Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1076-29.09.2016-ՊԻ-010
Կ-1111-08.11.2016-ՊԻ-010 /0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 1-ին մասը «վերաբերյալ գործերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործեր, եթե դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) հսկող դատախազի որոշումների եւ ցուցումների վերաբերյալ քննիչի գրավոր առարկությունները ստանալու պահից յոթօրյա ժամկետում որոշմամբ մերժել այդ առարկությունները՝ հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը թողնելով ուժի մեջ, կամ վերացնել հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը՝ առարկությունը ճանաչելով հիմնավորված:

2) 2-րդ մասի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները.»:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.»,

2) 27-րդ կետում «նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու» բառերը փոխարինել «բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու» բառերով, իսկ «դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին» բառերը՝ «անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու» բառերով:

Հոդված  4. Օրենսգրքի 174-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «Բաց թողնված» բառերը փոխարինել «Իր կողմից բաց թողնված» բառերով, իսկ «շահագրգիռ անձը» բառերը փոխարինել «դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը» բառերով,

2) 3-րդ մասից հանել «՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ» բառերը,

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»:

Հոդված 5. Օրենսգրքի 180-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը եւ առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը,  ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել եւս մինչեւ 20 օր ժամկետով: Երկարացված ժամկետի ընթացքում այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող, բացառությամբ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են փորձագետի գրավոր միջնորդության բավարարմանը, առանց որոնց հնարավոր չէ փորձաքննություն կատարելը կամ պատշաճ փորձաքննություն իրականացնելը:

4. Հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, ինչպես նաեւ նյութերը  հսկող դատախազին ներկայացնել այդ ժամկետը լրանալու օրվանից առնվազն 2 օր առաջ: Միջնորդությունը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում դատախազը կայացնում է  պատճառաբանված որոշում: Ընդ որում, միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ միաժամանակ դատախազը հետաքննության մարմնին կամ քննիչին գրավոր ցուցում է տալիս քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

5. Եթե հետաքննության մարմնի կամ քննիչի միջնորդությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում հսկող դատախազն այդ միջնորդության կապակցությամբ որեւէ որոշում չի կայացնում, ապա այն համարվում է բավարարված:»:

Հոդված 6. Օրենսգրքի 190-րդ հոդվածի`

1) 1-ին մաս «3323 » թիվը փոխարինել «332.5» թվով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541 -րդ գլուխներին համապատասխան  ձեւակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված  քննչական  ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում, հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

Հոդված 7.  Օրենսգրքի 197-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչեւ երկու ամիս ժամանակով:»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու դեպքում հսկող դատախազն իրավասու է ցուցում տալ քննիչին քրեական գործով վարույթը կասեցնելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործը դատարան ուղարկելու կամ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ՝ քննիչին տրամադրելով մինչեւ տասնհինգօրյա ժամկետ, իսկ մեղադրական եզրակացություն կազմելու ցուցում տալու դեպքում` քննիչին կարող է տրամադրվել մինչեւ երկու ամիս ժամկետ:

 Այդ դեպքում դատախազի կողմից սահմանված ժամկետի ընթացքում քննչական գործողությունների կատարումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածի հիման վրա կատարվող քննչական գործողությունների:»,

3) 6-րդ մասում «որոշումը» բառը փոխարինել «միջնորդությունը» բառով, իսկ «3» թիվը՝ «4» թվով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ա) Քրեական գործերի միացումը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը սահմանում է. «Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմի մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը»:

Վկայակոչված իրավադրույթի բովանդակային վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործերը մեկ վարույթում միացնելու ինստիտուտի կիրառման համար բավարար է հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայություն.

Օրենսդիրն, ըստ էության, նշված դրույթով սպառիչ լրիվությամբ սահմանել է գործերի միացման ինստիտուտի հիմքերը: Հատկանշական է այն հանգամանքը, որ նախատեսված հիմքերի շրջանակներում անհարկի չեն ներառվել այն դեպքերը, երբ որոշակի կատեգորիայի քրեական գործեր իրենց բնույթով, իրավական էությամբ ունեն առարկայական եւ բովանդակային փոխկապակցվածության բավարար մակարդակ:

Նման պայմաններում դրանց անջատ քննությունն ակնհայտորեն չի նպաստում որակյալ եւ արդյունավետ նախաքննության օրենսդրական պահանջի իրացմանը: Արդյունքում ստացվումէ այնպես, որ նշված դեպերում  վարույթն իրականացնող մամնի կողմից քննության առարկա քրեական գործերի միացումն ինքնըտինքյան դառնում է ապօրինի՝ օրենքով նմանատիպ հիմք նախատեսված չլինելու պատճառով: Ակներեւ է, որ բոլոր դեպերում նման իրավափաստական դրվագաշարով քրեական գործերը դրանց բազմակողմանիության, օբյեկտիվության եւ լրիվության ապահովման նկատառումներից ելնելով նպատակահարմար է քննել մեկ վարույթում, ոչ թե առանձին: Այն ակնհայտորեն կնպաստի նաեւ քրեական գործերով քննության մեթոդիկայի միասնականացմանը, միասնական սկզբունքների կենսագործմանը: Միանշանակ է, որ համանման քրեական գործերով քննության մեթոդիկայի շրջանակներում առկա հարցադրումներին կարելի է բովանդակային-որոշակի պատասխաններ տալ բացառապես այն պարագայում, երբ իրականացվում է նշված վարույթների հմակցված քննություն: Ասվածը հիմնավորվում է հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ մեկ գործի շրջանակներում բացահայտված հանգամանքները ողջամտորեն կարող են ունենալ ելակետային նշանակություն դրա հետ սերտորեն կապված մեկ այլ գործով: Ուստիեւ, գտնում ենք, հիշատակված օրենսդրական նախագծով նշված հարցն առավել համակողմանի կարգավորում կստանա: Առավել եւս, երբ ներկայացվող նախագծով նշված հարցնառավել համակողմանի կարգավորում կստանա: Առավել եւս, երբ ներկայացվող Նախագծով քրեական գործերի միացմանն առաջադրվել է կոնկրետ չափանիշ, վարույթն իրականացնող մարմինն այդ պարագայում պետք է հիմնավորի, որ դրանց միացումն ակնհայտորեն կնպաստի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության եւ լրիվության ապահովմանը: Հակառակ դեպքում, բնականաբարմ գործերի միացումը պետք է դիտվի անթույլատրելի դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բ) Հսկող դատախազի գրավոր ցուցումների եւ որոշումների վերաբերյալ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելը

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քննիչի կողմից հսկող դատախազի որոշումների վերաբերյալ առարկություն ներկայացնելու կամ դրանք վերադաս դատախազին բողոքարկելու ընթացակարգ: Առաջարկվող փոփոխությամբ, ըստ էության, նախատեսվում է քրեադատավարական այնպիսի կառուցակարգ, որը հնարավորություն կտա. ա) նախաքննություն իրականացնող սուբյեկտին՝ քննիչին, բողոքարկելու հսկող դատախազի՝ իր գնահատմամբ անօրինական կամ անհիմն որոշումները՝ դրանով իսկ վերադաս դատախազին հասու դարձնելով կոնկրետ որոշման վերաբերյալ իր նկատառումներն ու մտահոգությունները, բ) վերադաս դատախազը կօժտվի նախնական քննության օրինականության ապահովմանն ուղղված լրացուցիչ լիազորությամբ, գ) կվերացվի օրենսդրական առկա կարգավորումը, կամ, ավելի ճիշտ կարգավորման բացակայությունը, երբ առկա չեն հսկող դատախազի անհիմն կամ անօրինական որոշումները վերացնելու օրենսդրական մեխանիզմներ:

Սա է պատճառը, որ Նախագծով առաջարկվում է վերադաս դատախազի համար նախատեսել քննիչի գրավոր առարկությունների հիման վրա հսկող դատախազի որոշումների եւ ցուցումների վերացման իրավական հնարավորություն:

Նախագծով վերանայվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը՝ սահմանելով, որ դատախազի բացառիկ լիազորությունն է վերացնել քննիչի բոլոր  անօրինական կամ անհիմն որոշումները՝ չկապելով նման հնարավորությունը օրենսգրքով նախատեսված դեպքերի հետ:

Գ) Հանցագործության մասին հաղորդման քննարկման եւ լուծման ժամկետի երկարացումը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենսդրական նման կարգավորման պարագայում մի շարք  դեպքերում,  մասնավորապես, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական եւ այլ փորձաքննությունների կատարման պատճառով հնարավոր չի լինում օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունն ու հիմքերի բավարար լինելը:

Վերոգրյալով հանդերձ, գտնում ենք, որ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ժամկետի երկարացման օրինականության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել դատախազական հսկողություն եւ նախատեսել, որ այդ ժամկետը կարող է երկարացվել բացառապես դատախազի կողմից: Ընդ որում, Նախագծով պետք է սահմանել, որ վերոնշյալ ժամկետը կարող է երկարացվել միայն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը, եւ եթե առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը:

Դ)  Ժամկետները բաց թողնելուն, բաց թողնված ժամկետը վերականգնելուն վերաբերող հարցեր

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմը վերաբերում է դատավարության՝ պաշտոնատար անձ չհամարվող մասնակցի կողմից դատավարական ժամկետի պահպանման եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու ընթացակարգին:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է տարբերակել քրեական հետապնդման մարմնի եւ դատարանի համար սահմանված դատավարական ժամկետները, որոնց պահպանման համար սահմանված են այլ կանոններ եւ որոնք ոչ թե վերականգնվում, այլ երկարացվում են, եւ քրեական դատավարության մասնակից մասնավոր անձանց համար սահմանված դատավարական ժամկետները, որոնք հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքերում ենթակա են վերականգնման վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Քրեադատավարական ժամկետների, դրանց հաշվարկման կանոնների, բաց թողնված ժամկետների վերականգնման հնարավորության նախատեսումն առաջին հերթին կոչված է քրեական հետապնդման մարմնի տրամադրության տակ հայտնված անձանց (կասկածյալ, մեղադրյալ), ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությունից տուժած կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց իրավունքների պաշտպանությանը: Դա է պատճառը, որ քրեական դատավարության օրենսգիրքը, առաջնորդվելով դատավարության սուբյեկտի իրավունքների պաշտպանության հրամայականով, դատավարական ժամկետների հաշվարկման տարանջատված կարգ է սահմանել մի կողմից պաշտոնատար անձանց, մյուս կողմից՝ դատավարության այլ մասնակիցների համար:

Ինչպես բխում է վերը նշվածից, ի տարբերություն քրեական գործով շահագրգիռ անձի՝ հետաքննության մարմինը, քննիչը եւ դատախազը՝ որպես նախաքննություն կատարող պետական պաշտոնատար անձինք, պարտավոր են քննչական եւ այլ դատավարական գործողությունները կատարել ժամանակին:

Եթե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ու որոշումները բողոքարկելը կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի սուբյեկտիվ իրավունքն է, որից վերջինս կարող է օգտվել կամ ոչ՝ ըստ այդմ էլ հայեցողություն դրսեւորել դրա իրացման ժամկետների նկատմամբ, ապա պաշտոնատար անձանց կողմից դատավարական ժամկետների պահպանումը վերջիններիս պարտականությունն է, քանի որ այն հիմնականում ուղղված է դատավարության այլ մասնակիցների իրավունքների պաշտպանությանը:

Վերոշարադրյալ իրավական անորոշությունը վերացնելու եւ օրենսդրական դրույթի պատշաճ ընկալումն ապահովելու համար նպատակահարմար ենք համարում որոշակիացնել ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 174-րդ հոդվածում կիրառված «շահագրգիռ անձ» հասկացությունը եւ, միաժամանակ, շեշտել, որ շահագրգիռ անձի կողմից կարող են բողոքարկվել միայն իր կողմից բաց թողնված ժամկետները:

ՀՀ քր. դատ. օր.-ի 174-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին:

Օրենսդրական այս դրույթի բովանդակային որոշակիությունն ապահովելու համար անհրաժեշտ է այն վերաշարադրել այնպես, որ հստակորեն ամրագրվի բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը հսկող դատախազին բողոքարկելու, իսկ վերջինիս հրաժարումը վերադաս դատախազին բողոքարկելու անձի հնարավորությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն՝ «բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով»: Վերոնշյալ ձեւակերպումը հակասում է բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածում ամրագրված կարգավորումներին:

Ուստի, առաջարկում ենք շտկել վերոնշյալ անհամապատասխանությունը՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները։

Ե)  Նախաքննության ժամկետը երկարացնելը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական ինստիտուտի իրավական հիմքերը կատարելագործելու հրամայականից:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

Բացի այդ, նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:

Միաժամանակ, օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից եւ ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:

Քրեական դատավարության օրենսգիրքը, այսպիսով, չի նախատեսում որեւէ կարգավորում այն դեպքերի համար, երբ դատախազը հրաժարվում է երկարացնել նախաքննության ժամկետը:

Զ)  Քննչական ենթակայություն

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր հանցակազմերը, մասնավորապես, 332.5-րդ հոդվածով նախատեսվող նոտարի գործունեությանը միջամտելու հանցակազմը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայությունը` այսինքն ստորաբաժանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված բոլոր հանցակազմերը՝  ըստ քննչական ենթակայության: Սակայն, Օրենսգրքով չի կարգավորում Օրենսգրքի 54-րդ, 541-րդ գլուխներով նախատեսված միջազգային հարցումների կատարման կապակցությամբ քննչական ենթակայության հարցերը: Նշված օրենսդրական բացը լրացվում է Հանրապետության գլխավոր դատախազի 2011 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարականների, իրավական օգնություն ցույց տալու կամ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունների քննարկման եւ կատարման կարգի մասին» թիվ 53 հրամանով (այսուհետ՝ Հրաման), որի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատախազության միջազգային-իրավական կապերի բաժին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին պատշաճ ձեւով ձեւակերպված դատավարական գործողությունների կատարման մասին հարցումները, որոնք վերաբերում են քննիչի իրավասությանը (ներառյալ՝ փաստաթղթերի հանձնում եւ քրեական դատավարության մասնակիցների կանչում), Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քննչական ենթակայության կարգով կատարման պետք է ուղարկվեն նախնական քննության կենտրոնական մարմիններին:

Օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով, ուստի միջազգային հարցումների կատարման ենթակայությունը պետք է սահմանվի օրենքով։

Գործող պրակտիկայի համաձայն, օրինակ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ենթակա քրեական գործերով ստացված հարցումները կատարվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանման աշխատակիցները (օրինակ՝ քննչական կոմիտեին 27.03.2015թ. հասցեագրված ՌԴ ՆԳՆ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող թիվ 311553 քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումը Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված ենթակայության կանոններին համաձայն՝ դատախազության կողմից ուղարկել է ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ կատարումն ապահովելու հանձնարարությամբ):

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել տվյալ քրեական գործով դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից, իսկ նույն մասի 3-րդ կետի համաձայն՝  տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից ձեռք բերված ապացույցը կարող է համարվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից հավաքված ապացույց եւ ճանաչվել  անթույլատրելի:

Ուստի, առկա իրավական բացը լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 190-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում՝  մասնավորապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541-րդ գլուխներին համապատասխան ձեւակերպված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներն իրավասու մարմինների կատարմանն ուղարկելով սույն հոդվածով նախատեսված  քննչական ենթակայությանը համապատասխան:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է պարզապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացում կատարել, ինչը հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին միացնել նաեւ իրենց էությամբ նմանատիպ կամ մեկ վարույթի շրջանակներում առավել հեշտ բացահայտման ենթակա հանցակազմերի հատկանիշներով հարուցվծա քրեական գործերը՝ ելնելով վերջիններիս փաստական կազմի նմանությունից:

Ելնելով քրեադատավարական օրենսդրությամբ դատախազի կայացրած անհիմն կամ անօրինական որոշումները վերացնելու պատշաճ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ քրեական դատավարությունում զսպումների ու հակակշիռների ապահովման պահանջից՝ Նախագծում առաջարկվում է քննիչին իրավունք վերապահել գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ՝ չկասեցնելով դրանց կատարումը:

Իսկ քրեական դատավորության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետում առաջարկվող փոփոխությամբ դատախազի ցուցումների հետ համաձայն չլինելու դեպքում քննիչին հնարավորություն է տրվում անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու: Միաժամանակ, նման ցուցումների ցանկը հստակեցվում է եւ լրացվում նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու ցուցումով:

Սույն փոփոխությանը զուգահեռ, Նախագծով վերադաս դատախազի համար նախատեսվում է քննիչի գրավոր առարկությունների հիման վրա հսկող դատախազի որոշումների վերացման իրավական հնարավորություն: Ներկայացվող Նախագծի շրջանակներում առաջարկվում է նաեւ սահմանել առարկությունները լուծելու յոթօրյա ժամկետ: Իսկ եթե նշված ժամկետում վերադաս դատախազը քննիչի առարկությունների կապակցությամբ որեւէ որոշում չի կայացնում, ապա այդ առարկությունները համարվում են մերժված:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի  կիրառության հետ կապված պրակտիկայում անխուսափելիորեն առաջացող խնդիրների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծում առաջարկվում է նախատեսել քրեական գործ հարուցելու առիթի օրինականության եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետի երկարաձգման հնարավորություն ընդհանուր առմամբ մինչեւ 30 օր ժամկետով` հսկող դատախազի որոշմամբ: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն բացառիկ դեպքերին, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը, եւ եթե առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քր. դատ. օր.-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասում «շահագրգիռ անձը» բառերը փոխարինել «դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը» բառերով եւ, միաժամանակ, սահմանել, որ սույն անձանց կողմից կարող են վերականգնվել միայն իրենց կողմից բաց թողնված ժամկետները:

Վերոնշյալ հոդվածում նաեւ հստակություն է մտցվել՝ սահմանելով, որ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը՝ վերադաս դատախազին:

Նախագծով, միաժամանակ, լուծվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կարգավորումների մեջ առկա հակասությունը՝ հստակ նշելով, որ բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

Նախագծով առաջարկվում է նաեւ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա նախաքննության ժամկետի երկարացման հնարավորություն՝ հսկող դատախազի կողմից միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչեւ երկու ամիս ժամանակով: Նման կառուցակարգի նախատեսումը հնարավորություն է ընձեռում հսկող դատախազի կողմից նախաքննության ժամկետը երակարացնելու հարցում դրսեւորել հայեցողական եւ ճկուն մոտեցում: Ի տարբերություն գործող կարգավորման, երբ անկախ իրավիճակից եւ հանգամանքներից, նախաքննության ժամկետի երկարացումն անպայամնորեն  ենթադրում էր երկու ամսից ոչ պակաս ժամանակով երկարացում՝ առաջարկվող կարգավորման պայմաններում հսկող դատախազը, կախված քննիչի կողմից կատարվելիք քննչական կամ այլ դատավարական գործողությունների ծավալից, գործի բարդությունից եւ այլ հանգամանքներից, սեփական հայեցողությամբ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել, օրինակ, մեկից վաթսուն օր ժամանակով:

Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու դեպքում հսկող դատախազն իրավասու է ցուցում տալ քննիչին քրեական գործով վարույթը կասեցնելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունը որեւէ կերպ ավարտելու վերաբերյալ: Այդ դեպքում դատախազի կողմից սահմանված ժամկետի ընթացքում քննչական գործողությունների կատարումն արգելվում է, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի հիման վրա կատարվող քննչական գործողությունների:

Այսինքն՝ Նախագծով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժելու հնարավորություն նախատեսված չէ, քանի որ հակառակ պարագայում որոշակի «իրավական վակուում» է առաջանալու երկամսյա ժամկետի ավարտի եւ նախաքննությունը ավարտելու համար անհրաժեշտ որոշումների կայացման միջեւ: Սակայն միջնորդությունը մասնակի բավարարելու դեպքում պետք է արգելվի քննչական գործողությունների կատարումը, քանի որ նախաքննությունը շարունակվում է ոչ թե լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու, այլ գործում արդեն իսկ առկա ապացույցները գնահատելու, համադրելու եւ դրանցով համապատասխան որոշում կազմելու համար` գործը փակուղի չտանելու նպատակով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկվում է նաեւ քննիչի կողմից միջնորդության ներկայացման պարտականությունը սահմանել նախաքննության ավարտից չորս օր առաջ` հնարավորություն տալով դատախազին կայացնելու պատճառաբանված որոշում:

Այս առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1225 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի վերաբերյալ: Որոշման 8-րդ կետում, մասնավորապես, նշվել է. «(...) օրենսգրքի վերաբերելի նորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ. (...) նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու վերաբերյալ քննիչի որոշումը մերժելու իրավական հետեւանքներն օրենսգրքում հստակ կանոնակարգված չեն(...)»:

Նախագծով առաջարկվող կարգավորումները միտում ունեն լուծելու նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բարձրացված վերոնշյալ իրավական խնդիրը:

Նախագծի անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ներկայումս մի շարք միջազգային հարցումների կատարումը առկախված է, քանի որ օրենքով կարգավորված չէ, թե ՀՀ նախաքննության որ մարմնինն է լիազորված կատարելու այն։ Իսկ օրենսդրական բացի պայմաններում նախաքննության մարմնի կողմից որեւէ գործողության կատարումը կարող է հակասել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին։

Միեւնույն ժամանակ, Միջազգային իրավունքի տեսանկյունից, պետությունը չի կարող չկատարել իր պարտականությունները զուտ ներպետական իրավական բացերի պատճառաբանությամբ։

Նախագծին ուղղված է օրենքի վերը նշված բացը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2014 թվականին «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ երկու առանձին օրենքների նախնական տարբերակները պաշտոնապես շրջանառության մեջ դնելու համար ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 2015 թվականի մարտի 23-ին շրջանառել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միասնական նախագիծը:

 Շահագրգիռ մարմինների (այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի) կարծիքների եւ առաջարկությունների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից Նախագծի վերախմբագրման արդյունքում կատարվել են մի շարք սկզբունքային եւ առանցքային փոփոխություններ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում առաջարկվող լրամցման մասով (11-րդ մաս) Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում նախ կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետեւաբար նաեւ՝ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ:

Դատախազի որոշումները բողոքարկելու դատավարական կառուցակարգ նախատեսելու վերաբերյալ Նախագծում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի եւ քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ ապահովել դատավարության այս  սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածում առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հսկող դատախազին քննիչի կամ հետաքննության մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման եւ լուծման ժամկետն այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը:

Բացի այդ, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում  ակնկալվում է նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական  կառուցակարգի շրջանակներում կարգավորել դատավարական ժամկետների պահպանման հետ կապված գործնականում առկա խնդիրները: