Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-430-25.11.2004-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության եւ բարձրացման, հողատարումից եւ աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

գյուղատնտեսական հողերի մելիորացիա (այսուհետ՝ մելիորացիա)՝ ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական եւ ֆիզիկական հատկանիշներ ունեցող հողերի արմատական բարելավում` հիդրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական, քիմիական, ագրոտեխնիկական եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով, այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու նպատակով.

հողերի արմատական բարելավում` ոչ բերրի կամ սակավ բերրի հողերի բերրիության բարձրացում.

մելիորացվող հողեր՝ հողեր, որոնց սակավ բերրիությունը բարելավվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ.

մելիորացված հողեր՝ հողեր, որոնց վրա իրականացվել ենմելիորատիվ միջոցառումներ.

մելիորատիվ հողեր՝ մելիորացվող, ինչպես նաեւ մելիորացիայի ենթակա հողեր.

հիդրոտեխնիկական մելիորատիվ համակարգեր (այսուհետ՝ մելիորատիվ համակարգեր)՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների համակարգ, որն ապահովում է հողի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման օպտիմալ ռեժիմները.

մելիորատիվ միջոցառումներ՝ մելիորարատիվ համակարգերի շինարարություն, վերանորոգում, վերականգնում եւ շահագործում, ջրարբիացման իրականացում, հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, հողի ֆիզիկական եւ ագրոքիմիական հատկանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ, այդ աշխատանքների գիտական եւ արտադրատեխնիկական ապահովում:

Հոդված 3. Մելիորացիայի մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում մելիորացիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույնօրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Մելիորացիայի տեսակները

Մելիորատիվ միջոցառուների բնույթից ելնելով տարանջատվում են մելիորացիայի հետեւյալ տեսակները.

հիդրոտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված եւ այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման ռեժիմները` ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում եւ լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով.

ագրոտեխնիկական մելիորացիա` հողապաշտպան, ջրակարգավորիչ եւ այլ բնույթի մելիորատիվ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնելու միջոցով.

կուլտուրտեխնիակական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որի նպատակն էհողերի մաքրումը քարերից, կոճղերից, բուսական ծածկույթից եւ այլ առարկաներից,հողերի ռեկուլտիվացիան եւ այլն.

քիմիական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղված է բարելավելու հողերի քիմիական եւ ֆիզիկական հատկանիշները` հատուկ քիմիական նյութեր կիրառելու միջոցով:

ԳԼՈՒԽ 2.

ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) իրավասություններն են`

1)պետական քաղաքականության որոշումը.

2)ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

3)պետական սեփականության մելիորատիվ համակարգերի տիրապետումը, տնօրինումը եւ օգտագործումը.

4)մելիորատիվ միջոցառումների պետական ծրագրերի ընդունումը եւ դրանց իրականացման ապահովումը:

Հոդված 6. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասություններն են.

1)ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

2)հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վարումը.

3)գրունտային ջրերի մակարդակների մոնիտորինգի վարումը.

4)կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման կազմակերպումը.

5)մելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը.

6)մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը.

7)մելիորատիվ հողերիհաշվառման եւ մոնիտորինգի կազմակերպումը.

8)մելիորացիայի բնագավառի ստանդարտներ եւ նորմեր սահմանող իրավական ակտերի նախագծերի կառավարության քննարկմանը ներկայացումը:

ԳԼՈՒԽ 3.

ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Մելիորատիվ հողերի հաշվառումը եւ մոնիտորինգը

Մելիորատիվ հողերի հաշվառումը եւ մոնիտորինգը համարվում են հողերի հաշվառման եւ մոնիտորինգի պետական համակարգի բաղկացուցիչ մասը:

Մելիորատիվ հողերի հաշվառման եւ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 8 . Մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը

Մելիորատիվ համակարգերը ենթակա են անձնագրավորման:

Մելիորատիվ համակարգի կամ համակարգում ընդգրկված առանձին հիդրոտեխնիկական կառուցվածքի համար կազմվում է անձնագիր, որը պարունակում է տվյալներ՝ մելիորատիվ համակարգի, հիդրոտեխնիկական կառուցվածքի տեխնիկական բնութագրերի եւ վիճակի, ինչպես նաեւ դրանց անօտարելի գոտիների մասին:

Մելիորատիվ համակարգի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքի անձնագրավորման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 9. Մելիորատիվ համակարգերի շինարարության, վերականգնման եւ վերանորոգման նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը

Մելիորատիվ համակարգերի շինարարության եւ վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10.Մելիորատիվ միջոցառումների իրականացումը

Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջկամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ:

Հողամասերի սեփականատերերիկամ օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից կամ նրանց պատվերով մելիորատիվ միջոցառումների ծրագրավորման դեպքում մելիորացիայի տեսակները եւ իրականացման ծավալները որոշվում են կառավարության կողմից սահմանվող նորմերին եւ ստանդարտներին համապատասխան:

Մելիորացիայի տեսակը որոշվում է՝ հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները եւ գյուղատնտեսության կարիքները:

Հոդված 11.Մելիորատիվ միջոցառումների իրականացման նպատակով հողերի օգտագործումը

Մելիորացիայի ենթակա հողերը մելիորատիվ միջոցառումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում, հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի եւ մելիորացիա իրականացնողի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, օգտագործվում են մելիորացիա իրականացնողի կողմից :

Հոդված 12.Մելիորացված հողերի օգտագործումը

Իրավասու մարմնի հետ կնքված պայմանագրի համաձայն պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով մելիորատիվ միջոցառումներ իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը ձեռք է բերում այդ հողամասերն առանց մրցույթի վարձակալելու իրավունք:

Հոդված 13.Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումը

Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումն իրականացնում է սեփականատերը եւ/կամ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման, տիրապետման իրավունք ստացած անձը:

Հոդված 14 .Մելիորատիվ միջոցառումների իրականացման բնապահպանական եւ էներգետիկ անվտանգության պահանջները

Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է խախտի էներգետիկական տեղակայանքների բնականոն աշխատանքը կամ հանգեցնի դրանց վնասմանը:

Մելիորատիվ միջոցառումներն իրականացվում են՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ջրային, հողային, էներգետիկայի, անտառային եւ բնապահպանական ոլորտների օրենսդրության պահանջները:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15.Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո: