Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-017-05.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  կազմավորման եւ գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, ինչպես նաեւ հայտարարագրերի վերլուծության գործընթացի եւ վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  
 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է:

2. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:

3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան տիրապետել, օգտագործել եւ տնօրինել այդ գույքը:  


ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 3. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

1. Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:

Հոդված 4. Կոլեգիալությունը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում, որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

Հոդված 5. Ֆինանսական ինքնուրույնությունը

1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով:

3. Պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

Հոդված 6. Հանրային հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր կողմից ընդունված որոշումները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ իր ներկայացրած առաջարկությունները եւ դրանց քննարման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

3. Հանձնաժողովն իր գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով:

Հոդված 7. Համագործակցությունը

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2.  Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում օժանդակում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

Հոդված 8. Քաղաքական չեզոքությունը

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:

Հոդված 9. Հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

2. Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային ժողովի կողմից`պատգավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ սույն օրենքի 10-14-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ վեց տարի ժամկետով:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել հանրային վստահություն վայելող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ, ով ունի բարձրագույն կրթություն եւ այդ կրթությամբ առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

6. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

7. Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են  քաղաքացիական պաշտոններ:

Հոդված 10. Մրցութային խորհրդի ձեւավորման կարգը

1. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահի կողմից ձեւավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը բաղկացած է Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային խորհրդի կողմից  նշանակված մեկական անդամներից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Սահմանադրական դատարանի նախագահին, Բարձրագույն դատական խորհրդին, Հանրային խորհրդին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

4. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահըեւ այն հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:

Հոդված 11. Խորհրդի գործառույթները եւ գործունեության կազմակերպումը

1. Խորհուրդը՝

1) կազմակերպում եւ անցկացնում է թեկնածուների ընտրության մրցույթ (մրցույթ կամ նոր մրցույթ).

2) սահմանում է՝

ա. թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,

բ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,

գ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,

դ. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,

ե. գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.

3) համադրում է թեկնածուների համապատասխանությունը սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի պահանջներին.

4) լուծում է գնահատման գործընթացի հետ կապված այլ հարցեր.

5) կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ դրանում ներառելով թափուր տեղերի քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր տեղի համար մեկ թեկնածու սկզբունքով.

6) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաեւ հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ.

2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի առնվազն չորս անդամի մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովը իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Մրցույթի հարցազրույցի փուլին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան:

Հոդված 12. Մրցույթի անցկացումը

1. Ազգային ժողովի նախագահը մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) միջոցով մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր):

3. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները՝

1) թեկնածուներին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այսուհետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ).

3) մրցույթի անցկացման պայմանները, այդ թվում՝ թեստի նմուշը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.

4) փաստաթղթերի ներկայացման ժամկետը եւ վայրը:

4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), ինչպես նաեւ իր բնակության եւ էլեկտրոնային փոստի հասցեները:

5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:

7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետի լրանալը:

8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

9. Փաստաթղթերի թերությունները հավակնորդի կողմից կարող են վերացվել փաստաթղթերի ներկայացման համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:

10. Մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

11. Մրցույթի փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաեւ փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը խորհրդի որոշմամբ պարզվում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաեւ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Խորհրդի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել փաստաթղթային ստուգման փուլին:

12. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հավակնորդն այդ մասին ծանուցվում է աշխատակազմի կողմից մեկ օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված գործողությունների արդյունքներով՝ Խորհուրդը կազմում է մրցույթի թեստավորման փուլ անցած անձանց (այսուհետ՝ թեստավորման  մասնակիցներ) ցուցակը, որի մասին վերջիններս ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով:

14. Խորհուրդը թեստավորման  մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ թեստավորման անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է պաշտոնական կայքում:

15. Թեստերը կազմում է խորհուրդը՝  թեստավորման մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք.

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք.

4) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

5) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

6) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենք.

7) «Ազդարարման համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենք:

16. Թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումն անցկացվելուց տասն օր առաջ պետք է հրապարակվի  պաշտոնական կայքում:

17.  Յուրաքանչյուր  թեստը բաղկացած է 100 հարցից, որոնց լուծման համար թեստավորման մասնակցին տրվում է երկու ժամ ժամանակ:

18. Թեստավորումն անցկացվում է  թեստավորման մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

19. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան:

20. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, ապա հարցի պատասխանը գնահատվում է ճիշտ՝ միայն այն դեպքում, եթե թեստավորման մասնակիցը նշել է բոլոր ճիշտ պատասխանները: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանի նշումը, որեւէ պատասխան չնշելը կամ ոչ բոլոր ճիշտ պատասխանները նշելը:

21. Թեստավորման փուլի արդյունքների մասին  թեստավորման մասնակիցը  տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող երեք ժամվա ընթացքում:

22.  Թեստավորման մասնակիցը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել խորհրդին ՝ արդյունքներն ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Խորհուրդը  իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:

23. Եթե խորհուրդը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ թեստավորման մասնակցի   բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է թեստավորման մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

24. Եթե խորհուրդը  որոշում է բավարարել թեստավորման մասնակցի բողոքը եւ սխալ է համարում որեւէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած թեստավորման բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցի կամ ենթադրյալ պատասխանի հետ:

25.  Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին (իննսուն հարցին) ճիշտ պատասխանած թեստավորման մասնակիցները:

26. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, ինչպես նաեւ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման նախատեսված ժամանակի ավարտից անմիջապես հետո՝ խորհուրդը կազմում է մրցույթի   հարցազրույցի փուլ անցած անձանց (այսուհետ՝ հարցազրույցի մասնակիցներ) ցուցակը, որի մասին հավակնորդները եւ հարցազրույցի մասնակիցները ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով:

27. Խորհուրդը թեստավորման  մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ թեստավորման անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է պաշտոնական կայքում:

28. Հարցազրույցի փուլում Խորհրդի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ խորհրդի հաստատած չափանիշներին եւ կարգերին համապատասխան գնահատում է հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին:

29. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի մասնակիցը (մասնակիցները) ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ):

30. Յուրաքանչյուր հարցազրույցի մասնակցի գնահատման եւ (կամ) Խորհրդում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

31. Խորհուրդը ցուցակը կազմելուն հաջորդող  օրը Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակում է թեկնածուների ցուցակը:

32. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ծանոթանալ մրցույթի անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝ իրեն վերաբերող փաստաթղթերին:

Հոդված 13. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի ներկայացումը Ազգային ժողով

1. Խորհուրդը ցուցակը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող 3 օրվա ընթացքում:

2. Ցուցակի հետ միասին Ազգային ժողովի աշխատակազմ են ներկայացվում Խորհրդի նիստերի արձանագրությունները, մրցույթի ընթացքում ներկայացված եւ ձեռք բերված փաստաթղթերը:

Հոդված 14.  Նոր մրցույթի անցկացումը

1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե՝

1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.

2) Հավակնորդների, թեկնածուների   թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.

3) առկա է թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու համար այդ մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին պատշաճ տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:

Հոդված 15. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը եւ նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները:

Հոդված 16. Հանձնաժողովի անդամի վարձատրությունը

1. Հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 17. Հանձնաժողովի անդամի անկախությունը եւ անձեռնմխելիությունը

1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու  հանձնաժողովի աշխատանքներին եւ տալու ցուցումներ:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար,  բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ միայն Հանձնաժողովի համաձայնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի:  Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող կամ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ,  անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած, մեղադրական դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) նա մահացել է:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Ազգային ժողովը օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նոր անդամ։

Հոդված 19. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:

2. Աշխատակազմի աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը:

Հոդված 20. Պետական ծառայությունը Հանձնաժողովի աշխատակազմում

1. Հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

2. Հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 


ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահն՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի նիստերի հրավիրելու եւ անցկացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնասել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերին: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի որոշմամբ:

4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ կարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:

5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի երեք եւ ավելի անդամ:

6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը եւ առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը եւ նյութերը նախօրոք տրվում են հանձնաժողովի անդամներին:

7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել  նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ:

9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:

10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի կողմից սահմանված այլ ժամկետում:

11. Քննարկվող հարցի վերաբերյալ ընդունվում է որոշում կամ եզրակացություն:

12. Էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների, իրավիճակային շահերի բախման հարցերով, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ) եզրակացությունների վերանայման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ:

Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

13. Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

14. Բանավոր որոշման մասին նշվում է նիստի արձանագրության մեջ:

15. Օրենքով սահմանված դեպքերում, հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի    մեծամասնությամբ ընդունում է նորմատիվ իրավական ակտեր:

16. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:

18. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները՝ դրանց ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

Հոդված 22. Հանձնաժողովի նախագահը եւ անդամները

1. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում Հանձնաժողովի գործունեությունը եւ ապահովում է դրա բնականոն աշխատանքը.

2) հրավիրում եւ վարում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները ու նիստերի արձանագրությունները.

3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.

4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում (կառույցներում):

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը, իսկ նման հանձնարարականի անհնարինության դեպքում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ներառվելիք հարցերի վերաբերյալ.

3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին:

4. Հանձնաժողովի անդամների միջեւ համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ:
 


ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23.  Հանձնաժողովի գործառույթները

1. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելը.

2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը.

3) սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը

4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը:

Հոդված 24. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը`

1) քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.

2) իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).

3)  վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը.

4) սահմանում է հայտարարագրի ձեւանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման եւ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաեւ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը եւ ռիսկային չափորոշիչները.

5) հրապարակում է հայտարարագրերը.

6) քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.

7) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն.

8) ներկայացնում է գործադիր իշխանության մարմինների, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

9) մեկնաբանում է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները եւ այլ սահմանափակումները.

10) վերանայում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.

11) վարում է անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն եւ հրապարակում տվյալներ.

12) իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմնին.

13) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր եւ դրանք ներկայացնում է Կառավարությանը.

14) իրավասու մարմնին ներկայացնում է կարծիք կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) իրավասու մարմնին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վերհանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի եւ թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.

16) մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ.

17) առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց եւ հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու եւ կազմակերպելու վերաբերյալ.

18) տրամադրում է կրթական ծրագրերի իրականացման համար ուսումնամեթոդական ուղեցույցներ եւ այլ նյութեր.

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ին, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունը ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն եւ արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

ԳԼՈԻԽ 5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 25. Հայտարարագրերի ստուգումը եւ վերլուծությունը

1. Հանձնաժողովն իրականացնում է.

1) հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման ստուգում,

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգում,

3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն,

4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:

2. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց, ԱՔՌԱ վարկային բյուրոից, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններից պահանջել (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր եւ ստանալ դրանք, բացառությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

3. Տեղեկությունները եւ փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրում են անվճար (միեւնույն հայտարարատուի վերաբերյալ ոչ ավել, քան 3 հարցում ներկայացվելու դեպքում)՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սույն հոդվածի 3-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների՝ հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը, բացառությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարել անվճար փորձաքննություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները։

6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:

7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամուտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ, Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10-ը, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ:

8. Ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող  գումարը  գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը,  ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը  օտարելուց  եկամուտ ստանալը,  վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձեւով:

9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշման պատճենը ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

Հոդված 26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Սույն հոդվածով սահմանված վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

3. Հանձնաժողովը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի արդյունքում ընդունում է որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դատական կարգով:

4. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշման պատճենը ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

5. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

6. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ստանալու պահից հանձնաժողովը 5-օրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ  օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը ստանալու դեպքում՝ նույն ժամկետում կարճում է վարույթը:

Հոդված 27. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթները եւ դրանց հարուցման հիմքերը

1. Վարույթ կարող է հարուցվել՝

1) ցանկացած անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա.

2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերեւույթ խախտումների կամ դեպքերի հայտնաբերման դեպքում:

Իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթը օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ներկայացված գրավոր հայտարարության հիման վրա:

2. Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերեւույթ խախտումների, ինչպես նաեւ գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված էթիկայի կանոնների առերեւույթ խախտումների կամ իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:

3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերեւույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների առերեւույթ խախտումներ, հարուցում է վարույթ:

4. Եթե խախտումն առնչվում է էթիկայի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն կամ խախտումը կրում է համակարգային բնույթ:

Հոդված 28. Դիմումը Հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը

1. Հանձնաժողովը քննության է առնում դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կամ դեպքի մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան խախտման կամ դեպքի պահից՝ վեց ամսվա  տարվա ընթացքում:

Հոդված 29. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի.

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

2) անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտում թույլ տված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ էթիկայի կանոնի առերեւույթ խախտում թույլ տված կամ իրավիճակային շահերի բախման վիճակում առերեւութ հայտնված գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը եւ պետական մարմինը, որտեղ վերջինիս զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն.

3) խախտումը կամ իրավիճակային շահերի բախման դեպքը.

4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերեւույթ խախտումը կամ դեպքը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).

5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).

6) դիմումը տալու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.

8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի  կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների կամ իրավիճակային շահերի բախման դեպքի առերեւույթ հատկանիշներ:

Հոդված 30. Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը

1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին եւ ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե`

1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր.

2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից.

3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը չի ներկայացրել շահագրգիռ անձը.

4) նույն անձի վերաբերյալ  նույն հիմքով իրականացվում է հարցի քննություն կամ առկա է Հանձնաժողովի եզրակացություն.

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին:

Հոդված 31. Վարույթի հարուցումը եւ դրա հետագա ընթացքը

1. Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում:

2. Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին եւ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին:

3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջել 10-օրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:

4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, հիմնարկից կամ այլ կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել, ստանալ եւ ծանոթանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի, փաստաթղթի կամ տեղեկության, բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաեւ իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարել անվճար փորձաքննություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները։

5. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշման պատճենը ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

6. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

7. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 5-օրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ  օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը ստանալու դեպքում՝ նույն ժամկետում կարճում է վարույթը:

Հոդված 32. Վարույթի ժամկետը

1. Վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է:

2. Վարույթի ժամկետը սկսվում է  վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման օրվանից:

Հոդված 33. Վարույթի արդյունքում եզրակացություն ընդունելը

1. Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:

2. Վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:

3. Եզրակացությունն ընդունման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ նրա վերադասին (առկայության դեպքում):

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը եւ այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացության ընդունման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններին:

Այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ վերադաս անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան պաշտոնատար անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերեւույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաեւ ձեռնարկել խախտման հետեւանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:

5 Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը եւ արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

6. Վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման եւ իրավիճակային շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վերադաս չունեցող համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ վերջինս զբաղեցնում է պաշտոն:

Հոդված 34. Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկումը

1. Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:

2. Վարչական դատարանի՝ Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը փոփոխելու եւ նոր փաստեր հաստատելու մասին որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայման արդյունքում ընդունված եզրակացությունը ենթակա չէ բողոքարկման:

3. Պատգամավորների, դատավորների, բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկման ենթակա չեն:

4. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են շահագրգիռ անձի (անձանց) կողմից բողոքարկվել նաեւ ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա իրավունքներն ու իրավաչափ շահերը:

Հոդված 35. Վերանայման վարույթը

1. Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը վերանայում է այն հանրային ծառայողի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ ընդունվել է եզրակացությունը:

Հոդված 36. Դիմում ներկայացնելու հիմքերը

1. Հանրային ծառայողն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ եզրակացության վերանայման դիմում (այսուհետ՝ վերանայման դիմում) կարող է ներկայացնել, եթե գտնում է, որ

1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատված փաստը չի համապատասխանում իրականությանը, կամ

2) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթը սխալ է մեկնաբանվել, կամ

3) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթի մեկնաբանությունը հակասում է Հանձնաժողովի կողմից նախկինում դրան տրված մեկնաբանությանը:

Հոդված 37. Վերանայման դիմումը եւ այն ներկայացնելու ժամկետները

1. Վերանայման դիմումը ներկայացվում է գրավոր: Դիմումում պետք է նշվեն՝

1) հանրային ծառայողի անունը, ազգանունը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը.

2) տվյալներ այն պետական մարմնի վերաբերյալ, որի էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվել է եզրակացությունը.

3) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը.

4) հիմնավորումներ սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության մասին.

5) դիմումով ներկայացվող պահանջը.

6) դիմողի ստորագրությունը:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

Դիմումին կցվում են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող նյութեր:

2. Վերանայման դիմումը կարող է ներկայացվել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից 3-օրյա ժամկետում:

Հոդված 38. Վերանայման դիմումի նախնական քննությունը

1. Հանձնաժողովը դիմումը ստանալու պահից 3-օրյա ժամկետում  որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո մեկօրյա ժամկետում համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

Դիմողը կարող է որոշումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին եւ ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը առանց քննության թողնելու մասին, եթե՝

1) չի պահպանվել դիմումը ներկայացնելու          սույն օրենքով սահմանված ժամկետը եւ ժամկետի բաց թողումը հարգելի չի համարվել.

2) դիմումի քննությունը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.

3) դիմումը ներկայացրել է այդ իրավունքը չունեցող անձը:

4. Հանձնաժողովը որոշում է ընդունում եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին, եթե բացակայում են դիմումը վերադարձնելու կամ դիմումը առանց քննության թողնելու՝ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված հիմքերը:

5. Դիմումը վերադարձնելու կամ դիմումը առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը Հանձնաժողովը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկում է հանրային ծառայողին:

Հոդված 39. Վերանայման վարույթի ընթացքը

1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո մեկօրյա ժամկետում հանրային ծառայողին եւ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձեւով ծանուցում է հարուցված վարույթի մասին:

2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջել իր կողմից սահմանված ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը եւ այլ նյութերը, որոնց միջոցով հնարավոր է պարզել դիմումում նշված հիմքերի առկայությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հիմնավորումներ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:

4. Հանձնաժողովն իրավասու է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ մարմիններից   պահանջել քննարկվող հարցի առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը, նյութերը, եզրակացության հիմքում դրված փաստարկների հիմնավորվածությունը հավաստող  կամ  հերքող այլ ապացույցներ (առկայության դեպքում), ինչպես նաեւ ներկայացնել պարզաբանումներ, որոնք պետք է Հանձնաժողով ներկայացվեն երկօրյա ժամկետում: Դրանք սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է դիմումի քննությունը:

Հոդված 40. Վերանայման վարույթի արդյունքում ընդունվող եզրակացությունները

1. Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից 15-օրյա ժամկետում եզրակացության վերանայման արդյունքներով Հանձնաժողովը.

1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը եւ եզրակացությունը թողնում է անփոփոխ.

2) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը թողնում է անփոփոխ եւ ընդունում եզրակացություն.

3) փոփոխում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը, հաստատում նոր փաստեր եւ ընդունում եզրակացություն:

2. Եզրակացության պատճենը դրա ընդունման պահից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ուղարկվում է հանրային ծառայողին եւ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին:

Հոդված 41. Ազդարարման վարույթը

1. Հանձնաժողովն իրականացնում է ազդարարման վարույթ, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 42. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

2. Սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված մրցույթն առաջին անգամ անց է կացվում  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։

3. Ազգային ժողովը Հանձնաժողովի  առաջին կազմի երեք անդամների նշանակում է վեց, իսկ երկու անդամների`չորս տարի ժամկետով:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման հետ կապված իրավահարաբերությունների համալիր կարգավորման ենթարկման եւ ազդարարման իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կարգավորել ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ազդարարման հետ կապված պարտականությունները, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Միեւնույն ժամանակ, նախագծերի կարգավորումների ընդունման արդյունքում զգալիորեն կվերանա կոռուպցիայի համակարգային բնույթը, նշանակալիորեն կսահմանափակվի դրա տարածվածության աստիճանը, կմեծանա քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն կբարելավվի սոցիալական արդարության ընկալումը տնային տնտեսությունների եւ գործարարների շրջանում, նախապայմաններ կստեղծվեն տնտեսության արտադրողականության բարձրացման համար` մեծացնելով երկրի մրցունակությունը եւ տնտեսության գրավչությունը ներդրումների համար:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է`

1) ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որի անդամների եւ աշխատակազմի վարձատրությունն իրականացվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով,

2) սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը, ստացված նվերը օրենքով սահմանված մարմնին չհանձնելը, նվերի մասին օրենքով սահմանված չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, (ներկայումս սահմանված է, որ պետական ծառայողների կողմից պետական եւ ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, ինչպես նաեւ արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով),

3) սահմանել, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամի` համապատասխան մարմին մուտք գործելն արգելելը կամ անհրաժեշտ նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:

4) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը  վնաս պատճառելու կամ  գույքը  ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսունապատիկի չափով,

5) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը  վնաս պատճառելու կամ  գույքը  ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով,

6) հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումը այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով,

7) կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,

8) ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը չգրանցելը, դրա հիման վրա վարույթ չհարուցելը, վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չընձեռելը, վարույթի արդյունքների մասին չծանուցելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,

9) ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը կամ գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ՝

1) նկատի ունենալով, որ վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ ընդլայնվելու է եկամտային հարկով հարկման բազան` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական.

2) «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական.

3) ազդարարների կողմից իրավասու մարմնին ներկայացվող հաղորդումները (միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով) կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի ֆինանսական գնահատականը բացակայում է.

4) նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում, մասնավորապես «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու հետ կապված, ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, ինչը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: