Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11071-28.10.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3 թիվ ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

22) տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին.

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր 11 կետով հետեւյալ բովանդակությամբ։

11. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում իրավաբանական անձի նախնական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, եթե առկա չեն 36-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը, պետական գրանցումն իրականացնող մարմինը եռօրյա, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա, ժամկետում իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցում, տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը, ինչպես նաեւ տրամադրում է նախնական գրանցման վերաբերյալ քաղվածք: Ռեդոմիցիլացման նախնական գրանցման հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է շարունականության նախնական փաստաթուղթ։ Օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման պետական գրանցում Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման պահը նշելով.

ա. իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը, կամ

բ. իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահը, եթե իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից ներկայացված է ստորագրված հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցումից սկսած մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը գործարքներ չկնքելու վերաբերյալ։

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 8.1 գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

ԳԼՈՒԽ 8.1. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՈՒՄԸ

Հոդված 36.1. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար կառավարության լիազորված անձին օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է՝

ա. նախնական գրանցման դիմում, որը պետք է ներառի.

1. իրավաբանական անձի առկա անվանումը եւ նշում նախընտրելի ֆիրմային անվանման վերաբերյալ (նոր անվանման նշումը համարվում է անվանման հայտի ներկայացում),

2. հիմնական գործունեության տեսակը ըստ գրանցումն իրականացնող մարմնի ներկայացրած դասակարգման,

3. այն պետությունը կամ իրավակարգը, որի իրավասության ներքո օտարերկրյա իրավաբանական անձը գրանցված է,

4. այն կազմակերպաիրավական ձեւը, որը ռեդոմիցիլացման արդյունքում համապատասխանում է իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձեւին իր նախկին գրանցման պետությունում կամ իրավակարգում.

բ. իրավաբանական անձի օրենքով սահմանված իրավասու մարմնի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշումը կամ արձանագրությունը կամ դրա քաղվածքը, որը, ի լրումն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ հետեւյալի մասին.

1. Դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ.

2. Դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւի ընտրության վերաբերյալ.

3. Դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվանման վերաբերյալ.

4. Դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ։

գ. քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց համապատասխան քաղվածքները.

դ. տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները, ինչպես նաեւ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

զ. ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ընդունված կանոնադրությունը առնվազն երկու օրինակից.

է. եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն մասնակից իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը.

ը. եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է նաեւ քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ մասնակից օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները), եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը (սույն կետը չի տարածվում այն ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելուց հետո ունենալու են այնպիսի կազմակերպական-իրավական ձեւ, որի մասնակիցների կամ հիմնադիրների ցուցակը չի վարվում գրանցում իրականացնող մարմնի կողմից).

թ. մինչեւ ռեդոմիցիլացումը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի գործող կանոնադրության օրինակը.

2. Հայաստանի Հանրապետություն ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման գրանցման նպատակով վերընշված տվյալները, տեղեկությունները, պատշաճ վավերացված եւ հայերեն թարգմանված փաստաթղթերը գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցումն իրականացնող մարմինը իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում եւ տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:

Նախնական գրանցման դիմումի հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինը իրավաբանական անձին տրամադրում է շարունականության նախնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։

3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման համար օտարերկրյա իրավաբանական անձը դիմումին կից ներկայացնում է.

ա. օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկություները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթ.

բ. ըստ անհրաժեշտության` օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը նախնական գրանցման պահից գրանցելու համար ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի լիազոր մարմնի հայտարարությունն առ այն, որ իրավաբանական անձը ռեդոմիցիլացման նախնական գրանցման վերաբերյալ փաստաթուղթը ստանալուց հետո չի իրականացրել եւ չի իրականացնի որեւէ գործարք մինչեւ օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցումը։

4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցամատյանում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում եւ տրամադրվում է շարունականության փաստաթուղթ:

Հոդված 36.2 Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացումը.

1. Հայաստանի Հանրապետության ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը մինչեւ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացումը կառավարության լիազոր անձին ներկայացնում է՝

ա. դիմում ռեդոմիցիլացման մտադրության մասին,

բ. ռեդոմիցիլացման վերաբերյալ իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը՝ որը պետք է դրույթներ պարունակի այն օտարերկրյա պետության մասին, որտեղ իրավաբանական անձը պատրաստվում է ռեդոմիցիլացվել, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման կապակցությամբ իրավաբանական անձի պարտատերերին ծանուցելու ժամկետի վերաբերյալ, եթե այդ ժամկետը գերազանցում է երեք ամիսը.

գ. օրենքով սահմանված կարգով պարտատերերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) ծանուցումն իրականացնելու վերաբերյալ ապացույցները.

դ. պետական տուրքի վճարման ապացույցը.

ե. օտարերկրյա օրենսդրության համապատասխան տվյալ երկրում ռեդոմիցիլացման հնարավորության վերաբերյալ փաստաթուղթ։

2. Հայաստանի Հանրապետության ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը ռեդոմիցիլացման գրանցման նպատակով գրանցում իրականացնող մարմին ներկայացնում է.

ա. դիմում՝ ռեդոմիցիլացման մասին, որը պետք է ներառի.

1. իրավաբանական անձի անվանումը եւ գրանցման համարը.

2. տեղեկություններ այն պետության մասին, որտեղ ռեդոմիցիլացվում է իրավաբանական անձը.

3. տեղեկություններ ռեդոմիցիլացման արդյունքում ձեռք բերվող կազմակերպական-իրավական ձեւի եւ իրավաբանական անձի անվանման մասին.

4. ռեդոմիցիլացված կազմակերպության օտարերկրյա պետությունում գործունեության կամ գրանցման հասցեն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստը եւ հեռախոսահամարը՝ առկայության դեպքում.

5. օտարերկրյա պետության գրանցումն իրականացնող մարմնի անվանումը, հասցեն.

բ. պատշաճ վավերացրած եւ հայերեն թարգմանված պաշտոնական փաստաթուղթ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնից տվյալ երկրում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հնարավորության մասին.

գ. քաղվածք օտարերկրյա պետության առեւտրային գրանցամատյանից, կամ շարունականության փաստաթուղթ, կամ օտարերկրյա պետությունում իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ.

դ. պարտավորությունները վաղաժամկետ կատարելու պահանջ ներկայացրած պարտատերերից տեղեկանք, պայմանագիր կամ այլ փաստաթուղթ պարտավորությունները ամբողջությամբ կատարած լինելու վերաբերյալ կամ համապատասխան դատական ակտ.

ե. տեղեկանք Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից սնանկության վարույթում չգտնվելու եւ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ։

զ. տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ։

է. տեղեկանք ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, որ կազմակերպությունը չի հանդիսանում մենաշնորհ կամ գերիշխող ունեցող կազմակերպություն կամ առկա չի տվյալ իրավաբանական անձի մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունենալու վերաբերյալ վարչական վարույթ.

ը. տեղեկանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այն մասին, որ կազմակերպությունը չի հանդիսանում կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն կամ առկա չէ այդ հարցի վերաբերյալ հարուցված եւ չավարտված վարչական վարույթ։

թ. օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ե»-ից «թ» կետերով նշված փաստաթղթերը դիմող իրավաբանական անձի կողմից չներկայացվելու դեպքում գրանցում իրականացնող մարմինը դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում նշված փաստաթղթերով հավաստվող հանգամանքների վերաբերյալ հարցում է իրականացնում համապատասխան մարմիններին։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Նշված մարմինների կողմից համապատասխան հարցումների վերաբերյալ պատասխան է տրվում տասնօրյա ժամկետում։ Սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ մարմնի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ համապատասխան պարտավորությունների բացակայության հավաստում։

Հոդված 36.3. Հայաստանում ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկանք.

1. Գրանցումն իրականացնող մարմինը պարտավոր է անձի դիմումի հիման վրա տրամադրել ՀՀ Կառավարության լիազոր մարմնի հաստատված նմուշային ձեւի տեղեկանք իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորության վերաբերյալ։

2. Նշված տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց մեկ օրվա ընթացքում։

Հոդված 36.4. Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացման գրանցումը

1. Հայասանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո, եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը, գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրանցում, իսկ օտարերկրյա պետությունում տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ ապացույցի ներկայացման դեպքում եռօրյա (իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում։ Ռեդոմիցիլացման վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններն են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, Հարկ վճարողի հաշվառման համարը, ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, գտնվելու վայրը, ռեդոմիցիլացման երկիրը, կոնտակտային տվյալները։

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «6»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

6) դիմել է ռեդոմիցիլացվման նպատակով այն պետության իրավաբանական անձ, որը նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետությունների ցանկում, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հոդված 5. Օրենքի 66-րդ հոդվածի 1.-ն մասում «ձեւավորման կամ փոփոխության դեպքում առեւտրային կազմակերպության» արտահայտությունից հետո լրացնել «այդ թվում Հայաստանի Հանրապետություն ռեդոմիցիլացված» արտահայտությամբ։

Հոդված 6. Օրենքը ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկա ռեդոմիցիլացման ինստիտուտ։

Ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։

Ի տարբերություն այլ երկրում նոր իրավաբանական անձ ստեղծելու, ակտիվները եւ պասիվները փոխանցելու եւ լուծարվելու տարբերակի, որը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, ռեդոմիցիլացումը հեշտացված գործընթաց է եւ չի պահանջում իրավաբանական անձի լուծարում։

Ներկայումս բազմաթիվ երկրներում հաջողությամբ աշխատում է նշված ինստիտուտը եւ հնարավորություն է ընձեռում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դառնալ բիզնեսի համար բարենպաստ կենտրոններ։

Մի շարք երկրների (որոնց թվում, Իռլանդիան, Մալտան եւ Կիպրոսը) դիտարկումը ցույց է տալիս, որ ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը դրական է անդրադառնում երկրի տնտեսության եւ կորպորատիվ ոլորտի զարգացման վրա։ Նույն ուսումնասիրությունը նաեւ հավաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը նույնպես հնարավոր է։

Նշված ինստիտուտը ներդնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները եւ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները՝ ռեդոմիցիլացման հայկական ինստիտուտի հայեցակարգի հիմքում սույն նախագծում դրվել է իրավաբանական անձի` որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպաիրավական ձեւ ունեցող իրավաբանական անձ գրանցվելու, իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ Հայաստանի Հանրապետություն ակտիվների եւ պասիվների ամբողջ ծավալով տեղափոխվելու մոտեցումը։

Միեւնույն ժամանակ ինստիտուտը կարգավորվել է այնպես, որ պարտատերերի եւ պետության համար ապահովվեն լրացուցիչ երաշխիքներ ռեդոմիցիլացվող իրավաբանական անձից իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները պատշաճ կատարելու, սնանկությունից չխուսափելու համար։

Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման համար նախատեսվել է ռեդոմիցիլացման գրանցման ընթացակարգ՝ վերահսկողություն սահմանելու եւ պարտատերերի ու Հայաստանի Հանրապետության իրավունքների իրացման ապահովման նպատակով։

Ինստիտուտի ներդրումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց եւ նրանց կապիտալի ներհոսք, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության եւ կազմակերպաիրավական ոլորտի վերընթաց զարգացում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փափեթն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փափեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ՀՀ-ում ներդնել ռեդոմիցիլիացիայի հայկական ինստիտուտը, որի հիմքում ընկած է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլիացիայի եւ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլիացիայի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ՀՀ-ում օրենսդրորեն ամրագրել ռեդոմիցիլիացիայի ինստիտուտը, որն իրավաբանական անձանց թույլ կտա առանց լուծարման եւ նոր ընկերություն հիմնելու` վերագրանցվել ռեդոմիցիլիացիայի իրավունք ընձեռող երկրների տարածքում:

Արդյունքում` ՀՀ տնտեսությունը կարող է շահել ի հաշիվ այն ընկերությունների ռեդոմիցիլիացիայի, որոնք կգերադասեն ՀՀ գործարար միջավայրն իրենց ներկայիս գործունեության վայրից եւ կռեդոմիցիլացվեն Հայաստանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ա ռանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել ռեդոմիցիլիացիայի ինստիտուտը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: