Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-243-24.01.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային ՀՕ-165-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) պետական կառավարման մարմինների եւ (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի եւ (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաեւ պետական կառավարչական եւ (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը եւ (կամ) ծառայության մատուցումը՝ այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով, հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ: »

Հոդված 2. Օրենսգրքի 276-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 3)-րդ կետի «տասնութը» բառը փոխարինել «տասնյոթը» բառով:

2) 3-րդ մասը լրացնել նոր 12)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«12) ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրումները, եթե հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ներկայացրել է հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունն նշված օրվան հաջորդող ամսվա սկզբից մինչեւ հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:»:

3) 4-րդ մասի «գործունեության տեսակների» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետով սահմանված գործունեության) բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակում «Ավտոբուսով ուղեւորափոխադրում» եւ «միկրոավտոբուսով ուղեւորափոխադրում» տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
Ավտոբուսով ուղեւորափոխադրում
ավտոբուսների քանակ
1800 դրամ
Միկրոավտոբուսով ուղեւորափոխադրում
միկրոավտոբուսի քանակ
2300 դրամ

2) 2-րդ մասից հանել «ավտոբուսով կամ միկրոավտոբուսով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 279 -րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1) «1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաեւ ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղեւորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է՝ մեկ հաշվետու ամսվա համար սահմանված՝ 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի եւ 0.02-ի արտադրյալի չափով:»:

2) 2-րդ մասում ավելացնել նոր 9)-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«9) երթուղու հետ կապված ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրումների համար՝

ա. Երկու քաղաքների միջեւ, բայացությամբ Երեւան քաղաքի
(այսուհետ՝ միջքաղաքային)
1.0
բ. Երեւան քաղաքի հետ
1.2
գ. Ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքային եւ ներքաղաքային՝
- Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում
0.75
- այլ մարզերում
0.5
դ. Ներքաղաքային երթուղիների համար՝
- Երեւան քաղաքում
1.0.
-Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում
0.9
- մնացած քաղաքներում
0.8

Միեւնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ՝ միջքաղաքային եւ Երեւան քաղաքի հետ) երթուղիներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի գ) ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 455 -րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ՝ ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են եւ արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչեւ 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրման մասով 2018 թվականի հունվար եւ (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար եւ (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով եւ (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրման համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչեւ 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից եւ կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետական եւ տեղական կառավարչական հիմնարկների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարների մասով հարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումներ իրականացման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռի անփոփոխ պահպանելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում՝

ա. ՀՀ հարկային օրենսգրքից դուրս է մնացել պետական եւ տեղական կառավարչական հիմնարկների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքները ԱԱՀ-ից ազատելու մասին նախկին օրենսդրությամբ գործող իրավակարգավորումները,

բ. ուղեւորափոխադրումների գործունեության հարկումը հաստատագրված վճարների համակարգից արտոնագրային հարկի համակարգ տեղափոխելու եւ արտոնագրային հարկի համակարգի առանձնահատկություններով պայմանավորված տեղի է ունեցել ուղեւորափոադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի որոշակի վերանայումներ, որոնք կարող են բացասաբար արդրադառնալ ոլորտում իրականացվող գործունեության վրա:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքները (այդ թվում՝ տեղական տուրքի կամ վճարի վճարում ենթադրող) ազատվում են ԱԱՀ-ից,

բ. վերանայել ուղեւորափոխադրումների գծով արտոնագրային հարկի բեռի այն պահպանելով նախկին մակարդակում՝ միաժամանակ ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն տալով իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման պետական եւ տեղական ինքնարակառավարման մարմինների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների ԱԱՀ-ից ազատումն է եւ ուղեւորափոխադրումների գծով հարկային բեռի վերանայումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կակոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Խոսրով Հարությունյան),

բ) օրենքի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավորներ՝