Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4432-03.12.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 57 հոդվածի 6-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողեր), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են՝

- Երեւան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը՝ այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երեւան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգովբացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները եւ Երեւանի խորհուրդը սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը»:

Հոդված 2. Սույն օրենքը տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո կնքված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողեր), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործարքների վրա:

Սույն օրենքը տարածվում է նաեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ից հետո կնքված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողեր), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման այն գործարքների վրա, որոնց համաձայն կատարվելիք վճարումների ժամկետները լրանալու են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այդ գործարքների (պայմանագրերի) ընդհանուր գնի մասով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: