Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-11261-12.12.2016,14.12.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «308-328» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 310.1 հոդվածի)» բառերով.

2) 6-րդ մասը «1542 »-րդ թվից հետո լրացնել «310.1» թվով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռեւս 2005 թվականի մայիսի 19-ին եւ վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն եւ դրա դեմ ավելի արդյունավետ եւ ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը եւ ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը եւ օժանդակումը.

գ) պետական գործերի եւ պետական սեփականության ազնիվ, պատասխանատու եւ պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի 20-րդ հոդվածն ամրագրում է. «Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։»:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները եւ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության՝ սույն թվականի նոյեմբերի 18-ի նիստի ընթացքում հավանության է արժանացել ապօրինի հարստացումը քրեականացնող «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարելու նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի քննչական ենթակայությունը` հանցակազմի քննությունը վերապահելով Հատուկ քննչական ծառայությանը:

Նախագիծը, հաստատվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կներկայացվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ համատեղ՝ մեկ ընդհանուր փաթեթում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ապօրինի հարստանալը հանցակազմի քննությունը կվերապահվի Հատուկ քննչական ծառայությանը: