրն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) առաջարկվում է կանոնակարգել պետական մարմինների կողմից կառավարչական հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները առանձին օրենքով:

Արդյունքում կանոնակարգվում եւ հստակեցվում են վերը նշված խնդիրները, մասնավորապես՝ պետական մարմիններն անմիջականորեն են ստանձնում իրավունքներ եւ կրում պարտականություններ, կանոնակարգվում է պետական մարմինների ստեղծման հարցերը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության հարցերը, (ինչը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածին «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»: Այսինքն՝ ինչպես հիմնարկն է իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին եւ իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում այդ գույքը եւ պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը, այնպես էլ այս դեպքում Հայաստանի Հանրապետության անունից գործում է պետական մարմինը եւ որի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:) հստակեցվում են պետական մարմնի ղեկավարի տեղակալների, ենթակա հաշվետու լինելու, պետական մարմնի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների վերջինիս կողմից իրականացվող գործառույթների, ինչպես նաեւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ: Բացի այդ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում այս մարմինների դերը եւ առանձնահատկությունները տարբերակում է դրվում «աշխատակազմի ղեկավար» եւ «Գլխավոր քարտուղար» պաշտոնների միջեւ: Գլխավոր քարտուղարները լինելու են քաղաքացիական ծառայողներ, սույն օրենքով իրենց վերապահված իրավունքներով եւ պարտականություններով, իսկ Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմերում այդ պաշտոնը կոչվելու է «աշխատակազմի ղեկավար» եւ լինելու է վարչական պաշտոն, որը բացի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորություններից իրականացնելու է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորվ ած է վերը նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հանգամանքով:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ, 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա-հարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապե-տության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխում-ների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ