Armenian ARMSCII Armenian
Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ) են համարվում՝

ա. արժեթղթերի, արտարժույթի, տոկոսադրույքի, ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական ինդեքսների կամ ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով կամ դրամական միջոցներով,

բ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի դրամական միջոցներով կամ կարող է իրականացվել դրամով՝ կողմերից մեկի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ այլ հիմքերով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքերի),

գ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, պայմանով, որ այդ պայմանագրերը շրջանառվում են կարգավորվող շուկայում,

դ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, եւ որոնք նախատեսված չեն սույն կետի «գ» ենթակետով, ինչպես նաեւ չեն կնքվել առեւտրային նպատակներով, որոնց հատուկ են այլ ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրիչ հատկանիշները, այդ թվում՝ դրանցով փոխադարձ պարտավորությունների քլիրինգի եւ վերջնահաշվարկի իրականացումը հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերի ենթակա լինելը պարբերական լրացուցիչ ապահովման պահանջին,

ե. վարկային ռիսկի փոխանցման հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքները,

զ. տարբերության վրա հիմնված ֆինանսական պայմանագրերը,

է. կլիմայի փոփոխությունների, ֆրախտի վճարների, արտանետումների թույլատրելի չափերի, գնաճի դրույքների կամ այլ պաշտոնական տնտեսական վիճակագրական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի կամ կողմերի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ պայմանագրի այլ հիմքերով վաղաժամկետ լուծման դեպքերի) կարող է իրականացվել դրամով, ինչպես նաեւ սույն կետով չնախատեսված ակտիվների, իրավունքների, պարտավորությունների, ցուցանիշների կամ չափերի հետ կապված այլ ածանցյալ պայմանագրերը, որոնք ունեն ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առեւտրին, դրանցով պարտավորությունների փոխադարձ քլիրինգը եւ վերջնահաշվարկն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերը ենթակա են պարբերական լրացուցիչ ապահովման պահանջի.».

3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք է համարվում այն ածանցյալ ֆինանսական գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առեւտրին.».

4) 31-րդ կետը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքների»  բառերով, իսկ «արժեթղթերով» բառից հետո՝ «, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

«Հոդված 3.1. Ածանցյալ ֆինանսական գործիքների եւ ֆինանսական գործարքների կարգավորման առանձնահատկությունները

1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերով, ապա սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթները տարածվում են ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա, ինչպես նաեւ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում կամ օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու ածանցյալ ֆինանսական գործիքները եւ դրանց շուկաները, եթե նշված կարգավորումների բացակայությունը կարող է հանգեցնել ֆինանսական կայունության խաթարմանը կամ ներդրողների շահերի ոտնահարմանը կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ռիսկայնության աճի կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունության խաթարմանը:

3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների տիպային պայմանագրեր: Սույն կետով նախատեսված  տիպային պայմանագրեր կնքելիս  կամ դրանց գործողության ընթացքում կողմերը կարող են տվյալ պայմանագրերի պայմանների նկատմամբ  կիրառել  այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային պայմանագրերի նկատմամբ: Սույն կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետեւանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

4. Կենտրոնական բանկը ստեղծում է ածանցյալ  ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյան (առեւտրի գրանցամատյան): Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, մշակման, պահպանման, տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Հարկային մարմնին առեւտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները եւ ծավալները սահմանվում են Կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ իրավական ակտով:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7) այն անձանց վրա, որոնք արժեթղթերով գործարքներ են կատարում իրենց հաշվին կամ հաճախորդներին մատուցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «է» ենթակետով նախատեսված ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ներդրումային ծառայություններ, պայմանով, որ նույն խմբին պատկանող ընկերությունների համար այդպիսի գործարքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն, այդ անձի հիմնական գործունեությունը, սույն օրենքի իմաստով, ներդրումային ծառայությունների մատուցումը չէ, կամ այդ անձը չի հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձ.

8) այն անձանց վրա, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով եւ այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով կամ միայն այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, բացառությամբ այն անձանց, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով եւ (կամ) այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, եւ որոնք, սույն օրենքի իմաստով, հանդիսանում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց խմբի անդամ, կամ այդ անձը հանդիսանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն բաժնով սահմանված դրույթները տարածվում են նաեւ այն դեպքերի վրա, երբ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք մատուցում են ածանցյալ ֆինանսական գործիքներով ծառայություններ:»:

Հոդված 5. Օրենքի 119-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 11-14-րդ գլուխների՝ արժեթղթերին եւ ածանցյալ ֆինանսական գործիքներին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա: Նշված արժեթղթերը եւ ածանցյալ ֆինանսական գործիքները թույլատրվում են շուկայում առեւտրին եւ վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:

6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների` շուկայում առեւտրին թույլտվության, դրանց առեւտրի եւ դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի եւ վերջնահաշվարկի հատուկ պայմաններ եւ կարգ:»:

Հոդված 6. Օրենքի 159-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ՝

1) սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արժեթղթերի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.

2) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնք հաշվի են առնվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս.

3) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնցով գործարքները կարող են էական ազդեցություն ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթղթերի գնի վրա.

4) արտարժույթի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:»:

Հոդված 7. Օրենքի «ածանցյալ գործիք» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիք» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: