Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-446-04.12.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 16 հոդվածի առաջին մասի վերջում ավելացնել նոր 31) կետ, հետեւյալ խմբագրությամբ.

31) Միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքի ավագանին իրավունք ունի միջհամայնքային միավորման իր կողմից ընտրված ավագանիներին տալ կողմնորոշող ցուցումներ:

Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 3-րդ մասից հետո ավելացնել նոր մաս հետեւյալ խմբագրությամբ.

Միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված մինչեւ 200 բնակիչ ունեցող, համայնքում համայնքի ղեկավարի աշխատակազմ չի ձեւավորվում, իսկ համայնքի ղեկավարը գործում է հասարակական հիմունքներով եւ ստանում են ծախսերի փոխհատուցում մինչեւ ... չափով:

Հոդված 3. Օրենքի 30 հոդվածի առաջին մասի 15) կետից հետո ավելացնել նոր 15) 1 կետ հետեւյալ խմբագրությամբ

15) 1. Միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված լինելու դեպքում, համայնքի ղեկավարը ավագանուն է ներկայացնում միջհամայնքային միավորման ավագանու նիստի օրակարգը, միջհամայնքային մարմինների որոշումների նախագծերը, որոնց վերաբերյալ համայնքի ավագանին կարող է արտահայտել իր դիրքորոշումը:

Հոդված 4. Օրենքի 8-րդ Գլուխ շարադրել հետեւյալ խմբագրությամբ

Գլուխ 8

Միջհամայնքային միավորումներ

Հոդված 78. Միջհամայնքային միավորման էությունը

1. Միջհամայնքային միավորումը համայնքների վարչական եւ տնտեսական ներուժի ուժեղացման նպատակով միեւնույն մարզին պատկանող հարեւան համայնքների միավորում է, որը սեփական պատասխանատվությամբ եւ օրենքի շրջանակներում ինքնուրույն իրականացնում է իրեն տրված լիազորությունները:

Միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքները պահպանվում են:

2. Համայնքը կարող է ընդգրկվել միայն մեկ միջհամայնքային միավորման մեջ:

Հոդված 78/1. Միջհամայնքային միավորման իրավական կարգավիճակը

1.Միջհամայնքային միավորումը իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են uույն oրենքով: Միջհամայնքային միավորումը ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:

2.Միջհամայնքային միավորումը գործում է իր կանոնադրություն համաձայն:

3.Միջհամայնքային միավորումը իրավունք ունի իր լիազորությունների շրջանակում ընդունել նորմատիվ ակտեր:

4. Եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ ապա միջհամայնքային միավորման նկատմամբ կիրառվում են միջհամայնքային միավորմանը չպատկանող համայնքին վերաբերվող դրույթները, իսկ միավորման կառավարչի եւ ավագանու նկատմամբ ՝ համապատասխանաբար միավորմանը չպատկանող համայնքի ղեկավարին եւ ավագանուն վերաբերվող դրույթները:

5. Միջհամայնքային միավորման վարչական տարածքը բաղկացած է նրանում ընդգրկված համայնքների վարչական տարածքներից:

6. Միջհամայնքային միավորման եւ նրան պատկանող համայնքի իրավական ակտերի միջեւ հակասության առկայության դեպքում գործում է միջհամայնքային միավորման իրավական ակտը:

7.Միջհամայնքային միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակներում համայնքի կողմից ընդունված ակտերը մինչեւ միջհամայնքային միավորման կողմից այդ հարաբերությունները կարգավորող ակտերի ընդունումը գործում են այնքանով, որքանով չեն հակասում միջհամայնքային միավորման ակտերին:

Հոդված 78/2. Միջհամայնքային միավորման հիմնումը

1. Միջհամայնքային միավորումը կարող է ստեղծվել.

1) համայնքների կամավոր միավորմամբ

2) օրենքով, կառավարության ներկայացմամբ :

2. Միջհամայնքային միավորումը իր գործունեությունը կարող է սկսել իր կանոնադրությունը ուժի մեջ մտնելուն հաջորդող բյուջետային տարվա սկզբից:

Հոդված 78/3. Կամավոր հիմունքներով միջհամայնքային միավորում հիմնելու եւ համալրելու կարգը

1. Կամավոր հիմունքներով միջհամայնքային միավորումը հիմնվում է երկու եւ ավելի հարեւան համայնքների ցանկությամբ:

2.Կամավոր հիմունքներով միջհամայնքային միավորումը հիմնվում է միջհամայնքային միավորման կանոնադրությունը միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող բոլոր համայնքների ավագանիների կողմից հաստատվելու միջոցով:

3.կամավոր հիմունքներով միջհամայնքային միավորումը համարվում է հիմնված միջհամայնքային միավորումը կանոնադրությունը միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող բոլոր համայնքների ավագանիների կողմից հաստատվելու եւ կանոնադրությունը ուժի մեջ մտնելը պահից

2. Միավորման կանոնադրությունը պետք է սահմանի.

1) միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող համայնքները,

2) միջհամայնքային միավորմանը փոխանցվող, անդամ համայնքների պարտադիր լիազորությունները

3) միջհամայնքային միավորման անունը եւ նստավայրը,

4) միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միջհամայնքային միավորման ֆինանսավորման սկզբունքները,

4. Համայնքը կարող է ընդգրկվել կամավոր հիմունքներով հիմնված միջհամայնքային միավորմանը՝ միջհամայնքային միավորմանը դիմում ներկայացնելու ու դրա բոլոր անդամ համայնքների համաձայնությունը ստանալուց հետո:

Հոդված 78/4. Կամավոր հիմունքներով հիմնված միջհամայնքային միավորման կանոնադրության ուժի մեջ մտնելը

Կամավոր հիմունքներով հիմնված Միջհամայնքային միավորման կանոնադրությունը ուժի մեջ է մտնում կառավարության որոշումների հրապարակման համար նախատեսված տեղեկագրում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, եթե կանոնադրությամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 78/5. Օրենքով Միջհամայնքային միավորում հիմնելու եւ համալրելու կարգը

1.Միջհամայնքային միավորում հիմնելու վերաբերյալ Օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնությունը իր մեջ ներառում է միավորման կանոնադրությունը, որը պետք է պարունակի 81 հոդվածի 2-րդ մասում սահմանված տվյալները:՝

3.Կառավարությունը մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը պարտավոր է համապատասխան համայնքներին ներկայացնել միջհամայնքային միավորման կանոնադրության նախագիծը:

4.Համայնքների ավագանիները պարտավոր են մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել իրենց եզրակացությունը կանոնադրության վերաբերյալ: Կառավարությունը իր նախաձեռնության հետ միասին Ազգային ժողով պետք է ներկայացնի միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող համայնքների ավագանիների եզրակացությունները:

5. Համայնքը կարող է ընդգրկվել օրենքով հիմնված միջհամայնքային միավորմանը օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Այդ դեպքում կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները, ընդ որում եզրակացություն պետք է ներկայացնեն ինչպես անդամ համայնքների ավագանիները, այնպես էլ ընդգրկվող համայնքի ավագանին:

Հոդված 78/6. Միջհամայնքային միավորման լիազորությունները

1. Միջհամայնքային միավորմանն անցնում են.

1) պետության կողմից միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքներին պատվիրակված բոլոր լիազորությունները,

2) անդամ համայնքների պարտադիր հետեւյալ լիազորությունները՝

ա) 34 հոդվածի 1 մասի 1 - 6 կետերի, 37 հոդվածի 1 մասի 1 - 12 կետերի, 38 հոդվածի 1 մասի 1, 3, 5, 6, 7 եւ 8 կետերի, 40 հոդվածի 2, 3, 4 եւ 5 կետերի, 41 հոդվածի 1 մասի 1 կետի, 42 հոդվածի 1 մասի 1 կետի, 44 հոդվածի 1 մասի 2 կետի, 45 հոդվածի 1 մասի 1 կետի համաձայն իրականացվելիք լիազորությունները

բ) 38 հոդված 1 մաս 2 եւ 4 կետերի, 2 մասի կետերի, 39 հոդվածի 1 մասի 1 – 3 կետերի, 42 հոդվածի 1 մասի 1 կետի, , եւ 44 հոդվածի 1 մասի 1 կետի լիազորությունները:

ա) ենթակետի համապատասխան լիազորությունները միջհամայնքային միավորումը իրականացնում է միջհամայնքային միավորման ավագանու որոշումներին համապատասխան:

2. Միջհամայնքային միավորմանը կարող են անցնել միջհամայնքային միավորման կանոնադրությամբ նախատեսված այլ պարտադիր լիազորություններ:

3. Միջհամայնքային միավորումները կարող են իրականացնել միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքների կամավոր լիազորությունները, որը արգելք չէ համայնքերի կողմից եւս այդ լիազորությունների իրականացման համար:

Հոդված 78/7. Միջհամայնքային միավորման մարմինները

Միջհամայնքային միավորման մարմիններն են` միջհամայնքային միավորման ավագանին եւ կառավարիչը:

Հոդված 78/8. Միջհամայնքային միավորման ավագանին

1. Միջհամայնքային միավորման ավագանին կազմված է անդամ համայնքների ղեկավարներից եւ սույն հոդվածի 2 մասով սահմանված մյուս անդամներից:

2. 500 հոգուց ավել բնակչություն ունեցող անդամ համայնքները միջհամայնքային միավորման ավագանի են ուղարկում լրացուցիչ անդամներ հետեւյալ քանակով՝

ա)501-ից մինչեւ 1000 հոգի բնակչություն ունեցող համայնքներում՝ 1 լրացուցիչ անդամ

բ)1001-ից մինչեւ 2000 հոգի բնակչություն ունեցող համայնքներում՝ 2 լրացուցիչ անդամ.

գ)2001-ից մինչեւ 3000 հոգի բնակչություն ունեցող համայնքներում՝ 3 լրացուցիչ անդամ.

դ)3001-ից մինչեւ 4000 հոգի բնակչություն ունեցող համայնքներում՝ 4 լրացուցիչ անդամ.

ե)4001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում՝ 5 լրացուցիչ անդամ:

Լրացուցիչ անդամները ընտրվում են անդամ համայնքների ավագանու կողմից՝ վերջինիս կազմից: Ավագանին իր որոշմամբ կարող է փոխել իր կողմից ընտրված միջհամայնքային ավագանու անդամներին:

3. Միջհամայնքային միավորման ավագանին ձեւավորվում է միջհամայնքային միավորման հիմնելուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Միջհամայնքային միավորման ավագանու գործունեության, նիuտերի նախապատրաստումը եւ անցկացումը կարգը սահմանվում է միջհամայնքային միավորման ավագանու կողմից ընդունված միջհամայնքային միավորման կանոնակարգով:

5. Միջհամայնքային միավորման ավագանու անդամները իրենց լիազորությունները իրականացնում են հասարակական կարգով: Ծախսերի փոխհատուցման վրա համապատասխանաբար տարածվում են համայնքների ավագանիների համար նախատեսված դրույթները:

Հոդված 78/9. Միջհամայնքային միավորման ավագանու իրավասությունը եւ գործունեության կարգը

1. Միջհամայնքային միավորման ավագանին լուծում է միջհամայնքային միավորման բոլոր հարցերը, եթե դրանք օրենքով կամ միավորման կանոնադրությամբ վերապահված չեն միավորման կառավարչի իրավասությանը:

2. Միջհամայնքային միավորման ավագանին վերահսկողություն է իրականացնում միջհամայնքային միավորման կառավարչի լիազորությունների իրականացման նկատմամբ:

3. Միջհամայնքային միավորման որոշման դեմ անդամ համայնքի ավագանին կարող է երեք շաբաթվա ընթացքում առարկություն ներկայացնել: Առարկությունն ունի կասեցնող ազդեցություն: Առարկությունից հետո միավորման ավագանին կարող է երկամսյա ժամկետում ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ վերահաստատել իր որոշումը՝ մերժելով առարկությունը:

Հոդված 78/10. Միջհամայնքային միավորման կառավարիչը եւ տեղակալը

1.Միջհամայնքային միավորման կառավարչին ներկայացվում է համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջները՝ բացառությամբ տվյալ համայնքում բնակության ցենզը:

2. Միջհամայնքային միավորման կառավարչի լիազորությունները ժամկետը 3 տարի է:

3. Միջհամայնքային միավորման կառավարիչը ընտրվում է միջհամայնքային միավորման ավագանու կողմից` կառավարության կողմից սահմանած կարգով միջհամայնքային միավորման ավագանու ձեւավորումից հետո 30 օրվա ընթացքում:

Մինչեւ կառավարչի ընտրությունը համապատասխան մարզպետը կարող է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

4. Միավորման կառավարիչը կարող է պաշտոնանկ արվել միավորման ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության համար սահմանված հիմքերի առկայության դեպքերում:

5. Կառավարիչը կարող է ունենալ մեկ կամ ավելի տեղակալներ: Կառավարիչն ինքնուրույն նշանակում եւ ազատում է իր տեղակալներին:

Հոդված 78/11. Միավորման կառավարչի իրավասությունը

1.Միջհամայնքային միավորմանը փոխանցված համայնքի ղեկավարի լիազորությունները համարվում են միավորման կառավարչին վերապահված իրավասություններ:

2.Միավորման կառավարիչն իրականացնում է օրենքով, կանոնադրությամբ եւ միջհամայնքային միավորման ավագանու որոշմամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 78/12. Միջհամայնքային միավորման կառավարչի աշխատակազմը

1. Միջհամայնքային միավորման ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը եւ աշխատակազմի թվաքանակը միջհամայնքային միավորման ավագանին, Միջհամայնքային միավորման կառավարչի ներկայացմամբ սահմանում է հերթական տարվա բյուջեի հաստատման հետ միասին:

2.Միջհամայնքային միավորման կառավարչի աշխատակազմի աշխատակիցները համարվում են տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներ: Միջհամայնքային միավորման կառավարչի աշխատակազմի աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է անդամ համայնքների ծառայողներին:

Հոդված 78/13. Միջհամայնքային միավորման սեփականությունը

1. Միջհամայնքային միավորման սեփականության նկատմամբ գործում են միջհամայնքային միավորմանը չպատկանող համայնքների մասին սույն օրենքի դրույթները:

2. Միջհամայնքային միավորման լիազորությունների իրականացման համար անդամ համայնքի ավագանու որոշմամբ միավորմանը սեփականության կամ օգտագործման իրավունքով կարող են հատկացնել շենքեր, շինություններ եւ այլ գույք:

Հոդված 78/14. Միջհամայնքային միավորման ֆինանսավորումը

1.Անդամ համայնքները միջհամայնքային միավորմանը կանոնադրությամբ սահմանված սկզբունքներին համապատասխան վճարում են մասհանումներ:

2.Սահմանված կարգով եւ ժամկետում որեւէ համայնքի կողմից մասհանումներ չկատարելը, միջհամայնքային միավորման ավագանու, կամ կառավարչի կողմից կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 78/15 Միջհամայնքային միավորումից դուրս գալը

1. Կամավոր հիմունքներով հիմնված միջհամայնքային միավորումից համայնքը կարող է դուրս գալ, համայնքի ավագանու որոշմամբ, կամ օրենքով այլ միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվելով:

2. Օրենքով հիմնված միջհամայնքային միավորումից համայնքը կարող է դուրս գալ միայն օրենքով:

3. Կամավոր հիմունքներով հիմնված միջհամայնքային միավորումից ավագանու որոշմամբ դուրս եկող համայնքը, միջհամայնքային միավորման սեփականությունից մասնաբաժին չի ստանում:

4. Օրենքով այլ միջհամայնքային միավորման ընդգրկվելու հիմքով միջհամայնքային միավորումից դուրս գալու դեպքում, միջհամայնքային միավորումը ստանում է միջհամայնքային միավորման սեփականության իր մասնաբաժինը, որը որոշվում է համամասնորեն` միջհամայնքային միավորման բյուջե իր կողմից կատարված ֆինանսական մուծումների:

5. Օրենքով հիմնված միջհամայնքային միավորումից օրենքով համայնքին դուրս հանելու դեպքում, միջհամայնքային միավորման սեփականությունից, դուրս եկող համայնքի մասնաբաժինը սահմանվում է օրենքով:

Հոդված 78/16. Միջհամայնքային միավորման լուծարումը

1. Օրենքով հիմնված միջհամայնքային միավորումը կարող է լուծարվել միայն օրենքով:

2. Կամավոր հիմունքներով հիմնված միջհամայնքային միավորումը կարող է լուծարվել միջհամայնքային միավորման ավագանու օրենքով սահմանված թվի առնվազն երեք քառորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

3. Միջհամայնքային միավարման լուծարման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով եւ ուժի մեջ է մտնում որոշման հրապարակմանը հաջորդող ֆինանասական տարվանից :

4. Միջհամայնքային միավորումը համարվում է լուծարված, եթե 78/15 հոդվածով սահմանված կարգով միջհամայնքային միավորման կազմից համայնքների դուրս գալու արդյունքում միջհամայնքային միավորման մեջ մնացել է մեկ անդամ համայնք:

5. Միջհամայնքային միավարման լուծարման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով եւ ուժի մեջ է մտնում որոշման հրապարակմանը հաջորդող ֆինանսական տարվանից

6. Օրենքով հիմնված միջհամայնքային միավորման լուծարման դեպքում, միջհամայնքային միավորման սեփականությունը միջհամայնքային միավորումների միջեւ բաշխվում են օրենքով:

7.Միջհամայնքային միավորման մեջ մեկ համայնք մնացած լինելու հիմքով, միջհամայնքային միավորման լուծարման դեպքում, միջհամայնքային միավորման սեփականությունը անցնում է միավորման մեջ մնացած համայնքին:

Հոդված 78/17. Պատասխանատվությունը

1. Եթե անդամ համայնքը դուրս է գալիս միջհամայնքային միավորումից, ապա նա միավորման առջեւ պատասխանատվություն է կրում միավորման բոլոր պարտավորությունների համար, որոնք առաջացել են իր դուրս գալուց առաջ՝ դուրս գալու ժամանակ մասհանումների բանաձեւին համապատասխան:

2. 1 մասը համապատասխանաբար գործում է միջհամայնքային միավորման լուծարման դեպքում:

3. Միջհամայնքային միավորման լուծարումից հետո միավորումը շարունակում է գործել այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է միավորման նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Այդ հարցերի կարգավորումը իրականացնում է միավորման կառավարիչը

Հոդված 78/18. Միջհամայնքային միավորումների հիմնման խթանումը պետության կողմից

Միջհամայնքային միավորումները պետք է հաշվի առնվեն ֆինանսական համահարթեցման ժամանակ: Ընդ որում պետք է ֆինանսապես խթանել միջհամայնքային միավորումների հիմնումը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 900 համայնքներ: Այդ համայնքների հիմնական մասի համայնքային բյուջեի ծավալները բավականին փոքր են, կան նույնիսկ համայնքներ, որոնք գործնականում բյուջե չունեն հետեւաբար հնարավորություն չունեն իրականացնելու օրենքով իրենց վրա դրված խնդիրները: Ներկայացվող օրենսդրական նախագիծը հնարավորություն կտա միջհամայնքային միավորումների ստեղծման ու գործունեության միջոցով փոքր բյուջե ունեցող համայնքներին միավորել իրենց ֆինանսական միջոցները ու դրանց առավել օպտիմալ եւ նպատակային օգտագործման արդյունքում արդյունավետ իրականացնել իրենց սեփական ինչպես նաեւ պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունները:

Բացի դրանից ներկայացվող նախագիծը լուծում է նաեւ մեկ այլ խնդիր, մասնավորապես խոսքը վերաբերվում է նրան, որ շատ դեպքերում համայնքներն ունենում են խնդիրներ, որոնք կարող են լուծել միայն համատեղ ջանքերով ու այս առումով եւս «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրա համար իրավական հիմքեր ստեղծելու խնդրի լուծմանն է ուղղված: