Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1817-13.11.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) Օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին (եթե վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվել է Ֆոնդի միջոցների հաշվին)»:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման, իսկ ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վերականգնման համար.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2015 թվականի հունվարի 1-ից հետո, ենթակա են կատարման ֆոնդի միջոցների հաշվին:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: