Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-431-26.11.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն  օրենքով  կարգավորվում  են  ՀՀ-ում  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության կազմակերպման   բժշկական,  տնտեսական, իրավական եւ ֆինանսական  հիմքերը, դոնորի եւ ռեցիպիենտի իրավունքներն ու պարտականությունները, կանոնակարգում արյան եւ նրա բաղադրամասերի զարգացման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ I  Ընդհանուր  դրույթներ

ԳԼՈՒԽ II Դոնորի  իրավունքներն  ու  պարտականությունները, նրանց  տրվող արտոնությունները

ԳԼՈՒԽ III  Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության կազմակերպումը

ԳԼՈՒԽ IV Մարդու արյան բաղադրամասերի փոխներարկումը

ԳԼՈՒԽ V Եզրափակիչ  դրույթներ
 

ԳԼՈՒԽ  I

Ընդհանուր  դրույթներ

Հոդված 1.Հիմնական  հասկացությունները

Մարդու   արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  կիրառվող հասկացությունները`

արյան  բաղադրամաս  - ֆիզիկական  մեթոդներով  արյունից  անջատված  նրա  ցանկացած  մաս

արյան  դոնոր - 18-60  տարեկան  պրակտիկ  առողջ  անձ,  որը  հանձնում  է  արյւն  կամ  արյան  բաղադրամասեր

արյան  ծառայություն - համապատասխան  կարգով  արտոնագրված  մասնագիտացված  իրավաբանական  անձ, կազմակերպություն,  բուժհաստատություն / անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/,  որոնք  իրականացնում  են  արյան  հավաքման,  պահպանման  եւ  բուժհաստատություններին  տրամադրման  բոլոր  փուլերը`  ապահովելով  դոնորական  արյան  եւ  արյան  բաղադրամասերի  որակը  եւ  անվտանգությունը

արյան  պատրաստուկներ - արյան  բաղադրամասերի   կազմի  մեջ  մտնող  մեկ  կամ  մի  քանի  կենսաբանական  նյութեր  դեղամիջոցի  ձեւով

դոնացիա - մարդու   արյան  կամ  նրա  բաղադրամասերի  հանձման  հետ  կապված  բժշկական  գործողությունների  ամբողջություն

դոնորի  իմունացում - հատուկ  ախտորոշիչ  կամ  բուժական  հատկություններով  օժտված   արյան  բաղադրամասեր  ստանալու  նպատակով  օտար  հակածնի  ներարկում  դոնորին

մարդու   արյուն - մարդու  օրգանիզմի  շարակցական  հյուսվածքի  տարբերակներից  մեկը,  որը  բաղկացած  է  բջջային  տարրերից  եւ  պլազմայից

մարդու   արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորություն - դոնորի  ցանկությամբ  կատարվող  կամավոր  դոնացիա /այսուհետեւ «արյան  դոնորություն»/

ռեցիպինտ - բուժական  նպատակով  արյան  բաղադրամասեր  ստացող  անձ

փոխներարկաբան - արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բոլոր  փուլերի  համար  պատասխանատու  բժիշկ,  որն  ունի  համապատասխան  որակավուրումն  հաստատող  փաստաթուղթ

փոխներարկում - ռեցիպիենտին  այլ  մարդու  արյան  բաղադրամասերի  ներարկման  ձեւով  փոխպատվաստման  հետ  կապված  բժշկական  գործողությունների  ամբողջություն

փոխներարկումային  բարդություններ - ցանկացած  բարդություն,  որն  առաջանում  է  ռեցիպիենտի  մոտ`  կապված  արյան  բաղադրամասերի  ներրկման  հետ

փոխներարկումային  բուժօգնություն - հիվանդին  բուժական  նպատակով  փոխներարկման  իրականացում

Հոդված 2. Սույն  օրենքի  գործունեության  ոլորտը

Սույն  օրենքը  տարածվում  է  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիների, Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գտնվող  օտարերկրյա  քաղաքացիների  եւ  քաղաքացիություն   չունեցող  անձանց,  ինչպես  նաեւ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  հաստատությունների,  կազմակերպությունների  վրա  /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/:

Հոդված 3. Մարդու  արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում   պետական  քաղաքականության  նպատակները

Մարդու արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում   պետական  քաղաքականության  նպատակներն  են,

ա/  արյան  դոնորի,  ռեցիպիենտի, արյան    դոնորության  եւ  փոխներարկման  գործընթացում   ներգրավված  բուժաշխատողի  սոցիալական,  տնտեսական  իրավական  եւ   առողջության   պահպանման  երաշխիքների  ապահովումը

բ/ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  բուժհաստատությունների /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/ արյան  եւ  նրա  բաղադրամասերի  անհրաժեշտ  քանակության  ապահովումը

գ/ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  բուժհաստատությունների /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/  ցուցաբերվող  փոխներարկումային  բուժօգնության  որակի  բարելավումը  եւ  անվտանգության   ապահովումը

դ/ Հայաստանի  Հանրապետության  հիվանդներին  արյան  պատրաստուկներով  ապահովման  խնդրի  լուծումը

Հոդված 4. Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության բժշկական  եւ  իրավական  սկզբունքները

Մարդու   արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորությունը  կամավոր  ակտ է:Այն   կարող  է  լինել  անհատույց  եւ  վճարովի: Բուժական  նպատակով  օգտագործվող  արյունը  եւ  նրա  բաղադրամասերը  կարող  են  ստացվել  միայն  մարդուց,նրա   տեղեկացված   համաձայնությամբ`   ըստ  համապատասխան   կարգի: Արյան  եւ  նրա  բաղադրամասաերի  դոնոր կարող  է լինել 18-60 տ. ցանկացած քաղաքացի,  որն  անցել  է  բժշկական  ստուգում   ըստ   սահմանված  կարգի:  18  տարին  չլրացած  անձը կարող   է  դոնոր  հանդիսանալ  միայն  բացառիկ  դեպքերում,  անչափահասի  ծնողների  կամ  նրա  օրինական  ներկայացուցիչի   կողմից  տրված  գրավոր  համաձայնությամբ ըստ  համապատասխան   կարգի:   60  տարին  լրացած  անձը  կարող  է դոնոր  հանդիսանալ  միայն   մասնագետ  փողներարկաբանի  թույլտվությամբ  ըստ  սահմանված  կարգի:  Դոնորից արյուն  եւ  նրա  բաղադրամասեր  կարելի  է  ստանալ   միայն  այն  դեպքում,  երբ  դա  չի  վնասում  դոնորի առողջությանը:  Դոնացիան   չի  կարելի   իրականացնել   արյան  դոնորության   ժամանակավոր  եւ  մշտական  հակացուցումների   ամբողջական  ցանկում   նշված  վիճակների   առկայության   դեպքում  /ցանկը  հաստատում  է  ՀՀ  կառավարության  կողմից   լիազորված  մարմինը/

Հոդված 5. Դոնորական  արյան  եւ  նրա  բաղադրիչների  զարգացման պետական  ծրագրերը:

Արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման,  պրոպագանդման  եւ զարգացման պետական  ծրագրերն ընդունվում  են  կառավարության   եւ  հաստատվում  ԱԺ-ի կողմից: Ծրագրերի կատարման հսկողությունը իրականացնում է  Առողջապահության  նախարարությունը:

Հոդված 6.  Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման,  պրոպագանդման  եւ  զարգացման  ծրագրերի ֆինանսավորումը

Հայաստանի  Հանրապետության  տարածքում  մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման, պրոպագանդման  եւ  զարգացման  ծրագրերի ֆինանսավորումը  դիտվում  է  որպես  առաջնային`  ելնելով  կյանքի  եւ  առողջության   անվտանգության  երաշխիքների  ապահովման   անհրաժեշտությունից:

Ծրագրերի   իրականացման  համար  անհրաժեշտ    ֆինանսավորման  աղբյուրներն  են  հանդիսանում`
 


Հոդված 7. Հայաստանի  Հանրապետության  կառավարության  կողմից  լիազորված  մարմինը   արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  հաստատում  է.

ա/ դոնացիան  բացառող  հիվանդությունների  ամբողջական  ցանկը

բ/  դոնորի  տեղեկացված  համաձայնության  ձեւը  եւ  այդ  համաձայնությամբ  արյուն  կամ  արյան  բաղադրամասեր  հանձնելու  կարգը

գ/ հատուկ,  բացառիկ  դեպքերի  ցանկը,  երբ  հիվանդի  մոտ  առաջացել  է  այնպիսի  իրավիճակ,  որ  համատեղելի  արյան  բաղադրամասերի  ընտրությունը  հնարավոր  է  կատարել  միայն  18  տարին  չլրացած  կամ  60  անց  հիվանդի  հարազատներից  եւ  այդ  դոնացիաների  կարգը

դ/ դոնորի  տեղեկացված  համաձայնությամբ  ցանկացած  օտար  հակածնով  իմունացման  իրականացման  կարգը

ե/ ռեցիպիենտի  տեղեկացված  համաձայնությամբ  նրան  սեփական  արյան  բաղադրամասեր  ներարկման  կարգը

զ/ ռեցիպիենտի  տեղեկացված  համաձայնությամբ  փոխներարկում  իրականացնելու  կարգը

է/ բժշկական  ցուցումներով  փոխներարկման  անհրաժեշտության  եւ տեղեկացված  համաձայնություն  ստանալու   հնրավորության  բացակայության  դեպքում, փոխներարկում  իրականացնելու  կարգը

ը/ արյան  բաղադրամասերի  փոխներարկման  հետ  կապված  հնարավոր  բարդությունների  առաջացման  հմասին  ռեցիպիենտին   տրամադրվող  տեղեկատվության  ձեւը  եւ  կարգը

թ/  արյան  բաղադրամասերի

թա/ փոխներարկման  ցուցումները

թբ/ փոխներարկմանը  նախապատրաստման  կարգը

թգ/ փոխներարկման իրականացման  կարգը

ժ/ Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գործող  Արյան  Ծառայության  աշխատանքների  կազմակերպման  կարգը

ի/ Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գործող  բուժհաստատություն-ներում իրականացվող  փոխներարկումային  բուժօգնության   կարգը

լ/ փոխներարկաբանի

լա/ աշխատանքային  գործունեության  կարգը

լբ/ պարտականությունները

լգ/ իրավունքները

խ/ արտակարգ  իրավիճակներում  արյան  դոնորությունը  կազմակերպելու  համար  անհրաժեշտ  միջոցների  անվանացանկը,  քանակությունները  եւ   Արյան  Ծառայության  աշխատանքների  կազմակերպման  կարգը

Հոդված 8. Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման,  պրոպագանդման  եւ  զարգացման  գործում  պետական  եւ  տեղական  կառավարման  մարմինների  պարտականությունները.

Պետական  եւ  տեղական  կառավարման  մարմիններն  իրենց  իրավասությունների  սահմաններում  նպաստում  են  մարդու արյան եւ նրա բաղադրամասերի  դոնորության  պրոպագանդման,  զարգացման  եւ  կազմակերպման, մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  ստացման, մշակման  ու պահպանման  գործառույթներն  իրականացնող  հիմնարկների  ֆինանսական  եւ  նյութատեխնիկական  ապահովման, դոնորներին տրված իրավունքների  եւ արտոնությունների  պահպանման  պետական  ծրագրերի  իրականացմանը:

Հոդված 9.Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորությանը   աջակցող  պետական եւ ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների, ընկերությունների  եւ  կազմակերպությունների  ղեկավարների   պարտականությունները

Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման  ժամանակ ձեռնարկությունների,  հիմնարկությունների  եւ  կազմակերպությունների  ղեկավարները   անկախ  սեփականության  ձեւից ,զորամասերի  հրամանատարները  պարտավոր  են`

* համագործակցել   պետական  եւ  համայնքային առողջապահական  հիմնարկությունների

հետ,  քաղաքացիներին  դոնորության  մեջ  ներգրավելու  եւ  տեղերում  արյան  դոնորություն  կազմակերպելու   խնդրում:

* նախատեսված  օրը  դոնորին  անարգել  արձակել աշխատանքից  կամ  ուսման  վայրից`   ստուգման  կամ  արյուն  հանձնելու  նպատակով

*արյուն  վերցնելու  նպատակով տրամադրել  անվարձահատույց  տարածք

*տրամադրել  դոնորին  նրան  հասանելիք  արտոնությունները

Հոդված 10. Բնակչության հասարակական  կազմակերպությունների  եւ  միավորումների  մասնակցությունը  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպմանն  ու  պրոպագանդմանը

Կարմիր  Խաչի  եւ  այլ  հասարակական  կազմակերպությունները,  որոնց  կանոնադրու-թյան մեջ նշված է աջակցություն  ազգաբնակչության առողջապահության  պահպանմանը, պետական  եւ  տեղական  կառավարման  մարմինների  հետ  համատեղ  մասնակցում  են արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  ֆինանսավորման, հասարակության  մեջ  դոնորության  գործընթացի  լուսաբանմանը:

ԳԼՈՒԽ II

Դոնորի  իրավունքներն  ու  պարտականությունները, նրան  տրված արտոնությունները

Հոդված 11. Դոնորի  իրավունքների  պետական  պաշտպանությունը:

-Պետությունը  երաշխավորում  է  դոնորի  իրավունքների պաշտպանությունը, առողջության պահպանումը, ինչպես  նաեւ  նրան  տրամադրվող  արտոնությունները:

-Առողջապահության  պատասխանատուները  պարտավոր  են դոնորին մինչեւ դոնորության  գործընթացը տեղեկացնել նրան  իր առողջության պահպանման  երաշխիքների, դոնացիայի  հետ  կապված  հնարավոր  բարդությունների,  դոնորական  արյան  հետազոտման  կարգի,  դոնորի  իրավունքների,  պարտականությունների  եւ  արտոնությունների  վերաբերյալ :

- Արյուն հանձնելուց  առաջ  դոնորի  բժշկական  հետազոտումը  եւ  առողջական վիճակի  վերաբերյալ տեղեկանքի  տրամադրումը  կատարվում  է Արյան  Ծառայության միջոցների հաշվին:

-ՀՀ օենսդրությամբ սահմանված կարգով  դոնորին  դոնացիան  իրականացնող  կազմակերպության միջոցների  հաշվին փոխհատուցվում  է դոնորության  գործընթացի  իրականացման  ժամանակ նրա  առողջությանը հասցված վնասը ներառյալ նաեւ բուժման, բժշկասոցիալական  փորձաքննության,  աշխատանքային  եւ  մասնագիտական  վերականգնողական  ծախսերը :

-Դոնորության  պատճառով  ստացված  հաշմանդամությունը  հավասարեցվում  է  աշխատանքային  հաշմանդամությանը:

-Արյան  Ծառայությունից   պահանջել իր  կողմից  կատարած դոնացիայի  վերաբերյալ  տեղեկատվության   գաղտնիության  ապահովում

-Արյունատվությունից   ինքնաբացարկ  հայտարարելու  դեպքում  դոնորը  պարտավոր  է  վճարել  կատարված  հետազոտության  համար:

Հոդված 12. Դոնորին  տրվող  արտոնությունները.

*դոնորը  արյուն  հանձնելու,  ինչպես  նաեւ  բժշկական  հետազոտում  անցնելու  օրերին  ազատ  է  արձակվում  ուսման  վայրից  կամ  աշխատանքից  /անկախ  ձեռնարկության  սեփականության  ձեւից/  այդ  օրերի  դիմաց  պահպանելով նրա  միջին աշխատավարձը

*զինծառայող  դոնորը   արյուն  հանձնելու  օրը  ազատվում  է պարեկային ծառայողական  պարտականությունների  կատարումից:

*եթե  դոնորը , հիմնարկի  ղեկավարության  հետ  համաձայնեցված,  արյուն  հանձնելու  օրը  դուրս  է  եկել  աշխատանքի,  ապա  նրան  տրամադրվում  է այլ հանգստյան  օր նրա ցանկությամբ, պահպանելով միջին աշխատավարձը

 *արյուն  հանձնելու  հաջորդ օրը  դոնորին  տրամադրվում  է  հանգստյան օր, պահպանելով  միջին  աշխատավարձը:Դոնորի  ցանկությամբ  այդ  օրը  կարող  է  միացվել  հասանելիք  հերթական  արձակուրդին  կամ  օգտագործվել  առանձին

*դոնորի  արձակուրդում  գտնվելու,  հանգստյան  կամ  տոնական  օրերին  արյուն  հանձնելու  դեպքում,  նրան   իր  ցանկությամբ, տրամադրվում  է  այլ  հանգստյան  օր  կամ  վարձատրվում  է  կրկնակի  վարձատրությամբ

*արյուն  հանձնելու  օրը  դոնորին  տրամադրվում  է  անվճար  սնունդ  դոնացիան  կազմակերպող  կազմակերպության  միջոցների   հաշվին:

Հոդված 13.Դոնորին  տրամադրվող  լրացուցիչ  արտոնությունները`

Դոնորին , որը  տարվա  ընթացքում  գումարային  կարգով  հանձնել  է արյուն`  հավասար  երկու առավելագույն թույլատրելի դոզայի չափով,տրվում է լրացուցիչ  արտոնություններ`

*ուսանողներին  կրթաթոշակի  25% -ի  ավելացում,  համապատասխան  բյուջեյից  6  ամիս  տեւողությամբ

*աշխատողներին, անկախ  աշխատանքային  ստաժից, 1տարվա  անաշխատունակության նպաստ  լրիվ  աշխատավարձի  չափով

*պետական  ու  քաղաքային  բուժ  հիմնարկներում 1 տարի  ժամկետով  բուժման  իրավունք  բյուջեյի  հաշվին

*ուսման  կամ  աշխատանքի  վայրում  1  տարվա  ընթացքում  առաջնահերթ,  արտոնյալ  պայմաններով  սանատոր-կուրորտային  ուղեգրերի  տրամադրում

* իշխանությունների  կողմից տրամադրվող  այլ  արտոնություններ

Հոդված 14. «Պատվավոր  դոնոր»  նշանով պարգեւատրված դնորների  արտոնությունները

այս  անձինք  իրավունք  ունեն`

* առաջնահերթ  բուժվելու պետական, քաղաքային  բուժ  հիմնարկներում

* պատրաստելու  եւ  վերանորոգելու  անվճար  ատամնապրոթեզ /բացի  թանկարժեքից/

* 50 %   զեղչով  դեղորայքի  ձեռք  բերման

*ուսման  կամ  աշխատանքի  վայրում  առաջնահերթ  սանատորկուրորտային  արտոնյալ  ուղեգրերի  ձեռք  բերման

*իրենց  հարմար  ժամանակ  օգտվել վճարովի  արձակուրդից

* մինչեւ  50 %   զեղչով  կոմունալ  վճարումների  կատարման

*անահատական  բնակշինարարության  նպատակով  արտոնյալ  վարկերի  ձեռք  բերման

Հոդված 15. Դոնորի  պարտականությունները

Անձը, որը  ցանկանում է  դառնալ  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնոր , պարտավոր  է հայտնել  իրեն  հայտնի  տեղեկություններ իր  նախկինում  կրած  եւ  առկա հիվանդությունների, թմրամիջոցների  օգտագործման  եւ  այլ  վիճակների   մասին,  որոնք  կարող  են  բացառել  դոնացիան: Անձը, որը  թաքցրել  կամ  աղավաղել  է  կրած  եւ  առկա  հիվանդությունների  վերաբերյալ  տեղեկությունները  եւ  այդ  պատճառով  վնաս  է  հասցրել  ռեցիպիենտի առողջությանը, պատասխանատվություն է կրում օրենքով  սահմանված  կարգով
 

ԳԼՈՒԽ III

Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպումը

Հոդված 16. Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  հավաքագրում , մշակում  եւ  պահպանում  իրականացնող  բժշկական  հիմնարկությունները

Մարդու  արյան  եւ  նրա  բաղադրամասերի  հավաքագրման , մշակման  եւ  պահպանման  գործընթացը  իրականացնում  են  ինստիտուտները,  կենտրոնները , կայանները,  արյան  փոխներարկման  բաժանմունքները

Հոդված 17. Դոնորից  արյուն  եւ  նրա  բաղադրամասերի  հավաքագրման  կարգը

Դոնորից  արյուն  եւ  նրա  բաղադրամասերի  հավաքագրումն  իրականացվում  է դոնորին ըստ  սահմանված  կարգի  բժշկական  հետազոտման  ենթարկելուց  հետո:

Հոդված 18. Դոնորական արյան եւ նրա  բաղադրամասերի որակի հսկողությունը

Արյան  ծառայության  կողմից  ստացվող  արյունը,  նրա  բաղադրամասերը,  դոնորական  արյան  պատրաստուկները,  պահածոյացված  հեղուկները  ենթակա  են  պարտադիր  հսկման  համապատասխան  գերատեսչության  կողմից:

Արյան  ծառայության  եւ  բուժ  հիմնարկների  փոխհամագործակցության`  դոնորական  արյունից  պատրաստուկների  պատրաստման  գործընթացը  կանոնակարգող  նորմը  հաստատում  է  կառավարությունը

Հոդված 19. Առողջապահական  հիմնարկների  պատասխանատու  անձանց  պատասխանատվությունները

Բուժ  հիմնարկների  ղեկավարները  պատասխանատվություն  են  կրում  արյան, նրա  բաղադրամասերի հավաքագրման,  մշակման,  պահպանման  եւ պատրաստուկների  օգտագործման  կարգը  խախտելու  համար

ԳԼՈՒԽ  IV.

Մարդու   արյան  բաղադրամասերի  փոխներարկումը

Հոդված 20. Դոնորական  արյան  բաղադրամասերի փոխներարկման  բժշկական եւ իրավական սկզբունքները

Արյան  բաղադրամասերի փոխներարկումն  իրականացվում  է  միայն    բուժական  նպատակով ` համաձայն   սահմանված  կարգի

Փոխներարկվող  արյան  բաղադրամասերի  որակն  ու  անվտանգության չափանիշները պետք  է  համապատասխանեն   ժամանակակից  բժշկագիտության  կողմից  ներկայացվող  պահանջներին

Փոխներարկում  կարելի  է  իրականացնել ըստ   սահմանված  կարգի միայն  ռեցիպիենտի   կամ  նրա  օրինական  ներկայացուցիչի   տեղեկացված  համաձայնությամբ:

Ռեցիպիենտի կամ  նրա  օրինական  ներկայացուցիչի տեղեկացված  համաձայնություն  ստանալու  հնարավորության  բացակայության  դեպքում, Փոխներարկում իրականացվում  է  ըստ  այդ  դեպքերի  համար   սահմանված  կարգի:

Հոդված 21. Ռեցիպիենտի  իրավւնքները

Ռեցիպիենտը   կամ  նրա  օրինական  ներկայացուցիչն   իրավունք  ունեն `

Մինչեւ   արյան    բաղադրամասերի փոխներարկման  իրականացումը  ստանալ  լիարժեք  տեղեկատվություն   փոխներարկման  գործընթացի,  դրա  հետ  կապված  հնարավոր  բարդությունների  վերաբերյալ

Արյան միջոցով  տարածվող  հիվանդությունների  նկատմամբ պահանջել  փոխներարկվող  արյան   բաղադրամասերի  կրկնակի  հետազոտություն

Հոդված 22.  Փոխներարկաբանի  իրավունքներն  ու  պարտականությունները

Փոխներարկաբանը  պարտավոր  է   փոխներարկման  հետ  կապված  բոլոր  գործընթացներն  իրականացնել  ըստ  սահմանված  կարգի

ԳԼՈՒԽ V.

Եզրափակիչ  դրույթներ

Հոդված 23.Դոնորական  արյան,  նրա  բաղադրամասերի, պատրաստուկների  փոխանակման  եւ  արտահանման  կարգը

*Դոնորական  արյան,  նրա  բաղադրամասերի, պատրաստուկների  եւ  փոխանակման  կարգը  հաստատում  է  Առողջապահության  նախարարությունը:

*Դոնորական  արյան  ,  նրա  բաղադրիչների , պրեպարատների  արտահանումը  իրականացվում  է  միայն  արտակարգ  իրավիճակների  դեպքում  հումանիտար  օգնության  ձեւով , կառավարության  թույլատվությամբ:

*Դոնորական  արյան  ,  նրա  բաղադրամասերի , պրեպարատների  վաճառքը,  այլ  պետություններում  շահույթ  ստանալու  նպատակով, արգելվում  է :

Հոդված 24. Արտակարգ  իրավիճակներում  արյան  եւ  նրա  բաղադրիչների  դոնորության  կազմակրպումը

Տարերային  աղետների,  վթարների, արտակարգ  իրավիճակների  դեպքում   արյան  եւ  նրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակրպումը իրականացվում  է  Առողջապահության  նախարարության  կողմից, կառավարության  պահուստային  ֆոնդից

Հոդված 25. Միջազգային  պայմանագրեր

Եթե միջազգային  պայմանագրերով  գործում  են  այլ  նորմեր,  որոնք  հակասում  են սույն  օրենքին`  գործում  են  միջազգային  պայմանագրերի  նորմերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի  դոնորության եւ փոխներարկման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման խնդիրները, հանդիսանալով բնակչության առողջության պահպանման կարեւոր գործոններից, ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության ապահովման հիմնահարցերի հետ, հատկապես բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակներում` «կեղտոտ» արյան փոխներարկման միջոցով տարբեր վիրուսային հիվանդությունների զանգվածային տարածման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության եւ սպասարկման որակի եւ մատչելիության ներկայիս վիճակը  պատճառ է դարձել  որոշ հիվանդությունների  կտրուկ աճի, ինչը պայմանավորված է արյան դոնորների շուկայի ընդլայնմամբ` ի հաշիվ  սոցիալ-տնտեսական  ծանր վիճակում հայտնված վիրուսակիր հիվանդների: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործող կարգերը լիովին չեն ապահովում դոնորական արյան պատշաճ անվտանգությունը, մասնավորապես այդպիսի արյան հետազոտման, թեստավորման եւ  վիրուսաանվտանգության ախտորոշման գործընթացներում:

Կարծում ենք, որ վերը նշված հիմնախնդիրները լուծելու գործում էական դեր կարող է ունենալ «Մարդու արյան եւ նրա բաղադրիչների դոնորության եւ փոխներարկման մասին» ՀՀ օրենքի մշակումն ու ընդունումը, որով կկարգավորվեն ոլորտում ծագող բոլոր իրավահարաբերությունները: Ընդ որում, օրենքով կկանոնակարգվեն հանրապետությունում գործող համապատասխան հաստատությունների գործունեությունը /անկախ սեփականության ձեւից/, նրանց ֆինանսավորման, արյան բանկի եւ պաշարների ձեւավորման, անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման, արյան որակի հետազոտման եւ դոնացիայի գաղտնիության ապահովման, արյան բաղադրամասերի եւ պատրաստուկների արտահանման հարցերը:

Օրենքով կսահմանվեն արյան եւ նրա բաղադրամասերի դոնորի իրավունքներն ու պարտականությունները, ռեցիպիենտի  իրավունքները, ինչպես նաեւ կնախատեսվի արյան անվտանգության պահանջների խախտման համար պատասխանատվություն: