Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4501-09.12.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (06 դեկտեմբերի 1985 թվականի) 44-րդ, 249-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 262-րդ հոդվածի երրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ, 65-րդ եւ 68-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. ԾԱՌԵՐԸ, ԹՓԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՈՒՍԱԾԱԾՔԸ ՀԱՏԵԼԸ, ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՃԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՎՆԱՍԵԼԸ

Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը հատելը, ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 180.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 180.1 Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը

Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Հոդված 5. Օրենսգրքի 206.1-րդ հոդվածի վերնագրից եւ դիսպոզիցիայից հանել «կամ նրան դիմադրություն ցույց տալը» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին մասից հանել «44 հոդվածով,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո ի հայտ են եկել տեխնիկական եւ խմբագրական բնույթի որոշ թերություններ, որոնք կշտկվեն օրենքն ընդունելու դեպքում: Բացի այդ օրենսգրքի ընդունումից հետո անց են կացվել մի շարք սեմինարներ եւ նման այլ միջոցառումներ օրենքը անմիջականորեն կիրառողների, ինչպես նաեւ մասնագետ-տեսաբանների հետ: Այդ միջոցառումների ընթացքում առաջ քաշված մի շարք գործնական առաջարկություններ, որոնք բխում են քրեական օրենքի կիրառման արդի պրակտիկայից, տեսական բնույթի առաջարկներ, որոնց ներառումը քրեական օրենսգրքում, անշուշտ, կնպաստի օրենքի ճիշտ կիրառմանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը անհրաժեշտ է, քանի որ տվյալ օրենքի նախագիծը ներառում է բոլոր այն դրույթները, որոնք վերացնում են քրեական օրենսգրքում առկա տեխնիկական բնույթի թերությունները եւ վրիպակները, ինչպես նաեւ լրացնում եւ կիրառման տեսակետից առավել անթերի է դարձնում այն: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածներում սահմանվում են հանցանքի կատարմամբ առաջացած վնասների չափերը, ինչը բացակայում էր օրենսգրքում՝ այն թողնվել էր դատական հայեցաղական լուծմանը: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նպատակահարմար է դրանք օրենսգրքով հստակ սահմանել: Օրենքը փոփոխություններ է նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածների սանկցիաներում, որոնք եւս բխում են գործնականից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքն անմիջականորեն կիրառողների, ինչպես նաեւ մասնագետ-տեսաբանների հետ անց կացված մի շարք սեմինարների եւ նման այլ միջոցառումների ընթացքում առաջ են քաշվել որոշ գործնական առաջարկություններ, որոնք բխում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կիրառման արդի պրակտիկայից, ինչպես նաեւ տեսական առաջարկներ, որոնց ներառումը քրեական օրենսգրքում, անշուշտ կնպաստի օրենքի ճիշտ կիրառմանը:

Մանսավորապես, օրենքի կիրառմամբ կփոխվեն որոշ հոդվածների սանկցիաների չափերը, որոշ հոդվածներ կշարադրվեն նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ ուժը կորցրած կճանաչվեն կամ փոփոխության կենթարկվեն այն հոդվածները այն հոդվածները, որոնց դիսպոզիցիաներում նախատեսված արարքները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված են որպես հանցագործություն: