Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-222-15.12.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2009 թվականի հունիսի 16-ին ստորագրված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենք ընդունելու կամ ՀՀ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԵՎ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1998 թվականի սեպտեմբերի 8-ին քաղաք Բաքվում Հայաստանի Հանրապետության կառավարության, Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Բուլղարիայի Հանրապետության կառավարության, Վրաստանի կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, Ռումինիայի կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Թուրքիայի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ ստորագրվել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի Միջազգային տրանսպորտի զարգացման մասին Հիմնական Բազմակողմ Համաձայնագիրը:

Վերոնշյալ Համաձայնագիրը ստորագրած երկրները, Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման միասնական իրավական հիմք ստեղծելու նպատակով, պետք է ձգտեն ներդաշնակեցնելու իրենց օրենսդրությունը սույն Համաձայնագրով նախատեսված սահմանումներին եւ կոնցեպցիաներին համահունչ:

«Տրասեկա մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին» Համաձայնագրին միանալը հնարավորություն կընձեռի ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ մյուս անդամ-պետություններին` ստեղծելու բարենպաստ պայմաններ` տրանսպորտային գործընթացի բոլոր մասնակիցների գործունեության համակարգման, աջակցման եւ մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման համար:

Միանալով վերոնշյալ համաձայնագրին` կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ տրանսպորտային օպերատորների, բեռնաառաքողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները:       Համաձայնագիրը հնարավորություն է տալիս դյուրացնել մասնակից պետությունների միջեւ եւ վերջիններիս տարածքներով տարանցվող մուլտիմոդալ բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են Կողմերից որեւէ մեկում գրանցված առաքողի կողմից Պայմանավորվող Կողմերի տարածքից կամ դեպի տարածք` օգտագործելով տրանսպորտային բոլոր ձեւերը:

Ելնելով Հայաստնանի Հանրապետության աշխարհագրական դիրքից, հաշվի առնելով դեպի Եվրոպա եւ ասիական երկրներ կատարվող բեռնափոխադրումների ժամանակ օգտագործվող տարատեսակ տրանսպորտային միջոցները, ընդունելով մուլտիմոդալ բեռնափոխադրումները որպես հեռանկարային տրանսպորտային ձեւ, ինչպես նաեւ հաշվի առնելով համաձայնագրի հոդվածներում արծարծված խնդիրների արդիականությունը Հայաստանի Հանրապետության համար` նպատակահարմար ենք գտնում միանալ 2009 թվականի հունիսի 16-ին ք. Բիշքեկում կատարված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին» համաձայնագրին:

Հայաստանի հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

7 դեկտեմբերի 2017 թվականի  N  1537 - Ա

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ       Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. դեկտեմբերի
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
             պարոն   ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ), օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1537-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (21 նոյեմբերի 2017 թ., ՍԴՈ-1389):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Հարգանքով`     ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ