Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,

Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված  չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Ս/թ մարտի 1-ին լրանում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների տասը տարին։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ուժերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպտագույն խախտումներով ուժ գործադրեցին Երեւանի Ազատության հրապարակում տասն օր անընդմեջ բողոքի խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների նկատմամբ։

Քաղաքացիների բողոքը հարուցել էր 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրական տեղամասում ընդդիմադիր թեկնածուների, մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների գործադրումը։

Երբ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ուժերը ցրեցին Ազատության հրապարակի ցույցը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ հավաքը շարունակեցին Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում, հույս ունենալով, որ այդ տարածքում գտնվող օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հերեւանությամբ ոստիկանությունը ուժ չի գործադրի խաղաղ հավաքի նկատմամբ։

Այնուամենայնիվ, խաղաղ ցուցի վրա հարձակում գործելու ոստիկանության փորձերը շարունակվեցին, ինչը ցուցարարներին ստիպեց պաշտպանել իրենց օրինական իրավունքները։ Իրադարձությունների ընթացքում սպանվեց Հայաստանի Հանրապետության առնվազն 10 քաղաքացի։ Սպանոթյունների կազմակերպիչները եւ անմիջական կատարողները մինչեւ օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ապօրինի ուժի գործադրման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել։

2008 թվականի Մարտի 1-ից հետո, ցույցերի ակտիվ մասնակից հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, նրանցից շատերը ձերբակալվել են, ավելի քան հարյուր ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ շինծու քրեական գործերով դատապարտվել են ազատազրկման։

2008 թվականի հոկտեմբերի 23-ին միջազգային հանրության եւ ընդդիմության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված էր կարգադրություն ստորագրել Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին, որի նպատակը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների վերաբերյալ փաստեր հավաքելն էր։ Խումբը շատ արագ ցույց տվեց իր արդյունավետությունը, եւ 2009 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը ապօրինի կերպով լուծարեց խումբը` նաեւ այդպիսով խույս տալով Մարտի 1,2-ի իրադարձությունների ամբողջական բացահայտումից։

Սույն հայտարարության ընդունման նպատակն է` արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական գնահատականը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների, սպանությունների չբացահայտման, իշխանությունների կողմից իրականացված քաղաքական հալածանքների, Մարտի 1, 2-ի իրադարձությունների կարեւորագույն դրվագները կոծկելու իշխանության փորձերի, Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղաքական հետապնդումների ենթարկվածներին եւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման հետեւանքով տուժածներին արդարացի փոխհատուցում տրված չլինելու փաստին։

N/ ԵՈ-020
«23» հունվարի, 2018թ.

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության

ՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008թ. Մարտի 1-2-ի  իրադարձությունների վերաբերյալ հայտարության նախագիծ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը

ՈՐՈՇՈՒՄ Է`

Ներկայացնել  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008թ.Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ  հայտարարության նախագիծը (կցվում է)։

Հիմնական զեկուցող նշանակել Նիկոլ Փաշինյանին։

N/ Ե-075
«23»հունվարի, 2018թ.

ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին.
Հարգելի պարոն Բաբլոյան.

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարության նախագիծը 2008թ. Մարտի 1-2-ի  իրադարձությունների վերաբերյալ:

Հիմնական զեկուցողն է` Նիկոլ Փաշինյանը։

Կից ներկայացնում ենք`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008թ. Մարտի 1-2-ի  իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը եւ հիմնավորումները։

2. Նախագիծը ներկայացնելու մասին ԵԼՔ խմբակցության որոշումը։