Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20135-05.12.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենսդրության» բառերը փոխարինել «օրենսգրքի» բառով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետում «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին կետում «հաշվեգրված եկամուտ» բառերը փոխարինել «աշխատավարձ եւ (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ» բառերով,

3) 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ`

«3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:»,

4) 3-րդ մասում «այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով եւ այդ աշխատանքային պայմանագրով հարկերը եւ պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը» բառերը փոխարինել «այն անձինք, ովքեր նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով եւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը եւ պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո,»,

5) 3-րդ մասը լրացնել 3.1 կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«3.1 Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, ում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:»,

6) 5-րդ մասը «յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար դրոշմանիշային վճար վճարելու դեպքում` մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներառյալ,» բառերով,

7) 5-րդ մասի վերջին նախադասության մեջ «համապատասխան պետական մարմնի» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության» բառերը,

8) 6-րդ մասում «երկու» բառը փոխարինել «15» բառով,

9) 8-րդ մասի 1-ին կետում «համապատասխան պետական մարմիններում» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում» բառերը, իսկ «համապատասխան պետական մարմինը» բառերից հետո լրացնել «կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կամ քրեակատարողական ծառայությունը» բառերը,

10) 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված դեպքերում մեկից ավելի հիմքով վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների մասով հարկային մարմնի կողմից տրամադրվող վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը պարունակում է նաեւ վերադարձման ենթակա գումարի չափը, իսկ Հիմնադրամը վճարված դրոշմանիշային վճարի վերադարձն իրականացնում է հիմք ընդունելով այդ չափի եւ իր կողմից արդեն իսկ վերադարձված գումարի չափի (առկայության դեպքում) տարբերությունը:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «եւ» բառը փոխարինել «եւ (կամ)» բառերով,

2) 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «վճարված» բառից հետո լրացնել «(իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով,

2) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում ներառված այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ:» բառերը փոխարինել «հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված այն աշխատողների թիվը, ում տվյալ ամսում հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ:»,

2) 3-րդ մասում «ստացման ենթակա հաշվեգրված» բառերը փոխարինել «ստացման ենթակա (ստացված)» բառերով,

3) 4-րդ մասից եւ 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «ամփոփ», իսկ 4-րդ մասից նաեւ` «վարձու» բառերը:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «եկամտային հարկի վճարման ժամկետներում» բառերը փոխարինել «մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերով, իսկ «եկամտային հարկի հաշվարկում» բառերը փոխարինել «շահութահարկի հաշվարկում, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ,» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել երկրորդ պարբերությամբ` հետեւյալ խմբագրությամբ.

«Շրջանառության հարկի եւ (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: