Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1136-21.12.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է: Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, բնական կամ քաղաքային միջավայրի եւ պատմական ժառանգության հետ հաշվի նստելը հանրային նշանակություն ունեն: Սույն օրենքի նպատակն է, որպեսզի վերը նշված գործառույթներն ստանձնելիս ճարտարապետն օժտված լինի բավարար փորձառությամբ, մասնագիտական հմտությամբ եւ կրի համաչափ պատասխանատվություն:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանում «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները:

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) արտոնագրված Ճարտարապետ -  ֆիզիկական անձ, որն ստացել է ճարտարապետական բարձրագույն կրթություն եւ սույն օրենքով սահմանված արտոնագիր, որն իրավունք է տալիս նրան ինքնուրույն իրականացնելու ճարտարապետական մասնագիտական գործունեություն:

2) Ճարտարապետական մասնագիտական գործունեություն/այսուհետ` ճարտարապետական գործունեություն/ - ճարտարապետի արտոնագրված մասնագիտական գործունեություն, որի նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը ուր ներառված են Ճարտարապետական հորինվածքի ստեղծագործական գործընթացը, դրանցում բոլոր բաժինների մշակման համակարգումը, ճարտարապետաշինարարական նախագծերի իրականացման ընթացքի հեղինակային հսկողությունը, ինչպես նաեւ այլ ճարտարապետի մշակած նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալը:

3) Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի եւ վարվեցողության կանոններ - ճարտարապետի բարոյական եւ մասնագիտական վարքագծի չափանիշների համակարգ, հիմնված` ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության ու մասնագիտական կատարելագործման, ինչպես նաեւ հանրության, գործընկերների եւ այլոց իրավունքների եւ օրինական շահերի ճանաչման սկզբունքների վրա.

4) Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գրանցամատյան - տվյալների շտեմարան, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատին անդամագրված անձանց վերաբերյալ:

5) Լիազոր մարմին - քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմին

Հոդված 3. Ճարտարապետական գործունեության օբյեկտները

1.  Ճարտարապետական գործունեության օբյեկտներն են` ճարտարապետի կողմից կամ նրա մասնակցությամբ եւ (կամ) նրա համակարգմամբ մշակված` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերը եւ ճարտարապետաշինարարական նախագծերի հիման վրա կառուցապատվող շենքերն ու շինությունները (այսուհետ` օբյեկտ):

2. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը եւ վերականգնմանն ուղղված գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3.  Շենքի, շինության շինարարությունն իրականացվում է նախագիծը մշակած ճարտարապետի հեղինակային հսկողությամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 4. Ճարտարապետական ծառայության վճարովիությունը

1. Ճարտարապետական ծառայության վճարի չափն ու վճարման կարգն սահմանվում  են ճարտարապետի եւ կառուցապատողի (պատվիրատուի) միջեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրով:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը հաշվարկվում է Լիազոր մարմնի գերատեսչական ակտով սահմանված կարգով:

3. Առանց արտոնագրի ճարտարապետական ծառայություն կարող է մատուցվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերում նշված բացառությունների շրջանակում: Օրենքով կարող են սահմանվել նաեւ այլ բացառություններ:

Հոդված 5. Ճարտարապետի ծառայությունը պետական կառավարման տարածքային մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում

1. Հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող ճարտարապետների գործունեության, այդ թվում` աշխատանքային ստաժի եւ փորձի, հիմնական պարտականությունների եւ իրավունքների, կիրառվող սահմանափակումների նկատմամբ պահանջները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ համապատասխանաբար` «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը

1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը (այսուհետ`   Պալատ) մասնագիտական, անկախ, ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից: Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեություն, կամ այնպիսի գործողություն կամ անգործություն իրականացնելիս, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ, Պալատի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարչական մարմնի համար սահմանված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

2. Պալատի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված ճարտարապետները:

3. Հայաստանի Հանրապետությունում գործում է ճարտարապետների մեկ  ինքնակարգավորվող կազմակերպություն:

4. Պալատի լրիվ անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ ԻԿԿ հապավումը:

5. Կազմակերպություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ օգտագործել «ճարտարապետների պալատ» բառակապակցությունը, դրա հոլովաձեւերը, ինչպես նաեւ բառակապակցության օտարալեզու իմաստային թարգմանությունները` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի» կողմից ստեղծվող կազմակերպությունների:

6. Պալատը`

1) Իրականացնում է ճարտարապետների(ճարտարագետ-կոնստրուկտորների) արտոնագրման, հավատարմագրման, արտոնագրի կասեցման եւ դադարեցման գործառույթները` սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով,

2) մշակում եւ հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ)

3) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների եւ Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ,

4) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները

5) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը

6) կազմում եւ վարում է ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանիշային ցուցակները

7) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների անընդհատ ուսուցման ծրագրեր եւ դրանց իրականացման համակարգ,

8) մշակում եւ հաստատում է ճարտարապետական մասնագիտական գործունեության խորհրդատվական բնույթի դասիչները, համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ,

9) մշակում է պայմանագրերի օրինակելի ձեւեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանությունը, ճարտարապետական գործունեության իրականացմանը նպաստող այլ փաստաթղթեր,

10) ներկայացնում եւ պաշտպանում է իր եւ իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է ճարտարապետական մրցույթներ, կազմակերպում ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ,

12) սահմանում եւ շնորհում է Պալատի պարգեւներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում իր անդամներին պետական պարգեւներ ու կոչումներ շնորհելու,

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների եւ բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկվող, քաղաքաշինության օրենսդրությանը վերաբերող նախագծերին, մասնակցում է ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը եւ քննարկմանը,

15) աջակցում է մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստում է քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը,

16) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում եւ հրատարակում է թերթեր, ամսագրեր.

17) անդամագրվում է միջազգային մասնագիտական կազմակերպություններին եւ համագործակցում այլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ.

18) իրականացնում է օրենքով չարգելված այլ գործունեություն:

7. Պալատը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություններ կամ լինել դրանց մասնակիցը:

Հոդված 7. Պալատի մարմինները

1. Պալատի կառավարման մարմիններն են`

1) Պալատի ընդհանուր ժողովը.

2) Պալատի խորհուրդը.

3) Պալատի նախագահը:

2. Պալատի ընթացակարգային մարմիններն են`

1) Պալատի որակավորման հանձնաժողովները.

2) Պալատի այլ հանձնաժողովները:

3. Պալատի մարմինների լիազորությունները, դրանց կազմավորման եւ գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ։

Պալատի մարմինների լիազորությունների առավելագույն ժամկետը չորս տարի է:

4. Պալատի մարմինների ընդունած որոշումները պարտադիր են Պալատի անդամների համար:

5. Պալատի գույքը ձեւավորվում է Պալատի անդամների անդամավճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

6. Պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պալատի խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտը` Պալատի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ:

Հոդված 8. Պալատի ընդհանուր ժողովը

1. Պալատի ընդհանուր ժողովը Ճարտարապետների պալատի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է տարեկան կամ արտահերթ գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Պալատի անդամների կեսից ավելին եւ միաժամանակ` արտոնագրված անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

2. Ընդհանուր ժողովը գումարվում է Պալատի խորհրդի որոշմամբ: Արտահերթ ժողով կարող է գումարվել Պալատի անդամների մեկ քառորդի պահանջով:

3. Ընդհանուր ժողովը `

1) հաստատում է Պալատի կանոնադրությունը եւ էթիկայի կանոնները

2) ընտրում է Պալատի նախագահին եւ Պալատի խորհրդի անդամներին: Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում է նրանց լիազորությունները:

3) սահմանում է հանձնաժողովների թվակազմերը եւ ընտրում նրանց կազմում ընդգրկվող իր անդամներին

4) սահմանում է պալատի անդամավճարի  չափը տարեկան եկամտի 0,1% -ի չափով, ընդ որում այն չի կարող պակաս լինել բազային տուրքի հնգապատիկից եւ չի կարող լինել ավելի քան բազային տուրքի հազարապատիկը

5) սահմանում է պալատի անդամների անդամավճարներից, արտոնագրման եւ հավատարմագրման վճարներից պահվող տարեկան ոչ պակաս 10 %-ի չափով տոկոսադրույքները, որը պարտադիր նպատակաուղղում է պալատի անդամների կողմից իր մեղքով երրորդ անձանց պատճառված վնասի փոխհատուցմանը

6) հաստատում է Պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը` Պալատի նախագահի ներկայացմամբ:

7) հաստատում է Պալատի տարեկան բյուջեն` Պալատի նախագահի ներկայացմամբ

8) Պալատի անդամին զրկում է անդամությունից` Պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

9) լուծում է Պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

4. Պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը չի կարող փոխանցվել այլ մարմինների

5. Պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով, այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 9. Պալատի խորհուրդը

1.  Պալատի խորհրդի անդամների քանակը սահմանվում է Ճարտարապետների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին:

2. Պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով:

3. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է Պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

4. Պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների կեսից ավելին:

5. Պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

6. Պալատի խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ:

7. Պալատի խորհուրդը`

1) հաստատում է որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը

2) հաստատում է վերապատրաստման դասընթացների ծրագրերն ու ժամաքանակը

3) քննում է Պալատի կանոնադրության եւ /կամ/ էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում, Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում կամ կասեցնում է ճարտարապետի կամ ճարտարագետի արտոնագրի, կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը

5) հաստատում է Ճարտարապետների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը

6) իրականացնում է սույն օրենքով եւ Ճարտարապետների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Պալատի նախագահը

1. Պալատի նախագահը Ճարտարապետների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Պալատի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգով Պալատի նախագահն առաջադրվում է առնվազն տասնհինգ տարվա Ճարտարապետական մասնագիտական գործունեության ստաժ ունեցող անդամների կազմից, ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

3. Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է Ճարտարապետների պալատը.

2) գործում է առանց լիազորագրի եւ տալիս է լիազորագրեր.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է Պալատի հաշվարկային եւ ոչ հաշվարկային հաշիվներ.

5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում եւ ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին

6) ապահովում եւ կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը

7) սույն օրենքով նախատեսված դեպքերում, պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով պալատի անդամի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

8) Ճարտարապետների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Ճարտարապետների պալատի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

9) իրականացնում է օրենքով եւ Ճարտարապետների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

4. Պալատի նախագահն ի պաշտոնե Ճարտարապետների պալատի խորհրդի նախագահն է։

5. Պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` պալատի խորհրդի անդամների կազմից:

6. Պալատի նախագահի տեղակալը փոխարինում է Ճարտարապետների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:

Հոդված 11.Պալատի անդամները

1. Պալատի անդամներն են

1) սույն օրենքով սահմանված ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնող արտոնագրված ճարտարապետները:

2) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները

3) Դաշնակից անդամների կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 եւ ավելի տարիներ անդամակցած ճարտարապետները եւ սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նշված անձինք, ինչպես նաեւ Պալատի խորհրդի որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետները, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Պալատի խորհուրդը:

4) Միջազգային ասոցացված անդամների կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետներ, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր կամ դրանց համարժեքը` ըստ տվյալ երկրի օրենսդրության:

2. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականություններն ըստ նրանց անդամակցության ձեւի որոշվում են Պալատի կանոնադրությամբ` սույն օրենքով սահմանված պահանջների ապահովմամբ:

3. Պալատի անդամները մուծում են Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով տարեկան անդամավճարներ:

Հոդված 12.Պալատի անդամների գրանցամատյանները

1. Պալատի անդամների ոչ պետական գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ներդրողներին ճարտարապետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ մատչելի ու հավաստի տեղեկատվության տրամադրումը, մրցակցության համար օբյեկտիվ պայմանների ստեղծումը:

2. Պալատը վարում է իրեն անդամագրված անձանց գրանցամատյաններն ու պատասխանատու է տրամադրված տեղեկատվության հավաստիության համար:

3. Գրանցամատյանների վարման կարգը, դրանցում ընդգրկվող տեղեկատվության բնույթն ու ձեւաչափը մշակում եւ հաստատում է Պալատի խորհուրդը, նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:

Հոդված 13. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները

1. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները հաստատվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից եւ պարտադիր են բոլոր ճարտարապետների համար:

Գ Լ ՈՒ Խ 3

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Ճարտարապետի հիմնական մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները

1. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս իրավունք ունի.

1) մշակել քաղաքաշինական փաստաթղթեր կամ մասնակցել դրանց մշակմանը.

2) համակարգել քաղաքաշինական փաստաթղթերի բաժինների մշակումը.

3) ներկայացնել կառուցապատողի (պատվիրատուի) շահերը շինարարական կապալի պայմանագրի կնքման, շինարարություն իրականացնողի մրցույթի անցկացման գործընթացներում եւ/կամ տարբեր ատյաններում հանդես գալ որպես կառուցապատողի ներկայացուցիչ` համապատասխան լիազորագրի առկայությամբ;

4) կառուցվող օբյեկտի շինարարության ընթացքում իրականացնել հեղինակային հսկողություն, մասնակցել ավարտված օբյեկտի ընդունմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը (սույն օրենքով սահմանված դեպքում` համապատասխան կարգի (դասի) արտոնագիր ունենալու պայմանով).

6) տրամադրել խորհրդատվություն` ճարտարապետության եւ շինարարության մեջ ներդրումային ծրագրերի իրականացման, նախագծման, շինարարության, ձեւավորման (դիզայնի) եւ այլ մասնագիտական հարցերով.

7) դասավանդել ուսումնական հաստատություններում, կատարել տեսական, գիտական եւ հետազոտական աշխատանքներ, զբաղեցնել հանրային ծառայության պաշտոններ, իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս պարտավոր է.

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տարածական պլանավորման փաստաթղթերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եւ նախագծման թույլտվության պահանջներն ու պայմանները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` փորձաքննություն չպահանջող դեպքերում երաշխավորել ճարտարապետաշինարարական նախագծերի համապատասխանությունը սույն մասի 1-ին կետով նշված պահանջներին.

3) անձնական ստորագրությամբ եւ դրոշմակնիքով (առկայության դեպքում) վավերացնել իր կողմից նախագծվող եւ(կամ) համակարգվող քաղաքաշինական փաստաթղթերի տիտղոսաթերթերը, բացատրագրերն ու հիմնական գծագրերը.

4) Պահպանել Էթիկայի կանոնների պահանջները.

5) մշտապես կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, սույն օրենքով սահմանված կարգով մասնակցել Պալատի կողմից կազմակերպվող անընդհատ ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներին:

3. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս իրավունք չունի.

1) առանց կառուցապատողի (պատվիրատուի) համաձայնության հրապարակել կամ տարածել նրա ներդրումային ծրագրերի կամ դրանց իրականացման մասին ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.

2) մասնակցել քաղաքաշինական փաստաթղթի նախագծման մրցույթին, եթե հանդիսանում է տվյալ մրցույթի կազմակերպիչը կամ ընդգրկված է տվյալ օբյեկտի մրցույթային հանձնաժողովի կազմում.

3) կատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին:

Գ Լ ՈՒ Խ 4

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 15. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

1. Ճարտարապետական մասնագիտական գործունեության արտոնագիր կարող է ստանալ ֆիզիկական անձը, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ Ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձ եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:

2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասով նշված աշխատանքային փորձի պակասը, հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձին:

3. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ստեղծվում է յոթ անդամներից բաղկացած հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի եւ Լիազոր մարմնի երեքական ներկայացուցիչներ եւ մեկ ներկայացուցիչ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունից: Պալատի ներկայացուցիչներն ընտրվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը հաստատվում է Պալատի ընդհանուր ժողովի կողմից, այլ մարմինների ներկայացուցիչներին ընդգրկելով ըստ ներկայացման: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են Պալատի խորհրդի որոշմամբ, ընդ որում պալատի ներկայացուցիչն ընտրվում է խորհրդի կողմից, իսկ այլ մարմնի ներկայացուցիչն ընդգրկվում է տվյալ մարմնի ներկայացմամբ:

4. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը սահմանում է Պալատի խորհուրդը, համաձայնեցնելով Լիազոր մարմնի եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության հետ:

5. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Պալատի խորհրդի կողմից սահմանված որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

6. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:

7. Պալատին անդամագրված ճարտարապետը տասնօրյա ժամկետում, Պալատի խորհրդի կողմից սահմանված արարողակարգով, ստանում է Պալատի կնիքով եւ Պալատի նախագահի ստորագրությամբ վավերացված համապատասխան կարգի(դասի) արտոնագիր, որի ձեւը հաստատվում է Պալատի խորհրդի կողմից:

8. Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

Հոդված 16. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումը

Պալատն իրականացնում է նաեւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն ըստ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգերի (դասերի):

1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման նպատակով ստեղծվում է հանձնաժողով, որը ձեւավորվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

2. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը, սահմանվում են Պալատի խորհրդի կողմից` համաձայնեցնելով Լիազոր մարմնի եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության հետ:

3. Ճարտարագետ-կոնստրուկտորի արտոնագիր կարող է ստանալ ֆիզիկական անձը որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ մասնագիտական առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձ եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:

4. Արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորը ճարտարագիտական ծառայություններ մատուցելու նպատակով կարող է ստեղծել եւ գրանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձեւ կամ պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող որեւէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

Հոդված 17. Պալատի կողմից կազմակերպվող լրացուցիչ ուսուցման եւ վերապատրաստման դասընթացները

1. Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների մասնագիտական հմտությունների մշտապես կատարելագործմանն աջակցելու նպատակով Պալատը կազմակերպում եւ համակարգում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (այսուհետ` դասընթաց)` ոլորտի կրթական հաստատությունների հետ համատեղ մշակված ծրագրերով, որոնք «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում են կրթության ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

2. Պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կամավոր է, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Դասընթացներն իրականացվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ժամաքանակով ու պայմաններով:

4. Պալատի կողմից կազմակերպվող տարեկան դասընթացներին մասնակցությունը հավասարեցվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությանը:

Հոդված 18. Արտոնագրի գործողության դադարեցումը

1. Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը դադարեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե՝

1) նա գրավոր դիմում է  արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

2) նա մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է կարգապահական տույժի՝ նկատողություն, խիստ նկատողություն:

3) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.

4) լրացել է արտոնագրի գործողության վերականգնման` սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը եւ վերականգնման դիմում չի ներկայացվել

5) նա հինգ տարի անընդմեջ չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ եւ չի դիմել վերավորակավորման համար:

2. Արտոնագրի գործողությունը դադարեցվում է այն ուժը կորցրած ճանաչելով:

3. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

4. Ճարտարապետն (ճարտարագետ-կոնստրուկտորն) իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի անց:

Հոդված 19. Արտոնագրի գործողության կասեցումը

1. Արտոնագրի գործողությունը կասեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եթե Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը)՝

1) չի մուծել Պալատի կանոնադրությամբ սահմանված տարեկան անդամավճարը,

2) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) իր դիմումի համաձայն

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով արտոնագիրը կասեցված անդամը Պալատի մարմինների ընտրություններին չի մասնակցում :

3. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերը վերանալուց հետո, 45 օրվա ընթացքում,   ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը վերականգնվում է այն ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կաuեցվել էր:

4. Արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժվում է միայն կեղծ տվյալներ ներկայացնելու պատճառով: Արտոնագրի գործողության վերականգնելը մերժելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

5. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ճարտարապետի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում` պաշտոնատար անձի այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումների մասով, հայտնաբերվելու դեպքում Պալատի խորհուրդը երկու ամիս ժամկետով կասեցնում է ճարտարապետի արտոնագրի գործողությունը եւ հաղորդում ներկայացնում համապատասխան մարմնին` խախտման փաստի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանքով: Ծառայողական քնության արդյունքների հիման վրա կասեցման մասին որոշումը չեղյալ է համարվում կամ հաստատվում է նոր ժամկետով` մինչեւ խախտման հիմքերի վերանալը:

Հոդված 20. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրումը

1. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող (այսուհետ` օտարերկրյա) ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեություն կարող է իրականացնել սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, ինչպես նաեւ ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերին (դրանց առկայության դեպքում) համապատասխան:

2. Օտարերկրյա ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթի կամ այլ համարժեք փաստաթղթի եւ Պալատի կողմից տրված հավատարմագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

3. Օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանձնաժողովի կողմից` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հավատարմագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե`

1) օտարերկրյա ճարտարապետը թույլ է տվել սույն օրենքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի կամ դրանցից բխող իրավական ակտերի խախտում.

2) դադարեցվել է սույն հոդվածի 2-րդ մասով նշված փաստաթղթի գործողությունը` այն տրամադրած պետության կողմից:

5. Հայաստանի Հանրապետության եւ միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների ստորագրած միջազգային պայմանագրերի կամ համաձայնագրերի համաձայն իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կամ միջազգային ճարտարապետական մրցույթում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հաղթող ճանաչված եւ օտարերկրյա պետությունների կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր ունեցող օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սույն օրենքի ուժով ստանում են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու իրավունք, եթե միջազգային պայմանագրով (համաձայնագրով) կամ ճարտարապետական մրցույթի պայմաններով այլ բան նախատեսված չէ:

6. Հավատարմագրման համար օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նշված դեպքերի) գանձվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված համապատասխան չափի վճար:

7. Սույն հոդվածի կարգը կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը ցանկություն է հայտնում գործունեություն ծավալել Հայաստանում, այլ երկրի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթերի հիման վրա:

Հոդված 21. Արտոնագրման եւ հավատարմագրման վճարները

1. Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման վճարի  եւ օտարերկրյա եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրման վճարի չափը սահմանվում է բազային տուրքի քառասնապատիկի չափով:

Գ Լ ՈՒ Խ 5

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Արտոնագրված Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) կարգապահական պատասխանատվությունը

1. Ճարտարապետը(ճարտարագետ-կոնստրուկտորը) ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ Պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար: Ճարտարապետը կարգապահական պատասխանատվություն է կրում նաեւ ճարտարապետի մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնների խախտման համար:

2. Կարգապահական վարույթ հարուցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

3. Արտոնագրված Ճարտարապետի(ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը, Ճարտարապետի(ճարտարագետ-կոնստրուկտորի) եւ դիմողի իրավունքները կարգապահական վարույթում, սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ:

Հոդված 23. Արտոնագրված Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

1. Կարգապահական խախտման համար Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն,

3) արտոնագրի գործողության դադարեցում

4) միավորման անդամությունից հեռացում

2. Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում արարքի ծանրությունը, հաճախությունը, առաջացած հետեւանքները եւ պատճառված վնասի չափը։

3. Կարգապահական տույժի նշանակումը կարող է բողոքարկվել դատական կարգով` տույժի նշանակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

4. Կարգապահական տույժն ուժի մեջ է այն նշանակելու օրվանից մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ ենթակետի կիրառման պարագայում ճարտարապետը(ճարտարագետ-կոնստրուկտորը) զրկվում է Պալատի մարմիններում ընտրվելու իրավունքից` մինչեւ սույն օրենքով նախատեսված կարգով արտոնագրի վերականգնումը:

6. Պալատի անդամությունից հեռացված արտոնագրված ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) իր անդամակցությունը կարող է վերականգնել ծանուցման օրվանից երկու տարի հետո, որից հետո եւս երեք տարի չի կարող ընտրվել Պալատի մարմիններում:

7. Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

Գ Լ ՈՒ Խ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Պալատի պետական գրանցումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությունն  իրավունք ունի վերակազմավորման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (ՀՀ «Ճարտարապետների պալատ» ԻԿԿ):

2. Վերակազմավորման որոշումն ընդունելուց եւ Պալատի կանոնադրությունը հաստատելուց հետո ընդհանուր ժողովն իրականացնում է նաեւ սույն օրենքով նախատեսված` Պալատի մարմինների ընտրությունը:

3. «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպության իրավահաջորդը:

Հոդված 25. Անցումային դրույթներ

1. Պալատի գրանցման օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում Պալատը մշակում եւ հաստատում է Պալատի գործունեությանն առնչվող` սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ժամկետում ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին:

3. «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաեւ Հայաստանի  Հանրապետության  տարածքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ճարտարապետական  մասնագիտական գործունեություն իրականացրած եւ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին բավարարող ֆիզիկական անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են ստանալ Պալատի արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու, ներկայացնելով ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

4. Սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված` կրթության եւ փորձառության պահանջներին չբավարարող անձինք արտոնագիր կարող են ստանալ միայն նույն հոդվածով սահմանված կարգով:

5. Մինչեւ երկաստիճան ուսումնական համակարգին (բակալավրիատ եւ մագիստրատուրա) անցնելը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ճարտարապետներն արտոնագիր են ստանում սույն օրենքի 17-րդ հոդվածով մագիստրոսի աստիճան ունեցողների համար նախատեսված կարգով:

6. Պալատի գրանցմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում, իրենց դիմումի համաձայն` Պալատի դաշնակից անդամ կարող են դառնալ «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպությանը (նախկինում` Հայաստանի ճարտարապետների միություն) 25 եւ ավելի տարիներ անդամակցած կամ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն նույնքան տարիների անընդմեջ ճարտարապետական գործունեություն իրականացրած անձինք:

Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի, 12-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի եւ 17-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը, 12-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը եւ 17-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից ութ ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները:
 
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետության մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բանագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետության մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են ճարտարապետական եւ ճարտարագիտական ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտանաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Ճարտարապետական գործունեության մասին»,  «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերիսոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ճարտարապետական գործունեության մասին»,  «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերի(այսուհետ` Նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենչեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենդրականազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքացու եւ հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետեւանքներից:

Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է տարբերակել տարբեր բարդության ճարտարապետական նախագծեր մշակելու համար տրամադրվող լիցենզիաները եւ համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: