Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-432-26.11.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 5-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝

«Վարչական ակտերի ձեւերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաեւ այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:

2005 թվ.հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Վարչարարությանհիմունքների եւ վարչական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,որը վարչարարության հիմնական սկզբունքների սահմանումից բացի, մանրամասնորեն կարգավորում է անհատական ակտերի տարատեսակներից մեկի՝ վարչական ակտերի ձեւերի, դրանց ընդունման, հրապարակման, իրազեկման, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունները։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոհիշյալ օրենքն առաջինը լինելով, մանրամասնորեն կարգավորում է վարչական ակտերի ընդունման հետ կապված վարչական վարույթ, այդ թվում՝ վարչական ակտերի բողոքարկման հետ կապված վարույթ իրականացնելու հարաբերությունները, նպատակահարմար է դիտվել օրենքում կարգավորել վարչական ակտերին վերաբերող վերը նշված հարցերը նույնպես։

Սակայն անհատական ակտերի ընդունման, ուժի մեջ մտնելու, փոփոխելու, գործողությունը դադարեցնելու եւ հարակից մի քանի հարցեր իրենց լուծումն են ստացել նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀօրենքում։ Հաշվի առնելով վարչական ակտերի առանձնահատկությունները այլ տեսակի անհատական ակտերի համեմատությամբ, ինչպես օրինակ՝ այն հանգամանքը, որ վարչական ակտերը կարող են ընդունվել ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր, պատկերային, նշանների, ազդանշանային եւ այլ ձեւերով, հետեւաբար դրանց ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու եւ այլ կարեւոր առանձնահատուկ դրսեւորումները բոլորովին այլ կարգավորումներ պետք է ունենան, որոնք ամրագրվել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, անհրաժեշտություն է առաջացել որոշակի սահմանազատում դնել «Իրավական ակտերի մասին» օրենքի՝ անհատական իրավական ակտերի կարգավորումներ նախատեսող դրույթների վրա այն մասով, որն առնչվում է վարչական ակտերին։

Այդ, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» օրենքների միջեւ փոխադարձ ներդաշնակ կապ ապահովելու, դրանց միջեւ հնարավոր անհամապատասխանությունները հաղթահարելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀօրենքի նախագիծը։