Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-196-30.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի ՀՕ-221 օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի՝

1. 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությունն ունեցող նոր նախադասություններով.

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, քառասուն տոկոսը՝ կատարողական ծախսերի, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։ Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ ուղղվում է կատարողական ծախսերի ու համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման համար։»։

2. 2-րդ պարբերությունից հանել «ինչպես նաեւ ծախսման այլ ուղղությունները» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում  գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը եւ դրանց հարաբերակցությունը օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Ներկայիս գործող օրենքով ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը ամրագրված չեն, եւ այդ հարցը թողնված է կառավարության որոշման կարգավորմանը, ինչպիսի պայմաններում մենք կարող ենք ունենալ մի այնպիսի իրավիճակ, երբ հարկադիր կատարողի կողմից վարչարարության հետեւանքով պատճառված վնասը այնքան է, որ դրա փոխհատուցման արդյունքում միջոցներ չեն մնա մյուս ուղղություններին հատկացնելու համար, ինչի արդյունքում, իհարկե, կխաթարվի ԴԱՀԿ ծառայության բնականոն աշխատանքը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Գտնում եմ, որ օրենքով սահմանված ֆոնդում գոյացած միջոցների բաշխվածությանը պետք է օրենքով տալ տոկոսային հարաբերակցություն՝ ըստ համապատասխան ուղղությունների (կատարողական ծախսեր, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման միջոցներ, հարկադիր կատարողի ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման միջոցներ)։ Դրանից հետո նոր միայն կառավարությունը պետք է որոշի ֆոնդում գոյացած ամբողջ միջոցների օգտագործման կարգը։ Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացվող միջոցներից խնայողություններ առաջանալու դեպքում, կառավարությունը իրավասու կլինի սահմանել այդ միջոցների օգտագործումը մյուս երկու ուղղությունների համար հավասարաչափ, ինչն էլ կապահովի ճկունություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցները բաշխելու հարցում:

Անդրադառնալով միջոցներն այլ ուղղություններով ծախսելուն, պետք է փաստել, որ ֆոնդում գոյացած միջոցների օգտագործման ուղղությունները այնքան լայն են եւ ամբողջական, որ դրանց օգտագործման համար այլ ուղղություն սահմանելու կարիքը բացակայում է։ Նույնիսկ՝ հետագայում նոր ուղղության կարիք առաջանալու դեպքում, վերջինս պետք է լինի հիմնավորված եւ սահմանվի օրենսդրական նախաձեռնության արդյունքում։

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքով նման բաշխվածություն սահմանելով՝ կերաշխավորենք բոլոր ուղղությունների համար օգտագործվող միջոցների օպտիմալ հատկացումները եւ կբացառենք ֆոնդում գոյացած ուղղություններից որեւէ մեկի համար ամբողջական կամ մեծ մասի հատկացումը։ Նման կերպ մենք կսահմանենք հարկադիր կատարողների նյութական խրախուսման, դատական ակտերի կատարման արդյունքում առաջացող ծախսերի (կատարողական ծախսերի) եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայուն զարգացման համար  հատկացվելիք միջոցների երաշխավորված չափ՝ միաժամանակ ապահովելով հարկադիր կատարողների վարչարարության հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցումները։
Փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նման բաշխվածության սահմանումը կապահովի, որպեսզի ի սկզբանե բյուջետավորվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծախսերն ու եկամուտները, իսկ նման սահմանաչափերը ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցները համապատասխան ուղղություններով օգտագործելու ողջամիտ լուծումն է, որը հնարավորություն կտա այդ միջոցները արդարացիորեն եւ հնարավորինս համաչափ բաշխվածությամբ ուղղել ըստ նախատեսված ուղղությունների:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
 Հարգելի պարոն Բաբլոյան.

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ։

Գրությանը կցվում են՝

1. նախագիծը,

2. նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը։
 

Ազգային ժողովի պատգամավոր  
Միհրան Պողոսյան