Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-451-10.12.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.  Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակը ներկայում եւ ապագայում մարդու բարեկեցության, Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական եւ էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:

Հոդված 2.  Օրենքի  կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետեւյալ ուղղություններով`

1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.

2) ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայություններ.

3) ջրային ռեսուրսի հաշվառում եւ գնահատում.

4) ջրային ռեսուրսների պահանջարկի ձեւավորում.

5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:

Հոդված 3. Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը

Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը, այլ օրենքներ ու իրավական ակտեր:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

Ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց ներկա եւ ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը`  առանց վտանգելու ազգային ջրային պաշարը:

Ջրային ռեսուրսների թափանցիկ եւ մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է եւ տեսանելի հասարակության բոլոր խավերի համար եւ նրանց մասնակցությունը այդ գործընթացին:

Մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու խմելու, սնունդը պատրաստելու (կերակուր պատրաստելու), հիգիենայի, սանիտարական սպասարկման առաջնային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ ջրի քանակը եւ որակը:

Ռիսկերի կարգավարում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման եւ հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի եւ միջոցառումների համակարգված իրականացում:

Ջրատար հորիզոն՝ շերտ, որը հագեցված է ջրով: Ջրատար շերտը գոյանում է համասեռ կամ անհամասեռ լիտոլոգիական կառուցվածքում:

Հոդված 5. Օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրներն են.

1) ապահովել ջրային ռեսուրսների նախնական գնահատման, այդ թվում՝ ջրային ռեսուրսների մատչելիության, ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների պահանջարկի ձեւավորման իրականացումը,

2) ապահովել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունների սահմանումը,

3) ապահովել ջրավազանային կառավարման սկզբունքների` ջրավազանային կառավարման պլանների կազմումը եւ Ջրի ազգային ծրագրի նախապատրաստման հիմքերը:

Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները

Բացի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված սկզբունքներից, ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովվի հետեւյալ սկզբունքների իրականացմամբ.

1)  Ջրային ռեսուրսների կայուն կառավարման գիտական հիմնավորվածությունը,

2) սոցիալապես անապահով խավերի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի ջրի մատչելիության ապահովումը,

3) ռիսկերի կարգավարման կիրառման ապահովումը,

4) «առաջարկն է ձեւավորում պահանջարկը» սկզբունքի ապահովումը,

5) ջրի ազգային քաղաքականության իրականացման ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկություն ստանալու ազատության իրավունքի իրականացումը,

6) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման չափանիշների, կարգավորման եւ խթանման այլ չափանիշների կիրառմամբ, ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի արդյունավետ կառավարումը,

7) բնապահպանական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը,

8) Սեւանա լճի պահպանությունն ու վերականգնումը, որպես  սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների եւ բնության  մշակութային ժառանգության,

9) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակում եւ տեղափոխում արհեստական ջրամբարների եւ պատվարների կառուցմամբ,

10) ջրային ռեսուրսների, ներառյալ՝ անդրսահմանային ջրահոսքերի, կայուն կառավարման ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը,

11) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովում,

12) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման գործընթացում սանիտարական եւ հիգիենիկ նորմերի պահպանումը, ըստ ջրօգտագործման համապատասխան տեղանքի իրականացվում են փուլ առ փուլ,

13) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը,

14) «օգտագործողն է վճարում» եւ «աղտոտողն է վճարում» սկզբունքներով եւ ծախսածածկման մոտեցումով ջրային ռեսուրսների կառավարման  ապահովումը,

15) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի թափանցիկ եւ մասնակցային եղանակով կառավարումը, ինչպես նաեւ գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը, կառավարման հետ կապված հասարակության լուսաբանումը, այդ գործընթացին նրանց մասնակցելու հնարավորության ապահովումը,

16) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մարդկային եւ տեխնոլոգիական գիտական հզորությունների զարգացումն ու դրա մասին տեղեկատվության փոխանակումը,

17) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաեւ ջրային ռեսուրսի սպառողական եւ ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման ու գնագոյացման ապահովումը,

18) ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման համար վճարների գանձման արդյունքում հավաքագրված գումարների նպատակաուղղումը ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողություններին, ներառյալ          ջրի ազգային ծրագրի իրականացման համար համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը եւ ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը,

19) ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով կառավարման մոդելների ներդրումը,

20) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի վերաբերյալ պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի շարունակական համալրումը եւ կատարելագործումը,

21) անդրսահմանային ջրային ռեսուրսների եւ ջրահոսքերի կառավարման,     օգտագործման եւ պահպանության իրականացումը հետեւյալ ուղղություններով.

ա) անդրսահմանային ջրային ռեսուրսների որակի համապատասխանությունը միջազգային չափանիշներին,

բ) անդրսահմանային ջրային ռեսուրսների քանակի համապատասխանությունը ջրի ազգային ծրագրի շրջանակներում սահմանված էկոլոգիական թողքերի ծավալներին,

գ) անդրսահմանային ջրային ռեսուրսների որակի եւ քանակի, ինչպես նաեւ անդրսահմանային ջրային համակարգերի մասին տեղեկատվության մատչելիությունը  հարեւան պետությունների համար:

Հոդված 7. Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները

1. Ջրի ազգային ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման մանրամասն ծրագիր հաջորդող երեք /3/ ֆինանսական տարիների համար, ներառյալ՝ նախագծերի եւ ծրագրերի նկարագրությունները, ծախսերը եւ օգուտները եւ դրանց բաշխվածությունը:

2. Ջրի ազգային ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման հաշվարկելի ծրագիրը, չորրորդ /4-րդ/, հինգերորդ /5-րդ/ եւ հաջորդ վեցերորդ /6-րդ/ ֆինանսական տարիների համար, ներառյալ՝ հաշվարկելի նախագծային եւ ծրագրային նկարագրությունները, ծախսերը եւ օգուտները եւ դրանց բաշխվածությունը:

3.  Ջրի ազգային ծրագրում ներկայացվում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ (մինչեւ 5, 10 եւ 15 տարիներ) կառավարման ժամանակացույցը, որտեղ ընդգրկվում են ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման հետ կապված Հայաստանի Հանրապետության համար պահանջվող բոլոր նախատեսված միջոցառումները:

4.  Ջրի ազգային ծրագրի կատարման վերաբերյալ օրենքով ներկայացվող ամենամյա հաղորդումը պարունակում է՝

ա)  նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը եւ  արդյունքները,

բ)  ջրի ազգային ծրագրի իրականացումը շարունակելու կառավարման եւ օպերատիվ ռազմավարությունը,

գ)  ջրի ազգային ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաեւ   ծրագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:

ԳԼՈՒԽ 2

ՋՐԱՅԻՆ  ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 8. Ջրային ռեսուրսների գնահատումը

Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձեւի եւ բաշխվածության ամբողջական գույքագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի եւ դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է պարբերաբար՝ առնվազն տարեկան մեկ անգամ:

Ջրային ռեսուրսների գնահատումը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Ըստ առանձին ջրավազանների եւ ջրաէկոհամակարգերի ջրային ռեսուրսի գնահատումն իրականցվում է ամբողջական գույքագրման համատեքստում, որի արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների ամբողջական գույքագրման մեջ:

Գնահատմամբ նկարագրվում են մակերեւութային ջրերը, ներառյալ.

1) քանակն, ըստ առկա ջրաչափական դիտակետերի տվյալների.

ա) տեղումների ինտենսիվությունը, տեւողությունը եւ ջրաչափական դիտակետերի տեղադիրքը (ջրաչափական դիտակետերի անվանումը եւ/կամ համարը եւ աշխարհագրական կոորդինատները),

բ)  ջրի հաշվարկված ծավալը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի տեսակը (ջրահոսք, լիճ, ձյունածածկ եւ այլն) եւ ջրային ռեսուրսի տեղադիրքը (ջրաչափական դիտակետերի անվանումը եւ/կամ համարը եւ աշխարհագրական կոորդինատները):

2)  Որակն, ըստ առկա նմուշառման կետերի տվյալների.

ա)  ջրի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական ստանդարտ պարամետրերը,

բ) Ջրային ռեսուրսի դասակարգումն ըստ նպատակային օգտագործման, այդ թվում՝ խմելու, կենցաղային, ոռոգման, ձկնաբուծության, եւ այլն:

Գնահատմամբ նկարագրվում են ստորերկրյա ջրերը, ներառյալ.

1) քանակն, ըստ ջրատար հորիզոնի ներքոհիշյալ ցուցանիշների առկա տվյալների.

ա)  ջրատար հորիզոնի երկարությունը, լայնությունը եւ խորությունը,

բ)  ջրային ռեսուրսների հաշվարկված ծավալը (պաշար),

գ) ստորերկրյա ջրային ռեսուրսի հաշվարկված կայուն ջրատվությունը,

դ) ջրատար հորիզոնի բնութագրերը, մասնավորապես՝ դիտակետի տեղադիրքը (ջրաչափական դիտակետերի անվանումը եւ/կամ համարը եւ աշխարհագրական կոորդինատները),

2) որակն, ըստ առկա նմուշառման կետերի տվյալների,

ա) ստորերկրյա ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական եւ հիդրոլոգիական   չափորոշիչները,

բ) ստորերկրյա ջրերի դասակարգումն ըստ նպատակային օգտագործման, այդ թվում՝ խմելու, հանքային, տեխնիկական եւ այլն:

Սույն հոդվածում նախատեսված տվյալներն ամփոփվում են պետական ջրային կադաստրում՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւ դրանից բխող իրավական ակտերով սահմանված կարգով:

Ազգային ջրային պաշարը սահմանվում է առանձին ջրային ռեսուրսի եւ ջրավազանի համար ըստ քանակի, որակի եւ տեղադիրքի:

Հայաստանի Հանրապետության ազգային ջրային պաշարը հանրապետության յուրաքանչյուր ջրային ռեսուրսի եւ ջրավազանի ջրային պաշարի ընդհանուր գումարն է:

Ազգային ջրային պաշարի գոյացած նոր փոփոխությունը եւ ազգային ջրային պաշարում գոյացած նոր չհաշվարկված ջրերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
 

ԳԼՈՒԽ 3.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Հոդված 9.  Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման եւ ձեւավորման ընթացակարգը

1. Ըստ քանակի, որակի եւ գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումն իրականացվում է, «առաջարկն է թելադրում պահանջարկին» սկզբունքով, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության պետական լիազորված մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւ դրանից բխող իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Ըստ բնագավառային եւ համայնքային ջրի օգտագործման պահանջարկի, բոլոր ջրօգտագործողները պարտավոր են ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության պետական լիազորված մարմնին ներկայացնել պահանջարկի գնահատման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը:

3. Ներկա եւ ապագա ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումները պարունակում են՝

ա)  ներկա պահանջարկի գնահատումներ,

բ) կանխատեսումային՝ 5 (հինգ), 10 (տաս) եւ 15 (տասնհինգ) տարիների կտրվածքով գնահատումներ:

4. Ջրային ռեսուրսների պահանջարկի որոշումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված ջրի ազգային ծրագրով:

Հոդված 10. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները

1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառնում է, սակայն չի սահմանափակում, հետեւյալ ջրօգտագործումները (քանակ եւ որակ).

Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառնում է, սակայն չի սահմանափակում, հետեւյալ ջրօգտագործումները (քանակ եւ որակ).

ա) կենցաղային (տնտեսական),

բ)  գյուղատնտեսական,

գ)  արդյունաբերական,

դ)  ձկնաբուծական,

ե) ռեկրեացիոն,

զ)էներգետիկ,

1)  հիդրոէներգետիկա,

2)  ջերմային,

- ջերմաէլեկտրակայաններ,

- կենտրոնացված, տեղական կաթսայատներ,

3)  էլեկտրաէներգիայի արտադրություն եւ սարքավորումների  հովացում. ատոմային  էլեկտրակայաններ,

 զ) անդրսահմանային ջրային ռեսուրսներ,

 է)  ջրային ռեսուրսների կուտակումներ:

2.  Ջրային ռեսուրսների գնահատումը ընդգրկում է.

ա)  ջրերի քանակը, ջրառի վայրը եւ ջրի ելքը ըստ ծավալի,

բ)  ջրերի որակը, ջրառի վայրը եւ ջրի ելքը ըստ.

1) քիմիական, ֆիզիկական եւ կենսաբանական որակի ստանդարտ պարամետրերի,

2) դաշտային գնահատումն ըստ դասակարգման,

գ) Ջրառի վայրը. մարզը, քաղաքը, գյուղը, հայտատուի տվյալները, աշխարհագրական կոորդինատները,

դ) ջրառի, ջրերի աղտոտվածության /կետային եւ ոչ կետային/ ներթափանցման, էրոզիայի վերաբերյալ տվյալները,

ե) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների մատչելիության, վիճակի եւ բաշխվածության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը:
 
 

ԳԼՈՒԽ 4

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11.  Ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունները

1. Ջրային ռեսուրսների պահպանության եւ կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջեւ ըստ առաջնահերթության, իրականացվում է հետեւյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.

1) ազգային ջրային պաշարի՝ մարդկանց հիմնական կարիքները բավարարելու, ջրի ազդեցության հետեւանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու եւ ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի վերականգնվող ջրային ռեսուրսների օգտագործում եւ պահպանում:

2)  ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում,

3) ջրային ռեսուրսների օգտագործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերին համաձայն:

Հասարակական շահի համար առավելագույն օգուտները սահմանելու ժամանակ կիրառվում են հետեւյալ գերակայությունները.

4)  կենցաղային՝ ջուր մարդկանց հիմնական կարիքներից բացի մնացած կենցաղային կարիքները բավարարելու համար,

5) գյուղատնտեսական՝ ջուր ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության եւ այլ ոչ արդյունաբերական կարիքների համար,

6) Ջերմային, հիդրոէներգետիկայի եւ ատոմային էլեկտրակայանների շոգետուրբինների հովացման համակարգերի, կենտրոնացված եւ տեղային կաթսայատների համար.

7)  արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում,

8) ռեկրեացիոն օգտագործում ՝ ջուր սպորտային, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար,

9) հանրապետական, տարածքային եւ համայնքային զարգացում՝ ջուր ապագայի համար,

10) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:

2. Ջրերի բաշխումը օգտագործողների միջեւ նպատակ ունի առավելագույնի հասցնելու ջրային ռեսուրսի ընդհանուր (տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական) արժեքը՝ եւ օգտագործման, եւ չօգտագործման դեպքերում:

3. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն  վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:

Հոդված 12.  Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները

1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-ից 10-րդ կետերով սահմանված ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:

2. Ջրային ռեսուրսների քանակի եւ(կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռեւս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովվում այլընտրանքային աղբյուրներից:
 
 

ԳԼՈՒԽ 5.

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 13. Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը

1.  Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած է ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:

2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝

ա) քարտեզագրման տվյալները,

բ) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները,

գ) ջրային եւ առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները,

դ) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները,

ե) բնական ջրային ռեսուրսներից ջրառի եւ հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները,

զ) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:

3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են ղեկավարվելով սույն օրենքով եւ սահմանված գերակայություններով, ջրի ազգային ծրագրով, հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:

4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում ապահովվում է հասարակության մասնակցությունը՝ հասարակական լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելու միջոցով:
 
 

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
 

Հավելված


ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետությունում առկա են 9480 փոքր եւ միջին գետեր 23000 կիլոմետր երկարությամբ, որոնցից 14-ի երկարությունը գերազանցում է 35 կիլոմետրը, իսկ 379-ի երկարությունը՝ 10 կիլոմետրը: Ընդհանուր միջին տարեկան հոսքը կազմում է 6250 մ3, որից 3029 մ3 առաջանում է աղբյուրներից եւ ստորերկրյա ջրերից: Հայաստանի վերականգնվող մակերեւութային ջրային ռեսուրսները՝ առանց Սեւանա լճի, տարեկան կազմում է 7190 միլիոն մ3:

Հայաստանի Հանրապետությունն անդրսահմանային գետերից՝ Արաքսից եւ Ախուրյանից, տարեկան օգտագործում է 940 միլիոն մ3 ջուր:

Ստորերկրյա ջրերն ըստ տարեկան գնահատման կազմում են 4017 միլիոն մ3, որից 1595 միլիոն մ3 առաջանում են աղբյուրների տեսքով, իսկ 1434 մ3՝ բեռնաթափվում են գետեր եւ լճեր: Ստորերկրյա ջրերի ներհոսքը կազմում է 1193 միլիոն մ3, իսկ արտահոսքը՝ 1068 մ3: Հանքային ջրերի ընդհանուր տարեկան հոսքը կազմում է 22 միլիոն մ3, որից 8.8 միլիոն մ3 բարձր որակի է: Տարեկան 15000 մ3 օգտագործվում է շշալցման, իսկ 25000 մ3՝ բուժական նպատակներով: Փաստացի օգտագործվում է ընդհանուր տարեկան հոսքի 0.05%-ը:

Կառուցված է 74 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր ծավալով: Առկա 10 անավարտ ջրամբարներում կարելի է լրացուցիչ կուտակել 400 միլիոն մ3 ջուր:

  Հայաստանի միջին ջրային հաշվեկշիռ
Ներհոսք
Արտահոսք

Բաղադրիչ 

միլիոն մ3 տարի
Բաղադրիչ
միլիոն մ3 տարի
Տեղումներ
17600
Գոլորշիացում
11475
Գետային ներհոսք Գետային արտահոսք
Անդրսահմանային գետեր 
940
Հայաստանի գետային հոսք
6250
Անդրսահմանային գետեր
940
Ստորերկրյա ջրերի ներհոսք
1193
Ստորերկրյա ջրերի արտահոսք
1068
Ընդամենը՝
19733
Ընդամենը՝
19733

Ջրային ռեսուրսների պահանջարկ

Վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր ջրառը կազմել է 1800-2200 միլիոն մ3, որից 1200-1600 միլիոն մ3 օգտագործվում է ոռոգման նպատակով, 250-350 միլիոն մ3՝ խմելու ու կենցաղային եւ շուրջ 180-250 միլիոն մ3՝ արդյունաբերական նպատակներով:

Ջրային ռեսուրսների որակ

Հայաստանի Հանրապետությունում տարեկան բաց ջրավազաններ են թափվում շուրջ 400-500 միլիոն մ3 կեղտաջուր: Ներկայումս Հանրապետությունում հիմնականում կատարվում է կեղտաջրերի մեխանիկական մաքրում:

Հանրապետության բնական ջրավազաններում կախված մասնիկների բաղադրությունը սահմանված թույլատրելի քանակությունից բարձր է:

Հանրապետությունում կեղտաջրերի կենսաբանական մաքրման բացակայության պատճառով բնական ջրավազաններում բարձր է նաեւ օրգանական աղտոտվածությունը:

Մանրէաբանական հետազոտությունները վկայում են, որ գետերի եւ լճերի ջրերի որակը չի համապատասխանում խմելու ջրի ստանդարտներին:

Առաջին կարգի բաց ջրավազաններում ծանր մետաղների, նիտրատների եւ նիտրիտների, պեստիցիդների եւ այլ քիմիական միացությունների պարունակությունը հիմնականում գտնվում է սահմանված նորմերի սահմաններում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության մակերեւութային ջրերի որակը հիմնականում բավարար է: Գետերի մեծամասնության ինքնամաքրման ունակությունը բավականին բարձր է:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ռազմավարական զարգացման հեռանկարային նպատակները եւ հիմնախնդիրները, որոնց հիման վրա կսահմանվեն ջրօգտագործման գերակայական սկզբունքները: Այն պարունակում է դրույթներ ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող քաղաքականության, ներառյալ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների եւ պլանների մշակման վերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար, ինչպես նաեւ տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի եւ որակի նախնական գնահատականը, ուրվագծում է բնակչության եւ տնտեսության ներկա եւ ապագա պահանջարկը` լուծելու համապատասխան քանակի եւ որակի ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները:

Սույն օրենքի ընդունումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, լիարժեք պահպանությանը եւ նպատակաուղղված օգտագործմանը, ինչպես նաեւ ազգային ջրային պաշարի պահպանմանը եւ ավելացմանը: