Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1119-15.11.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (այսուհետ՝ պատգամավոր) իրավունքները, պարտականությունները, նրա գործունեության իրականացման իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքները, ինչպես նաեւ պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարցեր:

2. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով:

Հոդված 2. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

1) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի, հայտարարության նախագծեր.

2) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկներ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովներ, աշխատանքային խմբերի նիստերում.

3) մասնակցել, տալ հարցեր եւ ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

4) բանավոր կամ գրավոր հարցեր ուղղել Կառավարությանը.

5) առաջադրվել Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

6) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների, քննիչ հանձնաժողովների, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

7) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաեւ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

8) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

9) ծանոթանալ Ազգային ժողովին կամ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

10) հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

11) hանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

12) իր կարգավիճակով պայմանավորված գործունեության իրականացման համար՝ հատուցելի հիմունքներով օգտվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից.

13) դուրս գալ Ազգային ժողովի խմբակցության կազմից.

14) զբաղվել գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքով.

15) իրականացնել այլ իրավունքներ:

Հոդված 3. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

1) մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի նիստերին.

2) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) նախատեսված դեպքերի.

3) մասնակցել իր անդամկցած հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

6) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 4. Պատգամավորական էթիկայի կանոնները

Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին:

2. Պատգամավորական էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը.

4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.

5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.

7) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ.

8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հոդված 5. Պատգամավորի շահերի բախումը

1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը.

5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաեւ որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի:

2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

3. Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելիս, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը:

4. Եթե պատգամավորն Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում հանդես է գալիս շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ապա հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը`

1) վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

2) ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

3) վերաբերում է պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքներին:

Հոդված 6. Պատգամավորի հարցումները եւ ընդունելության իրավունքը

1. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը:

2. Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) երկշաբաթյա ժամկետում, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան.

2) ոչ ուշ, քան քննարկումից երեք աշխատանքային օր առաջ պատգամավորին գրավոր տեղեկացնել իր ներկայացրած հարցի քննարկման մասին:

3. Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:

Հոդված 7. Պատգամավորի մասնակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին

1. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

2. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության հրապարակային նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատի նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Հաշվեքննիչ պալատի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

Հոդված 8. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում ունի տարկետում ստանալու իրավունք եւ ազատվում է զորահավաքներից ու վարժական հավաքներից:

Հոդված 9. Քաղաքացիների հետ պատգամավորի ընդունելության կազմակերպումը

1. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել նրան` քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար:

Հոդված 10. Պատգամավորի բնակարանային պայմանների ապահովումը

1. Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին Կանոնակարգով նախատեսված կարգով տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:

Հոդված 11. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է:

2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա խմբակցությունների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:

3. Պատգամավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի նիստերին կամ հրավիրած խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում պատգամավորը պարտավոր է այդ մասին նախապես տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին կամ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին:

5. Ազգային ժողովի նիստերից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը:

6. Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ծառայողական գործուղման մեկնող պատգամավորին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Պատգամավորի աշխատանքային ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում անցնում է այլ աշխատանքի:

8. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական եւ դիվանագիտական անձնագիր եւ «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան:

Հոդված 12. Պատգամավորի արձակուրդը

1. Պատգամավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ: Հիմնական արձակուրդային վճարից բացի՝ պատգամավորին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով:

2. Պատգամավորն ունի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չվճարվող արձակուրդի իրավունք:

3. Պատգամավորների ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է ամռանը՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո:

Հոդված 13. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

1. Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

3. Եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչեւ այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:

5. Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են՝ Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների եւ քարտուղարների, ինչպես նաեւ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի ղեկավարի պաշտոնները:

6. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը:

7. Պատգամավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող է հավակնել:

8. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

9. Պատգամավորն իրավունք ունի մինչեւ վճարովի հիմունքներով գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը դիմել Էթիկայի հանձնաժողով եւ ստանալ նրա եզրակացությունը:

10. Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորն Ազգային ժողովի նախագահին եւ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված այլ աշխատանքի մասին:

Հոդված 14. Պատգամավորի գործունեության ապահովումը

1. Ազգային ժողովի նստավայրում պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական եւ կապի (այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետային կապ) միջոցներով հագեցված աշխատասենյակ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ խոսափողով եւ անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ:

2. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով: Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.

3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

4) կարող է Կանոնակարգով սահմանված կարգով ներկա գտնվել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին եւ խորհրդարանական լսումներին.

5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը:

3. Պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն եւ պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենադրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով, ինչպես նաեւ ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:

4. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից:

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 97-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ ըստ նշված հոդվածի պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրական օրենք է՝ սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ներկայումս ամրագրված են կանոնակարգում սահմանել առանձին օրենքով: