Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-171-31.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի վերջին մասում ավելացնել հետեւյալ պարբերությունը.

«Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից, ոչ ուշ, քան տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից (նշանակված տուգանքի մասին ծանուցվելուց) հետո ութ օրվա ընթացքում, վճարում կատարվելու դեպքում վճարվում է վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի կեսը՝ բացառությամբ սահմանված կարգով տարաժամկետված, գանգատարկված եւ (կամ) բողոքարկված վարչական ակտերի, ինչպես նաեւ՝ 44.1-րդ, 44.2-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 47.1-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 89-րդ, 91-րդ, 92-րդ, 93-րդ, 110.2-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 26-րդ եւ 31-րդ մասերով, 126-րդ, 128-րդ, 176-րդ, 177-րդ, 205-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար նշանակված տուգանքների եւ 112.2-րդ հոդվածով, 124-րդ հոդվածի 14-րդ եւ 18–րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նշանակված տուգանքների:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Անհրաժեշտությունը. Հաշվի առնելով վարչական ակտերի քանակը, դրանցով նախատեսված տուգանքների չափերը, ինչպես նաեւ՝ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը եւ վճարողունակությունը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել բարենպաստ պայմաններ ստեղծել վարչական ակտերով նախատեսված տուգանքների վճարման հարցում։

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է տասնհինգօրյա ժամկետ։ Սակայն, ուսումնասիրելով տուգանքների չափերը, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ, որպես կանոն, տուգանքները սահմանված ժամկետներում չեն վճարվում, հետագայում դրանք բռնագանձելու համար վարչական մարմինները հայց են ներկայացնում դատարան կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով դիմում ներկայացնում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ անհրաժեշտ է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց մոտ լրացուցիչ շահագրգռվածություն առաջացնել տուգանքները վճարելու համար։ Ներկայումս, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաեւ տուգանքները վճարելուց խուսափելու դեպքերով պայմանավորված՝ բազմաթիվ տուգանքներ տարիներով մնում են չվճարված։

Կարգավորման նպատակը. Նախագծի նպատակն է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց մոտ տուգանքները ժամանակին վճարելու շահագրգռվածություն առաջացնելը, ակտիվության բարձրացմանն ուղղված լրացուցիչ մեխանիզմ ներդնելը եւ հումանիստական մոտեցում դրսեւորելը զանցանք կատարած անձանց նկատմամբ։

Ակնկալվող արդյունքը.Նման փոփոխության արդյունքում, նախ, անկասկած, կավելանա տուգանքները վճարողների թիվը, երկրորդ՝ վճարված տուգանքների քանակը, երրորդ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե մուտքագրվող գումարների չափը, չորրորդ՝ կթեթեւանա վարչական պատասխանատվության ենթարկվածների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Իսկ նման պայմաններում, բնականաբար, կթեթեւանա ինչպես դատարանների եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության, այնպես էլ տուգանք նշանակած վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված դատարան եւ ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ գումարների բռնագանձման պահանջով դիմելու գործառույթով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

ՀՀ Ազգային Ժողովի Աշխատակարգի 25-րդ հոդվածի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ

1 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը։

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ