Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-259-08.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում «Նախագահի» բառը փոխարինել «վարչապետի» բառով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով,

2) 5-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում` գործող օրենքը Սահմանադրության 5-րդ գլխի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Սահմանադրության մեջ 2015թ-ին կատարված փոփոխությունների արդյունքում հստակ սահմանվել են ՀՀ Նախագահի լիազորությունները եւ 123-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրվել է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: ՀՀ սահմանադրությամբ Նախագահին հատուկ կարցության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվել, ուստի «Օտարերկրացիների մասին» գործող օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապաստասխանեցնելու նպատակով նախապատրաստվել է համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծ, որով նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լրազորությունը վերապահել ՀՀ վարչապետին։ Բացի այդ, օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ոստիկանության կողմից շրջանառվում է «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ նոր օրենքի եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթ։ Նշված փաթեթով ներկայացված նախագծում ներառված է նաեւ հատուկ կացության կարգավիճակ տարամադրելու ՀՀ Նախագահի լիազորությունը ՀՀ վարչապետին վերապահելու հարցը, որն արտաքին շրջանառության ժամանակ համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ եւ առարկություններ չեն ներկայացվել։ Սակայն հաշվի առնելով, որ օրինագծերի փաթեթի ծավալուն լինելու hանգամանքով եւ առավել մանարամասն քննարկումների անհրաժեշտությամբ պայմանավորված դրանց ընդունումը կարող է պահանջել որոշակի ժամանակ, իսկ մինչեւ ՀՀ նորընտիր նախագահի կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ստանձնումը անհարժեշտ է գործող իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, նպատակահարմար է առանձին շրջանառել եւ ընդունել ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։

ՏԵՂԵԿԱՆՔ

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի  N   -Ա որոշամբ անհետաձգելի համարված ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N  - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի  տեղակալ Վարդան Եղիազարյանը:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ