Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-427-23.11.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները եւ կարգավորում է տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Հոդված 2. Տարածքային կառավարման մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Երեւան քաղաքում տարածքային կառավարումը կանոնակարգվում է առանձին օրենքով։

ԳԼՈՒԽ II.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է.

ա) տարածքային զարգացման ռազմավարության,

բ) հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի,

գ) համայնքների զարգացման ծրագրերի,

դ) նպատակային այլ ծրագրերի վրա։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը իրականացվում է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով եւ կոչված է ապահովելու հանրապետության մարզերի ներդաշնակ զարգացումը, եւ պետության արդյունավետ վարչարարությունը։

Հոդված 4. Տարածքային կառավարման հասկացությունը

1. Տարածքային կառավարումը պետական կառավարման իրականացումն է մարզերում։

2. Կառավարության տարածքային քաղաքականության հիմնադրույթները մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։

Հոդված 5. Տարածքային կառավարման մարմինները

Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային կառավարման մարմիններն են մարզպետը, մարզպետարանը եւ մարզի խորհուրդը։

Հոդված 6. Տարածքային կառավարման սկզբունքները

Տարածքային կառավարման սկզբունքներն են՝

ա) պետական կառավարման մարմինների որոշ լիազորություններիապակենտրոնացումը ըստ տարածքային կառավարման մարմինների,

բ) տարածքային կառավարման մարմինների հաշվետվությունը կառավարությանը եւ մարզի ազգաբնակչությանը,

գ) տարածքային կառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը։

Հոդված 7. Մարզը

Մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է, որն ունի տարածք, բնակչություն, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։

Մարզի վարչատարածքային բաժանումը կարգավորվում է օրենքով։

Հոդված 8. Մարզպետը

1. Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը եւ համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

2. Մարզպետին պաշտոնինշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ։ Մարզպետը հաշվետու եւ պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

3. Մարզպետը չի կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից։

4. Մարզպետի նստավայրը գտնվում է մարզի վարչական կենտրոնում։

Հոդված 9. Մարզպետարանը

1. Մարզպետարանը կազմված է մարզպետից եւ մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնարկներ եւ մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։ Մարզպետարանը գլխավորում է մարզպետը։

2. Մարզպետարանի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ մարզպետի ներկայացմամբ։

Հոդված 10. Մարզպետարանի ստորաբաժանումները

1. Մարզպետարանի կառուցվածքային եւ առանձնացվածստորաբաժանումների կարգավիճակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ։

Մարզպետարանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ։

2. Մարզպետարանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է մարզպետը։ Մարզային ենթակայության կազմակերպությունների հիմնադրումը, վերակազմակերպումն ու լուծարումը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է մարզպետի տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի եւ մարզպետարանի աշխատակազմի միջոցով։

Հոդված 11. Մարզպետի տեղակալները

1. Մարզպետն ունի տեղակալներ, որոնք իրականացնում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով եւ մարզպետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները։

Մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալները կարող են իրականացնել օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ։

2. Մարզպետի տեղակալներին մարզպետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում եւ ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը։

3. Մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներից մեկը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ։

4. Մարզպետի տեղակալները չեն կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից։

Հոդված 12. Մարզպետի խոհրդականները, օգնականները եւ մամուլի քարտուղարը

1. Մարզպետի խոհրդականների եւ օգնականների, մամուլի քարտուղարի պաշտոնները եւ թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ։ Մարզպետի խոհրդականին, մամուլի քարտուղարին եւ օգնականին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է մարզպետը։

2. Մարզպետի խորհրդականները, օգնականները եւ մամուլի քարտուղարը իրականացնում են մարզպետի կարգադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, չեն կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից։

Հոդված 13. Մարզպետարանի աշխատակազմը

1. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

2. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման ապահովումն է։

3. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ մարզպետարանի կանոնադրության հիման վրա։

4. Մարզպետարանի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

5. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ։

6. Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաեւ մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

7. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը՝ սույն օրենքով եւայլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։

8. Մարզպետարանի աշխատողներ են համարվում մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը։

9. Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների եւ գլխավոր պաշտոնների առաջին ենթախմբի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ ազատում է մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 14. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը

1. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետի առաջարկությամբ պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը։

2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում.

ա) կազմակերպում եւ ղեկավարում էմարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը,

բ) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների եւ հանձնարարականների կատարման ընթացքը եւ զեկուցում մարզպետին,

գ) մշակում եւ մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան եւ եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է մարզպետին,

դ)քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է պաշտոնի ու ազատում պաշտոնից մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաեւ ընդունում է աշխատանքի եւ աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց,

ե) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը։

3. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։

ԳԼՈՒԽ III.

ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունների կարգավորումը

1. Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական եւ համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաեւ մարզպետի եւ հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության եւ գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա։

2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։

3. Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետեւյալ բնագավառներում՝

ա) ֆինանսներ,

բ) պաշտպանություն,

գ) քաղաքացիական պաշտպանություն,

դ) քաղաքաշինություն, բնակարանային եւ կոմունալ տնտեսություն,

զ) հողօգտագործում,

է) գյուղատնտեսություն,

ը) տրանսպորտ եւ ճանապարհաշինություն,

թ) արդյունաբերություն, առեւտուր, հանրային սնունդ եւ սպասարկում,

ժ) կրթություն,

ժա) առողջապահություն,

ժբ) սոցիալական ապահովություն,

ժգ) մշակույթ եւ սպորտ,

ժդ) բնության եւ շրջակա միջավայրի պահպանություն,

ժե) օրենսդրությամբ վերապահված այլ իրավասություններ։

4. Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի եւ մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։ Վերջիններիս ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Հոդված 16. Մարզում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

1. Մարզում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով։

2. Մարզպետը եւ պետական լիազորված մարմինը կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկել դատարան։

Հոդված 17. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Մարզպետը՝

ա) վերահսկում է պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված եւ պարտադիր լիազորությունների կատարման ընթացքը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությանը հակասող որոշումները՝ կարգադրությունները եւ գործողությունները կասեցնելու կամ վերացնելու նպատակով հայցով իրավասու է դիմել դատարան։ Եթեդատավարությունը սկսելուց 10 օր առաջ մարզպետի փաստարկված հիմնավորումներով առաջարկություն ստանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմինը կամովին կասեցնում կամ վերացնում է այդ որոշումները, գործողությունները կամ դրանց հետեւանքով ծագած անմիջական հետեւանքները, ապա դատական գործը դադարեցվում է.

գ) ավագանու կողմից ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելուց հետո, եթե թափուր տեղերը հնարավորություն չեն ընձեռում ավագանու հետագաաշխատանքի շարունակման համար, դիմում է կառավարությանը՝ ավագանու նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ առաջարկով.

դ) կարող է մասնակցել համայնքի ավագանու նիստին՝ խորհրդակական ձայնի իրավունքով.

ե) կարող է նախաձեռնել եւ գումարել համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ իր սահմանած օրակարգով.

զ) նշանակում է գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ համայնքի ղեկավարի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, մինչեւ նորընտիր ղեկավարի կողմից իր պարտականությունների ստանձնումը.

է) կարող է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու առաջարկություն ներկայացնել կառավարություն.

ը) կարող է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ենթարկել կարգապահական պատասխանատվության.

թ) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը։

Հոդված 18. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ

1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարմանմասին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ։

Մարզպետը կարող է համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն միայն այն դեպքում, եթե նա խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները եւ համայնքի ավագանու որոշումները։ Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո։

2. Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները եւ, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում։ Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին եւ մարզպետին։ Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը՝ կցելով համայնքի ղեկավարի կարծիքը եւ համայնքի ավագանու որոշումը։

Հոդված 19. Մարզպետի նախաձեռնությամբ համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

1. Մարզպետի՝ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը կառավարությունը քննարկում եւ որոշում է ընդունում մեկամսյա ժամկետում։ Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը։

2. Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված դեպքերում։

Հոդված 20. Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը

1. Մարզպետը Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համակարգում է ոստիկանության, ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

2. Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է՝

ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

բ) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով, տեղեկատվության ստացումը.

գ) տարածքային քաղաքականության, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, պետական բյուջեով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով խորհրդակցությունների կազմակերպումը։

Հոդված 21. Մարզպետի գործունեությունը մարզում պետական կառավարման ոլորտում

Մարզում իրականացվող պետական կառավարման ոլորտում մարզպետը՝

ա) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության եւ վարչապետի որոշումների, ինչպես նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը,

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին,

գ) սահմանված կարգով կառավարության եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը,

դ) նախապատրաստում եւ կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում մարզում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործման վերաբերյալ,

ե) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ եւ դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերվող մարզին առնչվող հարցերը,

զ) սահմանված կարգով նախապատրաստում եւ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ,

է) մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաեւ համայնքային բյուջեներին հատկացումների մասով սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին,

ը) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն՝ իր գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին,

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն,

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար,

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը,

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզում պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ,

ժգ) «Տեղական տուրքերի եւ տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համայնքների ղեկավարների հետ քննարկում է վերջիններիս կողմից ներկայացրած տեղական տուրքերի դրույքաչափերը,

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ,

ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքը եւ պարտադիր լիազորությունների կատարումը,

ժզ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վերահսկողություն է իրականացնում համայնքների ավագանիների որոշումների նկատմամբ,

ժէ) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված կարգով իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասություններ,

ժը) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետության շահերի եւ հասարակական կարգի պահպանման ապահովման համար,

ժթ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է մարզի տարածքում ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու հարցը,

ի) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի եւ մարզային կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին,

իա) նշանակում է եւ ազատում է մարզի տարածքում գործող պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներին,

իբ) օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը,

իգ) ընդունում է ամենամյա հաշվետվություն համայնքների ղեկավարներից,

իդ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարածքային քաղաքականության հիմնադրույթների եւ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային եւ ամենամյա ծրագրերին համապատասխան մարզի տարածքում իրականացնում է Հայաստանի Հանրապետությանկառավարության տարածքային քաղաքականությունը,

իե) օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում ներկայացնում է մարզի շահերը արտաքին հարաբերություններում, իր իրավասությունների սահմաններում կնքում է պայմանագրեր, համագործակցում է օտարերկրյա պետությունների, այլ վարչատարածքային միավորների, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ,

իզ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 22. Մարզպետի որոշումները եւ կարգադրությունները

1. Մարզպետը կարող է ընդունել նորմատիվ կամ անհատական որոշումներ եւ անհատական կարգադրություններ միայն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Մարզպետը՝նորմատիվ որոշումներ ընդունում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետությանօրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի որոշումներով ուղղակի նախատեսված դեպքերում եւ սահմաններում։

2. Մարզպետը, Հայաստանի Հանրապետությաննախարարները կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ։

3. Մարզպետի օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները ուժը կորցրած կամ անվավեր են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ։

Հոդված 23. Մարզի խորհուրդը

1. Մարզում ստեղծվում է մարզի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները։ Մարզպետը ի պաշտոնե մարզի խորհրդի ղեկավարն է։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնակարգի համաձայն մարզի խորհրդի կանոնակարգը հաստատում է մարզպետը։

2. Մարզի խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Մարզի խորհրդի նիստերը հրավիրում եւ վարում է մարզպետը՝ առնվազն երկու ամիսը մեկ անգամ։ Մարզպետի կամ մարզխորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող էհրավիրվել մարզի խորհրդի արտահերթ նիստ։

Մարզի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների 2/3-ը։

Մարզի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին։ Մարզի խորհրդի որոշումները ստորագրում է մարզպետը։

3. Մարզի խորհուրդը մարզպետի ներկայացմամբ քննարկում եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը իր եզրակացությունն է տալիս՝

ա) մարզպետի հաշվետվությունների վերաբերյալ,

բ) մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան եւ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ,

գ) պետական բյուջեի նախագծի՝ մարզի կտրվածքով, այդ թվում՝ պետական բյուջեից համայնքներին նախատեսվող հատկացումների վերաբերյալ մարզպետի առաջարկների առնչությամբ։

4. Մարզպետը մարզի խորհրդի մեծամասնությամբ՝

բ) հաստատում է մարզի միջհամայնքային միավորման բյուջեն եւ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ բյուջեում կատարում է փոփոխություններ,

գ) սահմանում է մարզի հողերի պահպանության կանոնները հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով, արտադրական թափոններով աղտոտումից,

դ) հաստատում է այն թույլտվությունների կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է պետական տուրքի գանձում,

ե) հաստատում է իր կողմից ստեղծված բյուջետային հիմնարկների եւ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունները,

զ) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առեւտրի ու սպասարկման ոլորտի կազմակերպությունների գործունեությունը։

5. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը՝

ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին եւ կարգադրություններին, կառավարության եւ վարչապետի որոշումներին, իր որոշումներին, կարգադրություններին եւ դրանցից բխող՝ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին,

բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին եւ ծագած խնդիրներին,

գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ,

դ) ապահովում մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում է կազմակերպական այլ հարցեր։

6. Խորհրդակցական ձայնի իրավունքով մարզի խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել նաեւ մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ այլ անձինք։

ԳԼՈՒԽ IV.

ՄԱՐԶՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Մարզպետի գործունեությունը ֆինանսների բնագավառում

Ֆինանսների բնագավառում մարզպետը՝

ա) սահմանված կարգով մշակում եւ կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի՝ մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաեւ մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ,

բ) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում է այդ միջոցների նպատակային օգտագործումը,

գ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը եւ դրանց նպատակային օգտագործումը,

դ) աջակցում եւ մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման գործում եւ վերահսկում է բյուջեի կատարումը։

Հոդված 25. Մարզպետի լիազորությունը պաշտպանության բնագավառում

Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը.

ա) իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը,

բ) ապահովում է մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը եւ զորակոչի իրականացումը, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանությունը,

գ) պաշտպանության նպատակով իրականացնում է տարածքի եւ հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը,

ե) մասնակցում է տարածքային պաշտպանության միջոցառումների ծրագրավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը,

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով զինված ուժերն ապահովում է նյութական միջոցներով եւ կենսագործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով,

է) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահը,

ը) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ հաստատում է մարզային զորակոչային հանձնաժողովների կազմը։

Հոդված 26. Մարզպետի գործունեությունը մարզի քաղաքացիական պաշտպանության բնագավառում

1. Մարզպետը հանդիսանում է մարզի քաղաքացիական պաշտպանության պետը, կազմակերպում եւ ղեկավարում է մարզի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները եւ պատասխանատվություն է կրում մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար։

2. Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը՝

ա) կազմակերպում եւ համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման, տարերային եւ տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքները,

բ) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաեւ օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,

գ) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային եւ տեխնոլոգիական աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին,

դ) համապատասխանհանձնարարականներ է տալիս եւ կարգադրություններ անում մարզում արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին։

Հոդված 27. Մարզպետի գործունեությունը քաղաքաշինության, բնակարանային եւ կոմունալ տնտեսության բնագավառում

Քաղաքաշինության, բնակարանային եւ կոմունալ տնտեսության բնագավառում մարզպետը՝

ա) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը եւ ներկայացնում է կառավարության հաստատմանը,

բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ,

գ) եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի եւ ուրվագծերի վերաբերյալ,

դ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային եւ այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության եւ կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման եւ վերացման ուղղությամբ,

ե) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում գտնվող շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի եւ շահագործման նկատմամբ՝ համագործակցելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ,

զ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը,

է) կազմակերպում եւ վերահսկում է մարզային ենթակայության կոմունալ կազմակերպությունների եւ ձեռնարկությունների աշխատանքները,

ը) իր իրավասության սահմաններում վերահսկում է համայնքների կոմունալ եւ սանմաքրման ծառայությունների աշխատանքը,

թ) իր իրավասության սահմաններում վերահսկում է համայնքների կողմից իրականացվող կադաստրի վարման աշխատանքները։

Հոդված 28. Մարզպետի գործունեությունը հողօգտագործման բնագավառում

Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հողօգտագործման բնագավառում մարզպետը՝

ա) տիրապետում եւ օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը,

բ) իրականացնում է պետության սեփականությանը պատկանող հողամասերի օտարումը,

գ) հողամասը վարձակալության տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծում է մրցույթային հանձնաժողովներ, գլխավորում է մրցույթային հանձնաժողովները, մրցույթում հաղթած անձի հետ կնքում է հողի վարձակալության պայմանագիր,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հետ է վերցնում հատկացված եւ վարձակալությամբ տրամադրված հողերը,

ե) պայմանագիր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի եւ (կամ) հողօգտագործողների հետ՝ մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման եւ դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ,

զ) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման եւ հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում եւ վերացնում է ապօրինի հողօգտագործումը,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան մարզում իրականացնում է հողային պետական տեսչական իրավասություններ,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը,

թ) վերահսկում է մարզի սահմանանիշերի եւ գեոդեզիական կետերի պահպանումը,

ժ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում մարզի հողերի օգտագործման սխեմաները։

Հոդված 29. Մարզպետի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

Գյուղատնտեսության բնագավառում մարզպետը ՝

ա) իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը եւ շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ,

բ) համակարգում եւ վերահսկում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման եւ ագրարային կանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները,

գ) համակարգում եւ վերահսկում է մարզի տարածքի սերմնաբուծական, արհեստական սերմնավորման, տնկարանային, ագրոսպասարկման, ջրատնտեսական եւ ոռոգման կազմակերպությունների գործունեությունը,

դ) համակարգում եւ վերահսկում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման եւ կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները,

ե) աջակցում է գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսվարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման եւ զարգացման գործում։

Հոդված 30. Մարզպետի գործունեությունը տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում

Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառներում մարզպետը ՝

ա) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում է մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը,

բ) սահմանված կարգով մասնակցում է միջմարզային երթուղիների հատկացմանը եւ փոխադարձ պայմանագրերի կնքմանը,

գ) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում եւ թույլատրում է մարզի տարածքում ճանապարհային երթեւեկության նշանների տեղադրումն ու հանումը,

դ) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը եւ շահագործումը,

ե) աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը։

Հոդված 31. Մարզպետի գործունեությունը արդյունաբերության, առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկման բնագավառներում

1. Առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկման բնագավառներում մարզպետը՝ օրենսդրության համապատասխան սահմանում է առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության մարզային կանոնները եւ վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ։

2. Արդյունաբերության բնագավառում մարզպետը մասնակցում է արդյունաբերության զարգացման ծրագրերի մշակմանը եւ իր իրավասության շրջանակներում աջակցում է դրանց իրականացմանը։

Հոդված 32. Մարզպետի գործունեությունը կրթության բնագավառում

Կրթության բնագավառում մարզպետը ՝

ա) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում է պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում է ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը,

բ) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը։

Հոդված 33. Մարզպետի գործունեությունը առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում մարզպետը՝

ա) ապահովում է պետական առողջապահական ծրագրերի իրականացումը, կազմակերպում է մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) մարզի տարածքում կազմակերպում եւ իրականացնում է հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով,

գ) աջակցում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմիններին՝ բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների եւ այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,

դ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումը եւ շահագործումը։

Հոդված 34. Մարզպետի գործունեությունը սոցիալական ապահովության բնագավառում

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետը՝

ա) ապահովում է սոցիալական օգնության պետական ծրագրերիիրականացումը մարզի տարածքում,

բ) համակարգում է մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները,

գ) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների գործունեությունը,

դ) աջակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը,

ե) աջակցում է պետական կենսաթոշակների եւ նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին,

զ) աջակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեությանը,

է) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

զ) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում գործող գործող հասարակական կազմակերպությունների գործունեությանը։

Հոդված 35. Մարզպետի գործունեությունը մշակույթի եւ սպորտի բնագավառներում

Մշակույթի եւ սպորտի բնագավառներում մարզպետը ՝

ա)կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային եւ սպորտային հաստատությունների աշխատանքը,

բ) աջակցում է մշակութային եւ սպորտային, ինչպես նաեւ պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպմանը,

գ) նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը,

դ) վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային եւ սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

ե) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման ուղղությամբ,

զ) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային եւ սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը,

է) համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ։

Հոդված 36.Մարզպետի գործունեությունը բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում

Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում մարզպետը՝

ա) մասնակցում է բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը եւ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում,

բ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը եւ խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին,

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը եւ օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը,

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ։

ԳԼՈՒԽ V.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 37.Մարզպետի իրավասությունները մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման բնագավառում

1. Մարզպետը մարզի տարածքում ոստիկանության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի եւ վարժական հավաքների կազմակերպման, հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման եւ գազամատակարարման խնդիրների առնչությամբ հրավիրում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ եւ վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա։

2. Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման եւ ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է ոստիկանության եւ ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ եւ կարգադրություններ անել՝

ա) տարերային եւ տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետեւանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային եւ կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,

բ) ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաեւ հողազավթումների, ապօրինի ծառահատման եւ որսագողության դեպքերի կանխման եւ արգելման վերաբերյալ,

գ)ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ,

դ) համայնքներում զորակոչի, զորահավաքի եւ վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ։

Հոդված 38. Մարզպետի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը

Մարզի տարածքում ոստիկանության, ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման,զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաեւ հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետը օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ։

ԳԼՈՒԽ VI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։