Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1871-20.11.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի «ը» կետի «5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով» բառերը փոխարինել «6-րդ կամ 7-րդ մասերով» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ «թ» կետով.

«թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը՝ խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ:»,

3) 3-րդ մասի «նույն մասի «ա» եւ «ը» կետերում» բառերը փոխարինել «նույն մասի «ա», «ը» եւ «թ» կետերում» բառերով:

Հոդված 2.

1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել նոր՝ «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Առկա խնդիրները

Վերջին շրջանում մամուլում եւ սոցիլական ցանցերում գնալով ավելի հաճախակի են դառնում վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ հրապարակումները: Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Նման դեպքերի նկատելի աճին նպաստել է նաեւ լիզենցավորված այդ գործունեությունն իրականացնող ընկերությունների կողմից իրենց ցանցերի լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, համացանցային տիրույթում շահումով խաղերի կազմակերպման ծավալների աճող միտումները, ինչպես նաեւ սահմանված տուգանքների անհամապատասխանությունը պատճառված վնասին, թույլ վարչական վերահսկողությունը եւ այլն:  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով:

2. Առաջարկվող կարգավորումները

Փաթեթով առաջարկվում է հիշյալ իրավախախտումների առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:

3. Ակնկալվող արդյունքները

Փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենան զսպիչ նշանակություն, ինչը կհանգեցնի վիճակախաղերի դեպքում՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների դեպքում 21 տարեկանը չլրացած անձանց՝ վիճակախաղերին կամ շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցության դեպքերի հնարավորինս նվազմանը: Էական է այն հանգամանքը, որ վերոնշյալ շուկայում առկա է իրական կոշտ մրցակցություն, եւ նման տուգանքների սահմանման պարագայում այն կհանգեցնի  շուկայի մասնակիցների կողմից միմյանց գործունեության փոխադարձ վերահսկողության, ինչը կարող է միայն օգտակար լինել խնդրի լուծման տեսանկյունից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2003

Հոդված 14.  Տուգանքը

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետեւյալ չափերով, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը՝ դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջը՝ հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված պահանջը՝ չտեղափոխված մասի կրկնակի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կամ «զ» կետերով սահմանված պահանջները՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ հարյուր հազար դրամի չափով.

է) սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու եւ այդ մասին լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու համար՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հարյուր հազար դրամ.

ը) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հարյուր հազար դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն մասի «ա» եւ «ը» կետերում նշված խախտման դեպքերի) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք՝ Երեւան քաղաքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում՝ մարզպետարանների կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով եւ վարույթով:

Հոդված 16. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է՝

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը թույլ է տվել սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում նշված խախտումը.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

3. Լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե փաստաթղթային կամ տեղում ստուգման արդյունքների հիման վրա ձեւավորված լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները:

15.11.2017 թ.

                            ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                            ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

          Մեծարգո  պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ““Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին” եւ ““Վիճակախաղերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Սամվել Ֆարմանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանք:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:   
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝